ԵԱՀԿ Մինսկի խումբը ԱՄՆ—ը ներկայացնող նոր մշտական համանախագահ ունի. ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդն առաքելությունն ավարտում է օգոստոսի 28—ին։
Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահն է Էնդրյու Շոֆերը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Ամերկայի ձայնը», հայտնել է Հոգլանդը՝ Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում հանդիպման ընթացքում։ «Նոր համանախագահը շատ փորձառու բարձրաստիճան ամերիկյան դիվանագետ է, ով ծառայել է որպես միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար։ Նա ունի իրական փորձ Կիպրոսի եւ այլ հակամարտությունների կարգավորման գործում։ Կարծում եմ, պետքարտուղարությունը եւ պետքարտուղարը ընտրել են փայլուն ԱՄՆ—ի համանախագահ»,— ասել է Հոգլանդը։
Ըստ նրա, նոր համանախագահը տիրապետում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը եւ պատրաստ է ստանձնել պարտականությունները։
Ռիչարդ Հոգլանդը խոսել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքի մասին։ Նա, մասնավորապես, նշել է. «Այս խնդիրը չի սկսվել նախկին խորհրդային երկրների անկախացումից հետո։ Լեռնային Ղարաբաղը խնդիր էր, որը շարունակվել է տասնամյակներ, եթե ոչ դարեր»։ Միաժամանակ նա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարբերակել է Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ Մերձդնեստրի հակամարտություններից։
Հոգլանդը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը, որոնք դեռեւս 2014թ. հնչեցրել էր ԱՄՆ նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
|