Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հռոմում նախագահ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոյի հետ։
Ջերմ եւ բարեկամական զրույցի ընթացքում Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը նշել է, որ մեծապես հետաքրքրված է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջ քաշված համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագծի տեսությամբ, մասնավորապես այդ ռիսկերը կառավարելու նոր, ստեղծարար լուծումների վերաբերյալ Հայաստանի նախագահի պատկերացումներով։
Նախագահ Սարգսյանը եւ Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը խոսել են նաեւ հայ—իտալական գիտական համագործակցության խորացման, գիտակրթական կապերի ընդլայնման մասին։ Նրանք ընդգծել են փոխգործակցության մեծ ներուժը հատկապես բնական գիտությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաեւ կարեւորել են հետազոտական փոքր խմբերի փոխանակման ծրագրերը։
Նախագահ Սարգսյանը հրավիրել է Մասիմո Ինգուշոյին 2019 թվականի սկզբին այցելել Հայաստան՝ տեղում գործակցության կոնկրետ ուղղությունները քննարկելու համար։
Արմեն Սարգսյանը Հռոմում մասնակցել է «Թվային աշխարհաքաղաքականություն. նոր սահմաններ, աճ եւ ազգային անվտանգություն» խորագիրը կրող գիտաժողովին։
Գիտաժողովին մասնակցել են նաեւ Իտալիայի պաշտպանության նախարար Էլիզաբետա Տրենտան, գիտաժողովի կազմակերպիչներից «Elettronica Group» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն եւ նախագահ Էնզո Բենինին, ԱՄՆ 44—րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի անդամ, քաղաքական փորձագետ Ալեք Ռոսը, գիտական եւ փորձագիտական հանրության ներկայացուցիչներ։
Գիտաժողովի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով։ Խոսելով գլոբալիզացիայի եւ արագ փոփոխվող աշխարհի մասին՝ նա նշել է, որ աշխարհն այսօր սրընթաց փոփոխությունների ականատեսն է։ «Աշխարհն ամեն օր ավելի ու ավելի արագ է փոփոխվում։ Մենք ականատեսն ենք լինում քվանտային դրսեւորումների։ Եվ վաղն առաջնորդ կդառնա նա, ով կգիտակցի այս փաստը։ Գլոբալիզացիան մակրոյից դարձել է միկրո. ընկերությունները, անհատներն այլեւս անկասելի են»,–ասել է Արմեն Սարգսյանը։
Գիտաժողովի ընթացքում մասնավորապես քննարկվել են արդյունաբերության թվային տրանսֆորմացիային, նոր իրողություններում պաշտպանական, անվտանգության ու ավիատիեզերական ոլորտներում գրանցվող փոփոխություններին առնչվող հարցեր։
|