Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը ի զորու է լուծելու ՀՀ տնտեսության առջեւ ծառացած խնդիրները։ Անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակմանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը։ «Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման 4 տարիների ընթացքում որոշակի աշխատանք է կատարել եւ հույս է ներշնչում, որ առավել արդյունավետ աշխատանք կատարվելու դեպքում նա կկարողանա ավելի բարձր արդյունքների հասնել։ Նրա ընտրությունը անցել է միաձայն, իհարկե, եղել են տարբեր անհանգստություններ՝ կապված ՀՀ սոցիալ—տնտեսական վիճակի հետ, սակայն այլ թեկնածություն չի քննարկվել։ Մենք կարծում ենք, որ նա ֆինանսատնտեսական ոլորտի լուրջ մասնագետ է, ում շնորհիվ մեր երկում բանկային համակարգը կայացավ։ Այս տարի մեր տնտեսության զարգացման ուղղությամբ որոշակի ծրագրեր կան, որոնց շնորհիվ նախատեսվում է տնտեսական աճը հասցնել 7 տոկոսի»,— նշել է Մկրտիչ Մինասյանը։ «Տեսության մեջ, իհարկե, ոչինչ բացառված չէ, եւ չեմ կարող ասել՝ ինչ կլինի վարչապետի փոփոխության հարցում հետագայում։ Այս պահին ամենաճիշտը նրան բեղմնավոր աշխատանք մաղթելն է։ Նա նախորդ չորս տարիների ընթացքում լավ հիմքեր է դրել, եւ հույսեր կան, որ կշարունակի լավ աշխատել»,— հավելել է նա։ Պատգամավորի կարծիքով, նոր ձեւավորված Ազգային ժողովում քաղաքական բաղադրիչը շատ ավելի մեծ է, քան թե նախորդ՝ չորրորդ գումարման խորհրդանանում։ «Քաղաքական բաղադրիչն այս խորհրդարանում ավելի մեծ է։ ՀՀԿ կազմում կան մարդիկ, որ նախկինում էլ են եղել, եւ 26 նոր պատգամավոր։ Նրանց թվում կանայք ավելի շատ են։ Կարծում եմ, կանանց ներկայությունը խորհրդարանում կարեւոր է ոչ միայն այն պատճառով, որ հայ տղամարդը կնամեծար է, այլեւ նրանք մեղմություն, հեզություն կտան պատգամավորական աշխատանքին։ Բացի այդ, կան բազմաթիվ խոստումնալից երիտասարդներ, որոնց ելույթներից զգացվում է, որ իրենք ասելիք ունեն եւ գիտեն, թե դա ինչպես ներկայացնել։ Առկա է բոլորովին նոր ուժ՝ ՀԱԿ—ը, այնպես որ, կարծում եմ, ԱԺ քննարկումներն ու աշխատանքներն առավել համապարփակ կլինեն»,— նշել է Մկրտիչ Մինասյանը։ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանի գնահատմամբ եւս նորընտիր ԱԺ–ի պոտենցիալն ավելի ուժեղ է, քան նախկինում էր։ Գ. Մինասյանը դրական է գնահատել ՀԱԿ—ի՝ խորհրդարան անցնելու փաստը, իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ—ի՝ կոալիցիա չկազմելուն, ասել է, որ ցանկացած կուսակացություն ինքն է կանխորոշում իր տեղն ու դերը քաղաքական կյանքում։ «Մոտ ապագայում ԲՀԿ—ն հստակ ցույց կտա իր կեցվածքը այն քաղաքական գործընթացների նկատմամբ, որոնք կզարգանան խորհրդարանում ու խորհրդարանից դուրս։ Տեսաք, թե ինչպես ԲՀԿ—ն մասնակցեց ԱԺ ղեկավար կազմի ընտրություններին, ինչը գալիս է հաստատելու այն ձեւակերպումը, որ տվել էին իրենք՝ կառուցողական։ Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում ԲՀԿ—ի սեփական թեկնածուով հանդես գալուն, նա ասաց, որ կա 2011—ի հուշագիր, որի տակ դրված է Գագիկ Ծառուկյանի ստորագրությունը, այդ հուշագիրը դեռ գործում է»,—ասել է պատգամավորը։
|