«ՀՀ»-ի հյուրն է Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
–Պարոն Նավասարդյան, վերջերս տեղեկատվություն տարածվեց, որ հանրային թվային մուլտիպլեքսում գործող արտասահմանյան հեռուստաալիքները սպառնում են Հայաստանի տեղեկատվական անվտանգությանը։ Խոսքը, մասնավորապես, ռուսական ընկերությունների մասին էր։ Դուք ի՞նչ կարծիքի եք այդ առթիվ։
–Այդ հարցին միանշանակ պատասխան տալ դժվարանում եմ։ Որովհետեւ նախ պետք է նկատի ունենանք այսօրվա մեր մեդիադաշտի հնարավորություններն ու գոյություն ունեցող տեխնոլոգիաների բնույթը։ Լա՛վ, ասենք արգելեցին, ու այդ հեռուստաընկերությունները չհեռարձակվեցին Հայաստանում, բայց մարդիկ, ովքեր հետաքրքրվում են դրանցով, արդյոք տեխնիկական այլ միջոցներով չե՞ն հետեւի։ Ուստի, կարծում եմ, այդպես կտրուկ արգելելը դեռեւս համադարման չէ։ Որովհետեւ այսօր անհնար է երկաթյա վարագույր իջեցնել։ Ըստ իս, պետք է փնտրենք եւ հակամեթոդներ գտնենք։ Պետք է ունենանք այնպիսի ուժեղ մեդիա եւ լրատվական դաշտ, որ դիմագրավենք դրսի միջոցներին։ Այսօրվա աշխարհաքաղաքական եւ ինտեգրացիոն պայմաններում պետք է հակված լինենք առավել կիրառել փափուկ ուժը, հասնենք նրա ներգործության առավել արդյունավետությանը։ Այո, մեր մեդիա արտադրանքի որակը պետք է բարձրացնենք, որպեսզի մրցակից լինենք դրսի առաջարկին։ Մինչդեռ այսօր ի՞նչ է կատարվում մեր լրատվադաշտում. բաժանված բանակների՝ առավոտից երեկո անպարկեշտ հարվածներ են հասցնում իրար։ Շատ հեռուստահաղորդումների մակարդակը, ինչպես ասում են, շրիշակից ցածր է։ Այն դեպքում, երբ մեր երկիրը աշխարհաքաղաքական շատ ծանր միջավայրում է, մենք փաստացի պատերազմի մեջ ենք նաեւ։
–Դեռեւս խորհրդային ժամանակներից եկած սերունդ ունենք, որը հեշտությամբ չի կտրվելու ռուսական մեդիադաշտից։ Որպես պետություն՝ պե՞տք է այս հարցը հաշվի առնենք, կամ այսպես ասեմ՝ պարտավորություններ ունե՞նք այդ սերնդի առաջ։
–Դրանցից մեկն էլ ես եմ։ Երկար տարիներ կրթություն եմ ստացել եւ աշխատել եմ Ռուսաստանում։ Քաջատեղյակ եմ ռուսական մշակույթին, գիտեմ վերջինիս, այսպես ասած, ե՛ւ պլյուսները, ե՛ւ մինուսները։ Եվ կարծում եմ, որ մանավանդ Ռուսաստանից կտրվելը ոչ մի լավ բանի չի բերի Հայաստանին։ Ե՛վ մշակութային, ե՛ւ քարոզչական առումներով։ Սա իմ խորին համոզմունքն է։
–Իսկ մեր երիտասարդնե՞րը։ Այդ սերնդին այլ կերպ պետք է դաստիարակենք, այլ չափանիշներով պետք է առաջնորդենք դեպի վաղվա օրը։ Կարծես հակասություն է. ինչպե՞ս լուծենք հարցը։
–Ժամանակակից կյանքն այնպիսի իրավիճակի է հանգեցրել, այնպիսի պայմաններ է ստեղծել, որ շատ դժվար է միանշանակ բան ասել։ Տեսեք՝ նույն ռուսերենը մեզ համար համարեցինք օտար լեզու։ Այս լեզուն մոռացանք, անցանք անգլերենին, բայց անգլերենին էլ չենք տիրապետում։ Եվ ամենակարեւորը՝ այսօր անգլոսաքսոնական մշակույթը ծածկում է ողջ աշխարհի մշակութային, ինֆորմացիոն դաշտը։ Հենց նույն Ռուսաստանում է նաեւ այդպես։ Այո՛, ես հասկանում եմ առկա մտահոգությունը՝ ազգային շահերից ելնելով, բայց միաժամանակ տեսնում եմ, որ իրողությունները դու չես կարող անտեսել, առավել եւս՝ դեմ գնալ դրանց։ Հետո մի բան էլ են ասում՝ արգելված պտուղը միշտ քաղցր է լինում։
–Իսկ կգա՞ դրա ժամանակը, երբ մենք արդեն կկարողանանք նման քայլի դիմել։
–Ես դա չեմ կարող ասել։ Մենք այնպիսի աշխարհում ենք ապրում, եւ անընդմեջ այնպիսի փոփոխություններ են տեղի ունենում, որ կանխատեսում անել հնարավոր չէ։ Բայց մի բան հաստատ է՝ այն, ինչ այսօր լինում է եւ դեռ կշարունակի լինել, ստեղծում է բոլորովին նոր աշխարհ։ Աշխարհը ձեւափոխվում է, այլեւս չկա այն, ինչ սառը պատերազմի ժամանակներում էր։ Այնպիսի տրանսֆորմացիաներ են տեղի ունենում, որոնք, բնականաբար, վերաբերելի են ե՛ւ քաղաքականությանը, ե՛ւ մշակույթին, ե՛ւ պրոպագանդային։ Եվ միանշանակ հայտարարություն անել, որը, ուզած—չուզած, ձեռք է բերում նաեւ քաղաքական երանգ, հնարավոր չէ։
–Համարժե՞ք էր մեր երկրում Ռուսաստանի դեսպանի արձագանքը, ինչպե՞ս կգնահատեք այն։
–Դիվանագետի պատասխանն ավելի ճկուն պետք է լիներ։ Իմ կարծիքով՝ շատ լավ կլինի, որ հենց դեսպանատան կամ թեկուզ ռուսական իշխանությունների միջոցով փորձ արվի ազդել ռուսական զանգվածային լրատվամիջոցների վրա, որպեսզի հնարավորինս մեղմվի ռուսական մեդիադաշտում հաճախ հանդիպող հակահայկական քարոզչությունը։ Որովհետեւ կարող ենք հիպոթետիկ մի բան էլ ասել՝ ասենք, Ադրբեջանը կաշառում է ռուսական հեռուստաընկերություններին, եւ վերջիններս հակահայկական քարոզչություն են իրականացնում։ Սա էլ կարող է լինել, չէ՞։ hhpress.am
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ
|