ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 14:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 1 » Պատգամավոր լինելը պատվաբեր եւ պատասխանատու առաքելություն է Հինգերորդ գումարման Ազգային ժողովը սկսեց իր աշխատանքները//
17:16
Պատգամավոր լինելը պատվաբեր եւ պատասխանատու առաքելություն է Հինգերորդ գումարման Ազգային ժողովը սկսեց իր աշխատանքները//

Երեկ Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ մինչեւ նորընտիր Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նիստերը վարեց տարիքով ավագ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։
Առաջին նիստին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Հանրապետության ղեկավարը շնորհավորելով բոլորին ՀՀ Ազգային ժողովի 5—րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ՝ նշեց.
«Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ ձեզ ՀՀ Ազգային ժողովի 5—րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում նախորդ գումարման խորհրդարանի բոլոր պատգամավորներին իրենց գործունեության համար։ Անցած հինգ տարիներն օրինաստեղծ աշխատանքի առումով իսկապես արդյունավետ ժամանակահատված էին եւ, կարծում եմ, նաեւ լավ հիմք գալիք հինգ տարիների համար։ Ձեզնից շատերը վաղուց արդեն օրինաստեղծ աշխատանքի պրոֆեսիոնալներ են եւ, բնականաբար, ապահովելու են Ազգային ժողովի աշխատանքների սահուն առաջընթացը։ Ողջունում եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ընտրվել պատգամավոր, եւ մաղթում եմ արդյունավետ խորհրդարանական գործունեություն։
Ինձ համար, կարծում եմ նաեւ այս դահլիճում ներկա շատերի համար դեռ թարմ են նախընտրական հանդիպումների տպավորությունները։ Բոլորս էլ երկրի ողջ տարածքով ակտիվ քննարկումներ ենք ունեցել մեր քաղաքացիների հետ, կրկին ուշադրությամբ արձանագրել եւ մեկ առ մեկ ցուցակագրել ենք մարդկանց այսօրվա հոգսերն ու խնդիրները։ Իսկ մարդիկ մեզ ընտրել են, որովհետեւ հավատացել են, որովհետեւ հույսեր են կապել։ Իմ ցանկությունն է, որ աշխատենք այնպես, որպեսզի ոչ ոք չզղջա իր ընտրության համար, եւ որպեսզի արդարացնենք բոլորի հույսերը։ Մենք կարող ենք շատ բան անել։ Դո՛ւք կարող եք շատ բան անել։ Դուք Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանությունն եք։
Այստեղ ներկա յուրաքանչյուր պատգամավորի թիկունքին հազարավոր ձայներ կան, այսինքն՝ հազարավոր մարդիկ։ Այդ ձայները տեղ հասցնողները դուք եք, իսկ այդ տեղը Ազգային ժողովն է, ընդունված որոշումներն ու օրենքներն են։ Սա պատվաբեր եւ պատասխանատու առաքելություն է։
Հարգելի՛ գործընկերներ,
Կարծում եմ՝ մենք ունենք ակտիվ խորհրդարան, որտեղ ամբիոն ունեն քաղաքական դաշտի հիմնական ազդեցիկ ուժերը։ Ուրախ եմ, որ նախորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը կրկին տեղեր ստացան օրենսդիր մարմնում, եւ շնորհավորում եմ Հայ ազգային կոնգրեսի մուտքը Հայաստանի խորհրդարան։
Չեմ կարծում, թե որեւէ լուրջ գաղափար կամ միտք, որը կծնվի մեր հասարակության որեւէ հատվածում, ցանկության եւ անհրաժեշտության դեպքում չգտնի դեպի Ազգային ժողովի ամբիոն տանող ճանապարհը։ Վստահ եմ նաեւ, որ մեր պատգամավորները երբեք չեն սահմանափակվի զուտ գրասենյակային աշխատանքով, եւ հասարակություն—խորհրդարան կապը խիստ գործնական հիմքերի վրա կլինի։
Այստեղ ներկա են քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ, որոնք ունեցել են եւ ունեն տարբեր հայացքներ, տարբեր մոտեցումներ զանազան հարցերի շուրջ։ Այո՛, կլինեն բանավեճեր, միգուցե երբեմն նաեւ սուր, կլինեն համաձայնություններ տարբեր հարցերի շուրջ կամ յուրաքանչյուրը կմնա իր կարծիքին, կհասկանաք իրար, երբեմն՝ ոչ։ Էականն այն նպատակներն են, հանուն որոնց մենք մտնում ենք քաղաքական բանավեճի դաշտ։ Էական են նաեւ միջոցները, որոնք մենք ընտրում ենք նպատակներին հասնելու ճանապարհին։ Իշխանության տարբեր, այդ թվում եւ խորհրդարանական լծակներին տիրապետելն, օրինակ, միջոց է բոլորիս համար կարեւոր նպատակներին՝ Հայաստանի հզորացմանը, մեր ժողովրդի կենսամակարդակի կտրուկ ավելացմանը, արտագաղթի կասեցմանը, մեր երկրի պաշտպանունակության բարձրացմանը եւ մյուս նպատակներին հասնելու ճանապարհին։ Երբ միջոցները դառնում են ինքնանպատակ, կամ որ ավելի վատ է, երբ իրական նպատակները դառնում են միջոցներ, իսկ միջոցները՝ նպատակներ, խաթարվում է քաղաքական բանավեճի տրամաբանությունը, կորում է իմաստը։
Այո՛, նպատակը երբեք չի արդարացնում միջոցները։ Սխալ միջոցներով ձեռքբերված նույնիսկ ամենալավ նպատակը, միեւնույն է, ի վերջո ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Մենք շատ բան ունենք սովորելու, ցավոք, հենց մեր սխալներից, եւ ուզում եմ հուսալ, որ ապագայում ավելի քիչ սխալներ կանենք։
Կարծում եմ, որ բոլորս, տվյալ դեպքում այս դահլիճում ներկա պատգամավորները, առաքելություն ունենք ձեւավորելու քաղաքական պայքարի եւ գործունեության նոր ավանդույթներ, այնպիսիք, որոնք հետագա տարիների եւ տասնամյակների համար կբացառեն կամ նվազագույնի կհասցնեն հնարավոր ցնցումները մեր երկրում։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքական ուժերին եւ մեր ժողովրդին համատեղ ուժերով բավական հասուն ընտրություններ անցկացնելու համար։ Հայաստանում յուրաքանչյուր ընտրություն պետք է էապես լավը լինի, քան նախորդներն են եղել։ Մեզ հաջողվեց այդպիսի ընտրություններ անցկացնել, եւ մեզ կհաջողվի նաեւ էապես բարձրացնել մեր աշխատանքի արդյունավետությունն ու հասցեականությունը։
Անձամբ ես տրամադրված եմ աշխատելու. եւ աշխատելու բոլորի հետ՝ փոխադարձ հարգանքի եւ համագործակցության մթնոլորտում։ Հուսով եմ, որ աշխատելու ենք նոր եռանդով ու ոչ մի վայրկյան չենք մոռանալու, թե ինչի համար են մեզ ընտրել, ինչ ենք մենք խոստացել մեր ընտրողներին, թե ով է մեզ տվել այն իշխանությունը, որ այսօր մենք այստեղ ներկայացնում ենք։
Վերջում կրկնեմ եւ մեկ անգամ եւս առաջարկեմ միշտ հիշել, որ ուրիշ ոչ ոք մեր փոխարեն չի պահելու մեր սահմանած կանոնները։ Փոխադարձ հարգանքի սահմանները։ Ինքնե՛րս պիտի անենք։ Ուրիշ ոչ ոք մեզ դատավոր չէ։ Ինքներս ենք մեր դատավորը, մեր սահմանների պահապանն ու մեր փոխադարձ հարգանքի մշտարթուն պաշտպանը։ Մե՛նք ենք եւ ուրիշ ոչ ոք։
Հաջողություն եմ մաղթում բոլորիս, եւ բարի երթ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 5—րդ գումարման աշխատանքներին»։
Ամենայն հայոց կաթողիկոսը նույնպես ողջունեց, շնորհավորեց եւ օրհնանքի խոսք ասաց նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստի գումարման առիթով։
«Աստվածակառույց Սուրբ Էջմիածնից եկել ենք հայրապետական մեր օրհնությունը բերելու ձեզ, սիրելի պատգամավորներ, երբ դուք Աստծո եւ մարդկանց առաջ այսօր ստանձնում եք ձեր պարտականությունները եւ որպես ներկայացուցիչներն ու կամքի արտահայտողները մեր ժողովրդի, սկսում պատասխանատու, հայրենանվեր ձեր առաքելությունը։ Դուք խորհրդարան եք եկել ձեր կուսակցությունների օրենսդրական ծրագրերով, Հայաստանի առաջընթացի հեռանկաներով, ձեր ջանքերը մեր երկրին ու ժողովրդին ծառայեցնելու կամքով ու հանձնառությամբ»,–նշեց Վեհափառը։
Կաթողիկոսի խոսքով՝ խորհրդարանի օրենսդրական գործունեությունը հիմք եւ ուղենիշ, պայման ու երաշխիք է երկրի զարգացման համար։ Հայաստանը նախորդ երկու տասնամյակներում օրենսդրական փոփոխությունների նշանակալի ճանապարհ է անցել՝ հաստատելով ազատ ու ինքնիշխան պետականության եւ ժողովրդավարական հասարակության հիմքերը։ Այս ձեռքբերումները զորացնում են մեր ժողովրդի արդար հույսերը՝ կառուցելու բարեշեն ու բարգավաճող հայրենիք.
«Անհրաժեշտ ու կարեւոր է բարեփոխումների շարունակական ընթացքը, որն առաջիկա տարիներին պետք է իրագործվի ձեր ջանադիր գործունեությամբ, ձեր նվիրյալ ծառայությամբ։ Ձեր ուսերին է ծանրացած պատասխանատվությունը կանոնակարգելու եւ ուղղորդելու Հայաստանի պետական եւ հասարակական կյանքի ընթացքները, օրենքի կարգավորումով ապահովելու մեր երկրի կայունությունն ու ներդաշնակ զարգացումը, մեր կյանքի դժվարությունների ու խնդիրների հաղթահարման ուղիները։ Ձեզ վստահված այս կարեւոր առաքելության մեջ ձեզ առաջնորդող ունեցեք հավատքը, բարոյական արժեքներն ու սկզբունքները, քանզի ինչպես սաղմոսերգուն է ասում՝ ում սրտում իր Աստծո օրենքն է, նրա երթն անսայթաք կլինի։ Ձեր կողմից մշակված օրենքներն ու ընդունված որոշումները, արտահայտելով մեր երկրի եւ ժողովրդի հանդեպ սեր եւ հոգածություն, իրենց առաջադրած պահանջներով եւ արդյունքներով, արդարության եւ իրավունքի հաստատուն ճանապարհ, ինչպես եւ օրհնություն, բարիք ու զորություն կբերեն մեր կյանքին»։
Վեհափառը հիշեցրեց, որ հայրենիքում եւ սփյուռքում հայ ժողովուրդը ջանք ու նվիրում է բերում՝ կերտելու համար զարգացումը մեր հայրենի երկրի, ձգտում օր առաջ մարմնավորված տեսնել Արարատի հովանու ներքո հզոր ու ծաղկուն Հայաստանի դարավոր տեսիլքը, որն այսօր մեր տեսիլքն է, մեր պարտքը, եւ իրականություն պիտի դառնա յուրաքանչյուրիս գործունեությամբ. «Միշտ հիշելով մեր ժողովրդի կողմից ձեզ տրված վստահության մասին, որը սուրբ է, ամենայն նախանձախնդրությամբ ջանք ու աշխատանք ներդրեք հանուն մեր հայրենիքի հզորացման եւ ժողովրդի բարօրության։ Այս է մեր հայրապետական մաղթանքը։ Մաղթում ենք, որ միշտ արթուն լինի ձեր հոգում հավատքն առ Աստված, սերը մեր հայրենիքի ու ժողովրդի հանդեպ եւ լավատեսությունն աշխահասփյուռ ազգիս լուսավոր գալիքի։ Մեր աղոթքն է, որ Տերը քաջառողջ ու քաջակորով պահպանի ձեզ, առաջնորդի իմաստության եւ ճշմարտության իր Սուրբ հոգով եւ առատորեն արգասավորի ձեր գործունեությունը ի փառս Աստծո եւ ի սերս մեր հայրենիքի»։
Ամենայն հայոց կաթողիկոսն այնուհետեւ Տերունական աղոթքով օրհնեց եւ բարի երթ մաղթեց նորընտիր խորհրդարանին։


Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 516 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024