Նիկոլ Փաշինյանը Փարիզում՝ Ելիսեյան պալատում, հանդիպել է նախագահ Էմանուել Մակրոնի հետ
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում՝ Ելիսեյան պալատում, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Դիմավորման արարողությունից, ձեռքսեղմումից եւ արարողակարգային լուսանկարահանումից հետո երկու երկրների ղեկավարները բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում։
Էմանուել Մակրոնը ողջունել է վարչապետ Փաշինյանին Ելիսեյան պալատում եւ կարեւորել նրա այցը Ֆրանսիա՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի ու նոր թափ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու առաջմղմանը։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը տարբեր ոլորտներում։ Նշելով, որ ընդամենը մեկ ամիս անց պետական այցով ժամանելու է Հայաստան՝ Էմանուել Մակրոնը վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երեւանում կանցկացվի բարձր մակարդակով։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ իրենց արդեն երկրորդ հանդիպումը վկայում է այն մասին, որ հայ—ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններն ապահով ձեռքերում են եւ շարունակելու են ընդլայնվել եւ խորանալ՝ ի շահ երկու երկրների։
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած տարիները նշանավորվել են հայ—ֆրանսիական կապերի խորացմամբ, եւ համոզմունք հայտնել, որ դրանք կշարունակեն վերընթաց զարգանալ բոլոր ոլորտներում՝ քաղաքական կանոնավոր երկխոսություն, միջխորհրդարանական ակտիվ կապեր, ապակենտրոնացված դինամիկ շփումներ, տնտեսական համագործակցություն, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական եւ այլ բնագավառներում ծրագրերի իրականացում, բավականին ընդգրկուն իրավապայմանագրային դաշտ։
«Համոզված եմ, որ մեր հանդիպումը նոր որակ կհաղորդի մեր առանձնաշնորհյալ հարաբերություններին, որոնք հիմնված են դարավոր պատմական բարեկամության վրա»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը կարեւորել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը եւ հավելել, որ այն ՀՀ անկախությունից ի վեր Երեւանում կայացող կարեւորագույն իրադարձություններից մեկն է։ Կառավարության ղեկավարը վերահաստատել է ՀՀ իշխանությունների լիակատար հանձնառությունը գագաթնաժողովի հաջողությունն ապահովելու հարցում եւ վստահություն հայտնել, որ այն կնպաստի Ֆրանկոֆոնիայի հեղինակության եւ ազդեցության հետագա բարձրացմանը։ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է հոկտեմբերի 10—ին գագաթնաժողովի շրջանակներում Երեւանում կայանալիք ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի անցկացումը, որն ուղղված է խթանելու ձեռներեցների միջեւ շփումները եւ փոխգործակցությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ եւ կարեւորել դրա կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել համանախագահ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի ջանքերը՝ ուղղված Արցախի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը եւ տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է շարունակել բանակցությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորման ձեռքբերմանը հասնելու համար։
Էմանուել Մակրոնը եւ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն են ձեռք բերել հայ—ֆրանսիական հարաբերությունների համընդգրկուն օրակարգն ավելի մանրամասնորեն քննարկել Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստան կատարելիք պետական այցի ընթացքում։
|