Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն ասել է. «Հույս ունեմ՝ լավ տրամադրություն ունեք եւ գոհ եք, որ Ազգային ժողովը մեր կառավարությանը վստահության քվե է տվել։ Երեկ Ազգային ժողովում հաստատվեց կառավարության ծրագիրը, եւ ինչպես պայմանավորվել ենք, հիմա մենք պետք է միջոցառումների ցանկ հաստատենք, որը բխում է կառավարության ծրագրից։ Եվ եկեք պայամանավորվենք, որ մեկշաբաթյա ժամկետում յուրաքանչյուր նախարարություն ներկայացնում է, եւ կառավարության նիստին հաջորդ փորձենք այդ միջոցառումների ծրագիրը հաստատել։ Հաջորդ, որպեսզի արդեն անցնենք միջոցառումների ի կատար ածմանը»։
Այնուհետեւ վարչապետ Փաշինյանը դիմել է ՀՀ էներգետիկ ռեսուրսների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին. «Մենք խոսել էինք էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված իրավիճակի ուսումնասիրության անհրաժեշտության մասին։ Կարո՞ղ եք ասել, թե ինչ արդյունքներ ունենք»։
Նախարար Գրիգորյանը նշել է. «Ձեր հանձնարարականի համաձայն՝ նախաձեռնել ենք բոլոր հնարավոր միջոցները եւ քննարկում ենք իրականացրել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Այս պահին էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված ունենք մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել։ Դրանք հիմնականում պայմանավորված են ատոմակայանի նախադեպը չունեցող այս տարվա ընթացքում նորոգման եւ աշխատանքի երկարաձգման հետ։ Պատմության մեջ ընդհանրապես չի եղել, որ ատոմակայանը այս կարգով կանգնի, եւ կատարվեն երկարաձգման աշխատանքներ։ Կան նաեւ գազի գնի հետ կապված ռիսկեր։ Մենք մինչեւ այս տարվա վերջը Ռուսաստանի հետ ունենք սահմանի վրա 150 դոլար գնով գազի ներմուծման պայմանավորվածություն, որը տարվա վերջին պետք է վերանայենք։ Ունենք ռիսկ դոլար–դրամ հարաբերության հետ կապված։ Հաշվի առնելով այս բոլոր ռիսկերը, գտնում ենք, որ մենք կարող ենք սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել անապահով ընտանիքների մասով, որոնց թվաքանակը 110–120 հազար է։ Սա նախնական թիվն է։ Մենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կճշտենք վերջնական թիվը։ Եվ մեր հաշվարկների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ ունենք հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչ ժամկետում դա կարելի է իրականացնել։ Ի պատասխան՝ Արթուր Գրիգորյանն ասել է. «Մենք ունենք երկու տարբերակ. առաջին, որ իրականացնենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ միասին, եւ երկրորդ, որ մեր բանակցությունները Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ՝ ի դեմս սեփականատեր «Տաշիր» ընկերության, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի իրենք իրենց շահույթի հաշվին սակագները ուղղակի նվազեցնեն 10 դրամով։ Այստեղ ունենք նաեւ մեկ այլ առավելություն. եթե մենք «Տաշիր» ընկերության հետ կազմակերպենք սակագնի վերանայումը, մեզ մոտ նաեւ չեն նվազի հարկերը։ Սակագինը մնում է նույնը, սակայն նրանք պակաս են գանձում գումարը, եւ արդյունքում մենք նաեւ հավելյալ կանխատեսվող գումարը, որը պետք է մուտաքգրվեր բյուջե, մուտքագրում ենք»։
Նիկոլ Փաշինյանը հավելել է. «Առնվազն Ձեր ասածն ընդունում ենք ի գիտություն, բայց անընդհատ Դուք այնքան ռիկսերի մասին խոսեցիք, տպավորություն էր, թե այլ կարգի ռիսկերի մասին ոչ մի բան չասացիք։ Չասացիք, թե այդ ոլորտում կոռուպցիոն ռիսկեր ունե՞նք, թե՞ չունենք, չարաշահումների ոչ արդյունավետ կառավարման ռիսկեր ունե՞նք, թե՞ չունենք։ Ես առաջարկում եմ, որ Դուք շարունակեք ուսումնասիրությունը եւ առաջիկայում կգաք զեկույցի՝ ավելի մանրամասն այդ թեմայով քննարկում ունենալու, եւ այդ քննարկումը պետք է շարունակվի, որպեսզի մենք համոզվենք, որ այդտեղ ամեն ինչ ճիշտ է եւ արդյունավետ։
Պայմանավորվում ենք, որ առնվազն սոցիալապես անապահով ընտանիքների համար սակագինը իջնելու է, մյուսների հետ կապված մենք քննարկումը շարունակում ենք, եւ եզրակացությունները պետք է լինեն շատ համոզիչ եւ շատ թափանցիկ։ Եվ փորձում ենք հասկանալ, թե այդտեղ մենք ինչ հնարավորություններ ունենք։ Պայմանավորվեցի՞նք»։
Այնուհետեւ հաստատվել է նիստի օրակարգը, եւ կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը։
ՀՀ կառավարությունն իր որոշմամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկել է 2018թ. հունիսի 19–ին ժամը 11։00–ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ Ներկայացվել է նստաշրջանի օրակարգը եւ քննարկման հաջորդականությունը։
Հաստատվել է կառավարության աշխատակարգը
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ 2018 թ. մարտի 23–ի օրենքը, գործադիրն հաստատել է ՀՀ կառավարության աշխատակարգը, որով սահմանվել են կառավարության գործառույթների եւ լիազորությունների իրականացման ընթացակարգերը։ Դրանց համաձայն մշակվում է կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը։ Նախատեսված է, որ նախարարները, կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները նախորդ տարվա միջոցառումների ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվություն են ներկայացնում վարչապետի աշխատակազմ։
Կառավարության քննարկմանն են ներկայացվում Սահմանադրությամբ եւ օրենքներով նրա իրավասությանը վերապահված հարցեր։ Նախատեսվել է, որ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են հանրային քննարկման։ Որոշմամբ սահմանված են փոխվարչապետին վերապահված լիազորությունների իրականացման ընթացակարգը, նախարարների կոմիտեների գործունեության կարգը եւ այլն։
Օրենսդրական նախաձեռնություններ
«Գործարարությամբ զբաղվելը 2018» ծրագրի վարկանիշային աղյուսակի «Ընկերությունների գրանցումը» ցուցիչով ՀՀ զբաղեցրած դիրքի համար հիմք է հանդիսացել նաեւ ՀՀ օրենսդրության մեջ իրավաբանական անձանց կնիք ունենալու եւ կնիքի կիրառման պահանջ սահմանող դրույթների առկայությունը։
Խնդրահարույց այդ դրույթները կան ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում, ՀՀ հարկային օրենսգրքում, ինչպես նաեւ «Փողերի լվացման եւ ահաբեկության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում։ ՀՀ կառավարությունն իր նիստում հավանություն է տվել նշված օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծին՝ դրանով իսկ բացառելով իրավաբանական անձի կողմից կնիքի կիրառման անհրաժեշտությունը։
ՀՀ կառավարությունը քննության է առել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին», «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» եւ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագծերը։
Դրանցից առաջինով՝ ՀՀ Սահմանադրության փոփոխություններին համահունչ, պարտադիր զինծառայության զորակոչի ժամանակ տարկետում կամ ազատում տալու գործընթացում վերանայման կարիք ունի քաղաքացու վերաբերյալ որոշումների կայացման գործընթացը։ Հանձնաժողովի կողմից որոշման ընդունումն առաջարկվում է փոխարինել եզրակացության կայացմամբ, իսկ որոշման ընդունման լիազորությունը վերապահել պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարին։ Նույն դրույթը կիրառվելու է նաեւ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում։
«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի փոփոխությամբ, մասնավորապես, նախատեսվում է այլընտրանքային ծառայության ուղարկելու դիմումի վերաբերյալ բացասական եզրակացության հիման վրա քաղաքացու դիմումի մերժման իրավասությունը վերապահել ՀՀ արդարադատության նախարարին։
Վերը նշված օրենքի նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Կկանխվի իրավական ակտի տարաբնույթ մեկնաբանությունը
2008թ. ընդունած իր որոշումներից մեկի առաջին կետով գործադիրը սահմանել էր ՀՀ պետական մարմինների, պետական հիմնարկների, ՊՈԱԿ–ների ծառայողական ավտոմեքենաների չափորոշիչները, իսկ երկրորդ կետով՝ որ ՀՀ պետբյուջեի միջոցներով ձեռք բերվող ծառայողական ավտոմեքենաներն իրենց հատկանիշներով չպետք է գերազանցեն առաջին կետով սահմանված չափորոշիչները։ Նշված հանգամանքն առաջացնում էր իրավական նորմերի տարաբնույթ մեկնաբանության եւ կիրառման հնարավորություն։ Դա կանխելու նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել որոշման մեջ։
ՀՀ Ազգային ժողովի 2017թ. դեկտեմբերի 21–ին ընդունած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով վերանայվել է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց վճարած եկամտային հարկի գումարների վերադարձման համակարգը, մասնավորապես՝ սահմանվել էին համակարգից օգտվելու սահմանափակումներ։ Օրենքով սահմանվել է, որ համակարգից կարող են օգտվել նաեւ ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձինք։ Ընդունված որոշմամբ կառավարությունը իր նախկին որոշումը համապատասխանեցրել է վերը նշված օրենքին։
Գործադիրն իր նիստում սահմանել է ավելացված արժեքի հարկով հարկման նպատակով տարան որպես շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարա որակելու չափանիշները, քանի որ ըստ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի՝ կառավարության սահմանած չափը բավարարող տարայի օտարումն ազատվում է ԱԱՀ–ից։
Ընդերքօգտագործմանը վերաբերող տեղեկությունը հասանելի կլինի հանրությանը
ՀՀ կառավարությունը սահմանել է ընդերքօգտագործման հետ կապված գործունեությանը վերաբերող հրապարակային հաշվետվությունների լրացման, դրանք կազմելու եւ լիազոր մարմին ու ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու, ինչպես նաեւ լիազոր մարմնի կողմից իր պաշտոնական կայքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ տեղեկության հրապարակման կարգը։ Որոշման ընդունմամբ նշված ոլորտի հետ կապված գործունեության վերաբերյալ տեղեկությունը հանրության համար կդառնա առավել բաց եւ հասանելի։
ՀՀ ժողովրդագրական պետական քաղաքականության հաջող իրականացումը պահանջում է նոր, թիրախավորված միջոցառումներ, որոնք կարող են որակական փոփոխություն մտցնել երիտասարդ եւ բազմազավակ ընտանիքների եկամտի, կենսապայմանների եւ սոցիալական այլ խնդիրների լուծման բնագավառում։ Դրանցից մեկը մինչեւ երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքի սահմանումն էր։ Կառավարությունն իր այսօրվա նիստում այդ աջակցության տրամադրման նպատակով իր նախկին որոշումներից մեկը լրացրել է՝ սահմանելով աջակցության իրականացման կարգը։ Դրանով ակնկալվում է ապահովել զբաղվածության քաղաքականության բարեփոխման շարունակությունը եւ մեծացնել մինչեւ երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու եւ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունը։ Բացի այդ, ներկայումս իրականացվում են զբաղվածության ոլորտի պետական քաղաքականության մի շարք բարեփոխումներ՝ հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկայում վեր հանված մի շարք խնդիրները։
Գործադիրը համաձայնություն է տվել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի հարավային թաղամասի Երեւան–Սեւան մայրուղուն հարող հողամասը անհատույց սեփականության իրավունքով «Կոտայքի եւ Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ–ին նվիրաբերելուն։ Ծրագրով նախատեսվում են ՎԶԵԲ–ի 11 միլիոն եվրո ֆինանսական աջակցությամբ (5.5 մլն եվրոն՝ դրամաշնորհ) կառուցել ԵՄ չափորոշիչներին համապատասխան տարածաշրջանային աղբավայր, որը պետք է սպասարկի նշված երկու մարզի 12 քաղաքային համայնքի։
Ստեղծվել են պատմամշակութային արգելոցներ
Կառավարությունն իր որոշմամբ ստեղծել է «Բջնի–ամրոց» եւ «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցները, որոնց համար անհրաժեշտ տարածքները գտնվում են Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրում եւ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում։ Այդ տարածքում են հանրապետական նշանակության 5–16–րդ դդ. Բջնի ամրոց համալիրը եւ 10–14–րդ դդ. Սմբատաբերդ ամրոցը։ Արգելոցների հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց–թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ին հատկացված միջոցների հաշվին։
Այլ հարցեր
2017թ. դեկտեմբերի 21–ին ընդունված «Հանրագրերի մասին» օրենքի համաձայն գործադիրը սահմանել է կառավարության հանրագրերի հարցերի հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը։ Հանձնաժողովը, որը գործելու է հասարակական հիմունքով, կազմված է նախագահից եւ չորս անդամից եւ քննարկելու է այն հանրագրերը, որոնք ենթակա չեն որեւէ նախարարության իրավասությանը։
Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 12–ի «Արմավիրի մարզի Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲ ընկերության հարյուր տոկոս ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը։ Դա պայմանավորված է առողջապահության բնագավառում նոր քաղաքականության եւ մոտեցումների արդյունքում ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնելու աննպատակահարմարությամբ։ Դրա փոխարեն մշակվելու են առավել արդյունավետ մեխանիզմներ՝ ուղղված մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը։
Գործադիրի որոշմամբ՝ Վահրամ Շահինյանն ազատվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից։
Կառավարության որոշումներով Գագիկ Միրիջանյանը նշանակվել է Արմավիրի, Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետ։
Նիստի ավարտին արծարծվել է սահմանված ժամից հետո հրավառություն կատարելու դեպքերին համարժեք արձագանքելու հարցը։ Նշելով, որ խնդիրը կարգավորելու օրենսդրական բոլոր հիմքերը կան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Չպիտի լինի հրավառություն սահմանված ժամից հետո, եւ վերջ»։
|