Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, որը վարել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամների հավաքական կարծիքը երկրի ներքաղաքական իրավիճակի եւ շարունակվող բողոքի ակցիաների ու հանրահավաքների վերաբերյալ։
Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում իշխանությունը պարտավոր է դրսեւորել հանդուրժողականություն եւ զսպվածություն։ ՀՀ ԱԺ փոխնախագահը հավելել է, որ միեւնույն ժամանակ իրենք այն կարծիքին են, որ բողոքի ակցիաների կազմակերպիչները պարտավոր են ավելի մեծ ուշադրություն դարձնել ցույցի օրինական ընթացքի շարունակմանը, որպեսզի ցույցի մասնակիցներից որեւէ մեկը չիրականացնի ապօրինի գործողություններ։
Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ իշխանությունը դրական եւ զուսպ է գնահատում ոստիկանության պրոֆեսիոնալ պահվածքը։ Ըստ նրա, ելքը իրավիճակից մեկն է՝ քաղաքական երկխոսությունը։ «Մենք մեր երկրում հակառակորդներ եւ թշնամիներ չունենք, բոլորը մեր քաղաքացիներն են, մեր եղբայրներն ու քույրերը։ Նույնիսկ ցույց անող գործընկերը մեզ համար եղբայր է, ընկեր է, գործընկեր է՝ անկախ նրանից՝ նա մեզ գործընկեր ու եղբայր է համարում, թե հակառակորդ»,–ասել է Շարմազանովը։
Բացի այդ, նա նշել է, որ իշխանությունների զիջումների համար, պետք է քաղաքական օրակարգ լինի. «Մերժողական տեքստերը քաղաքական օրակարգ չեն»։ Ուստի նա Փաշինյանին կոչ է արել վերադառնալ խորհրդարան։
|