Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը նպատակ ունի ամբողջությամբ հեղափոխել ոլորտը
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը նպատակ ունի փոխել իրողությունները՝ ապացուցելով, որ պարտադիր չէ միայն ստուգումներ իրականացնել, որպեսզի տեսչական մարմնի աշխատանքն արդյունավետ իրականացվի։
Մեզ հետ զրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը ներկայացրեց ոլորտում առկա խնդիրները, խոսեց գրասենյակի գործառույթներից, թե ի՞նչ է տեսչական մարմինը, ինչո՞ւ են դրանք օպտիմալացվել եւ այլ տարբեր հարցերի շուրջ։
–Հայաստանում տեղի է ունեցել տեսչական մարմինների օպտիմալացում՝ 18 տեսչությունից դարձել է 6 տեսչական մարմին։ Ինչո՞վ են պայմանավորված եղել այդ փոփոխությունները։
–Դեռեւս 2009 թվականի սեպտեմբերին ընդունվել է «Հայաստանում տեսչական բարեփոխումների» հայեցակարգը, որով նպատակ էր դրվում հնարավորինս քիչ ռեսուրսներ ծախսելով եւ տնտեսավարողի վրա առկա վարչարարական բեռը թեթեւացնելով՝ հասնել ավելի արդյունավետ վերահսկողության։ Բիզնես միջավայրի առողջացումը որպես առաջնային նպատակ էր դրված, ունեինք չհամակարգված եւ չհիմնավորված ստուգումներ, տնտեսավարողի բիզնեսի համար ոչ պարզ կանոններ։ Որպես այս ամենի լուծում՝ որոշվեց ներդնել ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ, ինչը ենթադրում էր, որ ստուգման օբյեկտի ընտրությունը պետք է հիմնավորված լիներ։ Այս համատեքստում ներդրվեց ստուգաթերթերի համակարգը, որով յուրաքանչյուր տեսչություն մշակում էր ստուգաթերթեր, որտեղ հստակ պատասխաններ ենթադրող ֆիքսված հարցեր կան։ Այսինքն՝ տնտեսավարողների համար պարզ էր դառնում, թե տեսչությունն իրենց մոտ ստուգումներ իրականացնելիս ինչի վրա է ուշադրություն դարձնելու։ Այս ամենը սահմանվեց 2011 թվականին «Ստուգումների անցկացման եւ կազմակերպման մասին» օրենքում կատարված փոփոխություններով։
–Այսինքն՝ պահանջն արդեն օրենքով ամրագրվե՞լ էր։
–Այո, ֆորմալ կերպով այն ֆիքսվեց, այսինքն՝ տեսչությունները պետք է արդեն գործարկեին ստուգաթերթերով ստուգումների եւ ռիսկի հիման վրա իրականացվող ստուգումների համակարգը։ Դրանից հետո սկսվեց օրենքի պահանջների փաստացի իրականացման՝ մեթոդաբանության ու ստուգաթերթերի ներդրման գործընթացը։ Բավականին լուրջ եւ բարդ պրոցես էր։ 2013 թվականին ներդրված համակարգը դեռեւս չէր գործում այնպես, ինչպես պետք է։ Որոշ վերլուծություններ անելուց հետո հասկացանք, որ տեսչությունների լիազորությունները հաճախ կրկնվում են, այսինքն՝ նույն խնդրով զբաղվում են միաժամանակ մեկից ավելի տեսչություններ։ Մյուս խնդիրը 2008 թվականից կասեցված ստուգումների արդյունքներն էին, որոնք ցույց տվեցին, որ թեեւ ստուգումները կասեցված էին տարիներով, երկրում ոչինչ չէր փոխվում, այսինքն՝ ստուգումներն իրականացվում էին ինքնանպատակ, իսկ ստուգվող ոլորտներում ոչինչ չէր փոխվում։ Այս ամենի արդյունքում ծնվեց մեր երկրորդ հայեցակարգը, որն օպտիմալացման մասին էր։ Խնդիր էր դրված առնվազն կիսով չափ կրճատել տեսչությունների թիվը, այն ժամանակ դրանք 18—ն էին։ Բայց մեր վերլուծությունները եւ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ օպտիմալ թիվը 6—ն է։
–Որո՞նք են դրանք։
–Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, որը պատասխանատու է ոչ պարենային արտադրանքի անվտանգության եւ չափումների միասնականության ապահովման համար։ Մյուսներն են՝ սննդամթերքի անվտանգության, բնապահպանության եւ ընդերքի, քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության, կրթության եւ առողջապահության ու աշխատանքի տեսչական մարմինները։ Կրթության տեսչական մարմինը միակն է, որ պատասխանատու չէ անվտանգության համար, այլ կրթության որակի։
–Կոռուպցիոն ռիսկեր նկատո՞ւմ էիք տեսչությունների շատ լինելու առումով։
–Ռիսկը հիմա էլ կա, դեռեւս չի վերացել։ Տեսուչների քանակը նվազում է, այդ առումով գուցե նաեւ կոռուպցիոն ռիսկերն են նվազում։ Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնում են նաեւ ստուգաթերթերը, այսինքն՝ տնտեսավարողն առնվազն հնարավորություն է ունենում մեկ փաստաթղթով ծանոթանալու իր առջեւ դրված պահանջներին։ Այժմ այդ ստուգաթերթը բիզնեսի համար ավելի կանխատեսելի միջավայր է ապահովում։
–Կարծում եմ՝ պետք է բացել փակագծերը, թե ի՞նչն է տեսչական մարմնի բուն էությունը, եւ ինչո՞ւ այն նախարարություններից տեղափոխվեց կառավարության ենթակայության ներքո։
–Լուրջ շահերի բախում կար, երբ տեսչությունը գտնվում էր նախարարության կազմում։ Տեսչությունն իր գործունեության բնույթով «զարգացումներ զսպող» է, իսկ նախարարությունը հիմնականում պատասխանատու է ոլորտում զարգացում ապահովելու համար։ Օրինակ՝ առողջապահության ոլորտում, նախարարի հիմնական նպատակներից է հասանելի դարձնել հանրությանը առողջապահական ծառայությունները։ Ենթադրենք, սահմանամերձ որեւէ գյուղում կա մի փոքրիկ հիվանդանոց, եւ որպեսզի մենք համոզվենք՝ այն իրո՞ք համապատասխանում է հիվանդանոց լինելու ստանդարտներին, պետք է վերահսկենք։ Տեսչության այցից հետո, եթե պարզ դառնա, որ այդ հիվանդանոցը պիտանի չէ շահագործման՝ կապված սանիտարական կամ այլ նորմերի հետ, պետք է այն փակվի, սակայն մյուս կողմից էլ նախարարի առջեւ խնդիր է դրված տվյալ համայքնի բնակիչների համար այդ ծառայությունները հասանելի դարձնել։ Այդ դեպքում տեղի է ունենում շահերի բախում, նախարարն էր որոշում՝ հիվանդանոցը այդպիսի պայմաններում շարունակի գործել, թե ոչ։ Մյուս կարեւոր փոփոխությունը կառավարման համակարգն է։ Երբ տեսչական մարմինները դուրս եկան նախարարությունների կազմից, ստեղծվեց կառավարման խորհուրդ յուրաքանչյուր տեսչական մարմնի համար առանձին, որպեսզի կապը քաղաքականության հետ չկտրվի։ Կառավարման խորհրդի անդամ են ոլորտի նախարարները, բոլոր խորհուրդներում ընդգրկված են տնտեսական զարգացման եւ ներդրումների, արդարադատության եւ ֆինանսների փոխնախարարները։ Նրանք ներգրավված են խորհրդում, որպեսզի օրենքի կիրառման, ֆինանսական առումով եւ բիզնեսի շահի տեսանկյունից ամեն ինչ կիրառվի միանման։ Խորհրդի անդամներ են նաեւ ՀԿ—ների ներկայացուցիչներ եւ երկու գիտական կազմակերպության ներկայացուցիչ։ Այս ամենով մենք փորձել ենք ապահովել բոլոր հնարավոր շահառուների ներկայացվածությունը։ Վարչապետի որոշմամբ ռոտացիոն կարգով նախարարները նախագահում են խորհուրդը։ Տեսչական մարմնին արգելել ենք տուգանքների հաշվին արտաբյուջե ձեւավորել եւ աշխատավարձ բաժանել, քանի որ այդ ամենը հակասում է իրենց նպատակին եւ առաքելությանը։ Այժմ տեսչական մարմինն առաջին հերթին անվտանգություն ապահովող է եւ ոչ թե ուղղակի ստուգող։
–Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը գործում է 2018 թվականի հունիս ամսից։ Խնդրում եմ՝ նշեք գործառույթները, թե ինչո՞վ է զբաղվում ձեր գրասենյակը։
–Մենք պատասխանատու ենք տեսչական մարմինների գործունեության հետ կապված քաղաքականության մշակման համար։ Գրասենյակը համակարգում է տեսչական մարմինների աշխատանքները եւ նպատակ ունի ապահովել դրանց շարունակական կատարելագործումը, որակի ապահովման համակարգի գործարկումը ու բնականոն գործունեության ապահովումը, տեսչական մարմինների արդյունավետության բարձրացումը։
–Ձեր գործառույթների մեջ ներառվում է նաեւ տեսչական մարմինների աշխատակիցների վերապատրաստմանն աջակցելը։ Ինչպե՞ս է իրականացվելու այդ ամենը։
–Տեսչական մարմինն անմիջական կապ ունի գիտության եւ դրա զարգացման ընթացքի հետ։ Մենք պետք է վերապատրաստենք աշխատակիցներին։ Օրինակ՝ վերջին 30 տարվա մեջ շինարարական նորմերը փոխվել են, սակայն մեզ մոտ դրանք չեն վերանայվել, իսկ աշխարհն առաջ է գնացել։ Որպեսզի տեսուչը գնա որեւէ շենք՝ հասկանալու համար՝ արդյո՞ք այդ շենքն անվտանգ է, թե ոչ, գործող շինարարական նորմերով չի կարող հասկանալ, որովհետեւ դրանք արդեն հնացած են։ Մենք վերապատրաստելու փոխարեն պետք է կրթենք տեսչական մարմնի աշխատողներին։ Այս նոր դասընթացները, որ ցանկանում ենք իրականացնել, պետք է տարբերվեն քաղծառայողների համար անցկացվող վերապատրաստումներից։ Այսինքն՝ դրանք պետք է լինեն նեղ մասնագիտական դասեր։ Այսպիսի կրթական ծրագիր իրականացնելու համար շատ լուրջ ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ են պահանջվում։ Միջազգային կազմակերպությունների միջոցով եւ աջակցությամբ պետք է փորձենք այստեղ բերել տարբեր մասնագիտական դասընթացների նյութեր, ադապտացնենք եւ դրանցով վերապատրաստենք մեր մասնագետներին։
–Նյութերը պետք է բերվեն արտասահմանյան կազմակերպությունների միջոցով։ Արդյոք մենք ունե՞նք մասնագետներ, ովքեր պետք է իրականացնեն այդ դասընթացները։
–Մի քանի տարի առաջ մենք մասնագետներ էինք հրավիրել Անգլիայից, որոնք այստեղ վերապատրաստեցին վերապատրաստողների։ Հենց նրանք էլ կանցկացնեն այդ դասընթացները։ Հնարավոր է՝ արտասահմանյան որեւէ համալսարանի պատվիրենք, որպեսզի մեկ դասընթաց անցկացնեն։ Երեւանի պետական համալսարանում նույնպես ռեսուրս ունենք։ Շուտով նախատեսվում է իրականացնել վերապատրաստումները։
–Ինչպիսի՞ համակարգեր են ներդրվել կամ ներդրվելու Ձեր գործունեության ընթացքում։
–Էլեկտրոնային համակարգ ենք որոշել ներդնել։ Խնդիրն ի հայտ է եկել այն ժամանակ, երբ մեր պետական մարմիններն իրենց ձեռքի տակ եղած ինֆորմացիան համարում էին «սեփականություն» եւ երբեմն դժվարությամբ էին տրամադրում միմյանց։ Այդ հարցը լուծելու համար պետք է ներդնել էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա տարբեր մարմիններին օգտագործել անհրաժեշտ ինֆորմացիան, ինչն էլ կհանգեցնի տեսչական մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը եւ թափանցիկությանը։
–Էլեկտրոնային համակարգը կհանգեցնի՞ ծախսերի կրճատման։
–Այո, այն կհանգեցնի ներքին վարչարարական՝ ադմինիստրատիվ ծախսերի խիստ կրճատման։
|