Այսօր ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հանդիպում ունեցավ կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ եւ ներկայացրեց «Ուսուցիչ» նոր նախաձեռնությունը: Նախարարն առաջարկում է խորհրդակցությունների շարք սկսել եւ ներկայացնել առաջարկություններ, թե ինչպես կարող են մեծացնել ուսուցչի տեղն ու դերը հասարակության մեջ: Լեւոն Մկրտչյանը, խոսելով ուսուցիչների կրթական որակի մասին, ասաց, որ երեք կարեւոր հիմք ունենք՝ պետությունը արդեն որոշակի գումար է դնում բյուջեում՝ ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ. «Վերապատրաստումների որակից դժգոհ ենք, գտնում ենք, որ այն շատ բյուրոկրատական է, շատ անձեւ է, չի համապատասխանում ժամանակակից պայմաններին եւ կարող ենք այդ ռեսուրսները ավելի լավ օգտագործել: Պետք է կարողանանք ամբողջությամբ բարեփոխել համակարգը: ԵՄ-ից մենք դրամաշնորհ ունենք, դրա շրջանակում արմատապես վերափոխելու ենք Կրթության ազգային ինստիտուտի համակարգը: Այն վերածվելու է հանրակրթության ազգային ինստիտուտի, որը դասագրքերի ստեղծմամբ է զբաղվելու, բարձրացնելու է դասագրքերի որակը, էլեկտրոնային գրականությունն է դրա մեջ մտնում, դպրոցական համակարգի էլեկտրոնացում, պլանշետներով համալրում, երկրորդը՝ չափորոշիչներ, կրթակարգեր, երրորդ հատվածը՝ ուսուցիչների վերապատրաստման նոր մեխանիզմների ներդրում: Վերապատրաստումով պետք է զբաղվեն այն կազմակերպությունները, որոնք դա ավելի որակով կարող են անել»: Թե ինչու նախկինում վերապատրաստումը չի տվել ցանկալի արդյունքներ՝ նախարարը սոցիալական կողմն ընդգծեց. «Եթե մենք ուսուցչին պետք է բերենք եւ տարրական օրապահիկ նույնիսկ չտանք վերապատրաստման ընթացքում, որակի մասին ավելորդ է խոսել: Մանկավարժական կրթության մեջ ուսուցչի մասնագիտությունը պետք է ավելի մոտիվացված դարձնել»: Հետո Լեւոն Մկրտչյանը հայտարարեց. «Որակյալ ուսուցչին պետք է տանք ազատություն: Այսօր դպրոցը կարողանում է շուրջ 30 տոկոս իր ընտրությունը կատարել, բայց այդ ընտրությունը չի հասնում ուսուցչին: Ուսուցիչը իրավազրկված է հասարակության մեջ, նաեւ վատ վիճակում է իր բյուրոկրատական վիճակով: Նա պետք է ազատ կարողանա ընտրի իր առարկայի դասավանդման մեթոդիկան, ազատ տնօրինի իր գիտելիքները, կարողանա դասարանին վերաբերվել ոչ թե մեկ գորշ ամբողջություն, այլ կարողանա դասակարգել, անհատական ուսուցման մեթոդներ մտցնել»: Ըստ նախարարի, ուսուցիչը պետք է աշխատի կոմֆորտ միջավայրում, կրթական հաստատությունները պետք է լինեն ազատ մտածողությամբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
© 1998 - 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից
|