ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 14:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հունվար » 15 » Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ
09:24
Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ժողովրդին վերադարձված իշխանությունը պետք է ամրապնդվի ինստիտուցիոնալ երաշխիքներով

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9—ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հիմք ընդունելով Սահմանադրության 149—րդ հոդվածի 1—ին մասը, հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին։
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Պարո՛ն վարչապետ, կրկին առիթ ունեմ Ձեզ շնորհավորելու որպես շարժման եւ կուսակցության ղեկավարի՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի համար։
Ուզում եմ շնորհավորել նաեւ 7—րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով։
Մեր խորհրդարանը շատ մեծ անելիքներ ունի եւ, այս փուլում այդ անելիքները շատ հստակ են։ Խորհրդարանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի «թավշյա հեղափոխության» գաղափարները, հույսերը, սպասելիքներն այսօր, վաղը, մյուս օրը իրականություն դառնան։
Ստացել եմ առաջարկությունը Ազգային ժողովից եւ դրա հիման վրա ուրախությամբ կստորագրեմ Ձեզ հանրապետության վարչապետ նշանակելու հրամանագիրը։
Շնորհավորում եմ, պարո՛ն վարչապետ։ Լավագույն մաղթանքները, հաջողություն՝ ի փառս մեր հայրենիքի եւ ողջ հայ ժողովրդի»։
Շնորհակալություն հայտնելով հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հարգելի՛ պարոն նախագահ, Դուք հստակ ձեւակերպեցիք այն շրջանակը, որում մենք գործում ենք եւ պիտի գործենք։ Ես ուզում եմ ընդգծել, որ հիմնական քաղաքական փոփոխությունը, որ Հայաստանի Հանրապետությունում ակնկալվում էր, արդեն իսկ տեղի է ունեցել՝ իշխանությունը լիարժեք վերադարձված է ժողովրդին, եւ Հայաստանում հաստատված է ժողովրդավարություն։ Այլ խնդիր է, որ այդ ժողովրդավարությունը պետք է ինստիտուցիոնալ երաշխիքներով ամրապնդվի, որպեսզի ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը երաշխավորվեն ոչ թե քաղաքական իրավիճակով, ոչ թե անձերով պայմանավորված, այլ ժողովրդավարական, պետական, քաղաքական ինստիտուտների կայացմամբ։
Տնտեսական կյանքում նույնպես կարեւոր փոփոխություններ են տեղի ունեցել։ Ըստ էության, Հայաստանում մենաշնորհային տնտեսական համակարգն այլեւս գոյություն չունի առնվազն քաղաքական կամքի եւ իրողությունների մակարդակով, բայց այդտեղ էլ մենք ինստիտուցիոնալ երաշխիքների կարիք ունենք։ Եվ ես շատ կարեւոր եմ համարում արձանագրելը, որ այն փոփոխությունները, որոնք մենք ակնկալում ենք, չեն կարող տեղի ունենալ առանց քաղաքացիների այնպիսի մասնակցության, ինչպիսի մասնակցությամբ ապահովվել են մինչեւ այժմ եղած քաղաքական փոփոխությունները։ Ինչպես Հայաստանում քաղաքական, ոչ բռնի թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիների եւ սփյուռքի միլիոնավոր մեր հայրենակիցների մասնակցությամբ, եւ նրանք իրենց բաժին պատասխանատվությունն ստանձնեցին, տնտեսական հեղափոխությունը նույնպիսի բանաձեւով եմ պատկերացնում՝ իհարկե, պայմանով, որ կառավարությունը պետք է ստանձնի ժողովրդի առաջ իր ունեցած բոլոր պարտավորությունները եւ այդ պարտավորությունները կատարի։ Այստեղ շատ կարեւորում եմ մեր պետական ինստիտուտների համագործակցությունը։ Ըստ էության, մենք գործ ունենք նոր իրավիճակի հետ, եւ շատ կարեւորում եմ նախագահի, վարչապետի, կառավարության, Ազգային ժողովի համագործակցությունը։ Պետք է արձանագրել, որ անցած 8 ամիսների ընթացքում որոշակի պրակտիկա կուտակել ենք, բայց, այնուամենայնիվ, սա նոր իրավիճակ է, նոր ինստիտուցիոնալ հարաբերություններ են, եւ մենք պետք է կարողանանք այստեղ նույնպես այնպիսի ավանդույթներ ստեղծել, որոնք կերաշխավորեն իշխանությունների հստակ տարանջատումը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ, իհարկե, փոխզսպումների եւ հակակշիռների համակարգ։
Ես ուզում եմ ասել, որ մենք՝ ես ինքս, մեր քաղաքական ուժը նվիրված են այդ տեսլականին եւ այդ գաղափարին։ Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը մեզ համար կարգախոսներ չեն, այլ արժեքների համակարգ, որոնցով մենք առաջնորդվում ենք։ Այդ ամենը պետք է անել այնպես, որ պետության կառավարելիութան մակարդակը չնվազի, մյուս կողմից՝ ավելանա կառավարման արդյունավետության, հաշվետվողականության, թափանցիկության մակարդակը։ Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ իշխանություն ձեւավորելու իրենց իրավունքն այլեւս երբեք ոչ ոք իրենց ձեռքից ոչ միայն չի առնի, այլեւ նույնիսկ փորձ չի անի, նույնիսկ եթե այդպիսի փորձ անի, միանշանակ կձախողվի։
Շնորհակալ եմ Ձեր բարի մաղթանքների համար։ Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի մեծամասնությանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար։ Համոզված եմ՝ մենք միասին, բոլորով նվիրված ենք մեր երկրի, ժողովրդի ազատ եւ երջանիկ ապագայի կառուցմանը։
Շնորհակալ եմ»։
«Շնորհակալ եմ, պարո՛ն վարչապետ,–ասել է Արմեն Սարգսյանը։–Ես էլ ուզում եմ կրկին ասել, որ նախ եւ առաջ ուրախ եմ լսելու այս խոսքերը։ Վստահ եմ, որ այս խոսքերը զուտ խոսքեր չեն, այլ խոսքեր են, որոնց Դուք ոչ միայն հավատում եք, այլեւ նվիրված եք։ Այսինքն, ինչ—որ իմաստով սա առաքելություն է Ձեր կողմից։ Այս խոսքերն ինձ ուրախացնում են, քանի որ ի վերջո մենք բոլորս այստեղ ենք մի նպատակով՝ որպեսզի այս երկիրը դարձնենք աշխարհի լավագույն երկրներից մեկը, որպեսզի մեր քաղաքացիներն իսկապես հպարտ լինեն։
Եվ ոչ միայն հպարտ լինեն զուտ զգացական իմաստով, այլեւ հպարտ լինեն ըստ էության։ Այսինքն՝ հպարտ լինեն, որովհետեւ ապրելու են այն երկրում, որտեղ օրենքն ու օրինականությունը գերակայում են, որտեղ երկիրը կառավարվում է օրենքներով եւ սահմանադրությամբ, ոչ թե ինչ—որ մեկի քմահաճությամբ։ Երկիր, որտեղ իրենց բոլոր իրավունքները ոչ միայն հարգված են, այլեւ պաշտպանված։ Մեր բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն ապրելու բարգավաճ երկրում, որտեղ նրանցից յուրաքանչյուրը, վստահ լինելով իր այսօրվա համար, վստահ է լինելու իրենց երեխաների ու թոռների ապագայի համար։
Ես ի սրտե Ձեզ հաջողություն եմ մաղթում, հաջողություն եմ մաղթում կառավարությանը, ինչպես նաեւ Ազգային ժողովին, որովհետեւ նրանք շատ մեծ անելիք ունեն։
Երբ ժամանակին խոսում էինք չորրորդ հանրապետության մասին, այն ինչ—որ իմաստով սիմվոլիկ բառախաղ էր թվում։ Բայց ըստ էության նաեւ իմաստ ունի այն, որ ոչ միայն քաղաքական նոր իրավիճակ է, այլեւ կառուցվածքային իմաստով։ Եվ ինչպես Դուք նշեցիք, շատ հստակ նորից պետք է ձեւակերպվեն իշխանության տարբեր մարմինների պարտականությունները, նրանց իրավունքները։
Շատ էական է, որ իշխանության բոլոր ճյուղերը՝ սկսած նախագահականից, կառավարությունը, Ազգային ժողովը եւ, ինչու ոչ, նաեւ չորրորդ իշխանությունը, կարողանան համագործակցել, ներդաշնակ լինել մի նպատակի համար, որը մեր երկիրն է։
Այնպես որ, կրկին շնորհավորում եմ Ձեզ, հաջողություն մաղթում։ Ձեր հաջողությունը մեր երկրի հաջողությունն է, մեր ժողովրդի, մեր բոլորի, նաեւ իմ հաջողությունն է»։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 293 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024