Բաշ Ապարանի հերոսամարտի 100—ամյակին նվիրված բուն միջոցառումներն Ապարանում թեեւ պաշտոնապես մեկնարկելու են մայիսի 1—ից, սակայն արժանահիշատակ այդ հոբելյանի պատշաճ կազմակերպման ու անցկացման նպատակով տեղի համայնքապետարանում այս օրերին տիրող աշխատանքային աշխույժ եռուզեռն սկսվել է դեռ ամիսներ առաջ։
Ինչպես «ՀՀ»—ին տեղեկացրեց Ապարանի համայնքապետի տեղակալ Հրայր Մկրտչյանը, իրենց կողմից նախատեսված միջոցառումներն ու ձեռնարկումները կոչված են հնարավորինս արժանավայել նշելու տոնը եւ մեկ անգամ եւս իմաստավորելու ճակատամարտի մասնակիցների սխրանքն ու արիությունը։
Մասնավորապես, մայիսի 1—20—ը «Վերածնունդ» հուշահամալիրի տարածքում անցկացվելու է «Մեր պապերի սխրանքները» խորագրով միջազգային սիմպոզիումը, որն ամենամյա է լինելու։ Այն ղեկավարելու է իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառման մասնակիցների թվում լինելու են Իտալիան, Հնդկաստանը, Բելգիան, Ճապոնիան, Բելառուսը, ինչպես նաեւ Արցախը եւ, բնականաբար, մեր երկիրը ներկայացնող քանդակի վարպետներ։ Սիմպոզիումի շրջանակներում անցկացվելու են վարպետության դասընթացներ, դասախոսություններ, տարբեր հանդիպումներ եւ այլն։
Մայիսի 8—ին մայիսյան հաղթանակները կնշանավորվեն մարզական միջոցառումով՝ մարաթոնյան վազքով, որը նույնպես կանցկացվի հուշահամալիրի տարածքում։ Հաջորդը մայիսի 13—ին է՝ ամենամյա ավանդական ուխտագնացություն դեպի Լուսագյուղի Վերի վանք (17—րդ դար), որը կրում է «Վերի վանքի կամ Թուխ Մանուկի տոն» խորագիրը։ Այն կիրականացվի Ապարանի հրապարակից եւ կուղեկցվի ապարանյան թաղալուներով։
Միջոցառման շրջանակում նշվելու է նաեւ ջանգյուլումի կամ գնարբուկի հոգեւոր—ծիսական տոնը, որը նվիրված է երկրորդ ծաղկազարդին եւ Հիսուս Քրիստոսի համբարձմանը։ Մասնակիցները հնարավորություն կունենան նաեւ այցելելու Լուսագյուղի տարածքում գտնվող հնամենի Մխեի վանք (4—րդ դար)։
Ընդ որում, այս եւ այլ միջոցառումներ, նախապես ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածության համաձայն, արդեն ներառված են զբոսաշրջային մի շարք կազմակերպությունների տուրփաթեթներում։ Այնպես որ, զբոսաշրջիկների մասնակցությունն ապահովելու հարցում եւս համապատասխան քայլեր արվել են։
Ուխտագնացությունից երկու օր անց՝ մայիսի 15—ին, «Ստվերների թատրոն» խորագիրը կրող միջոցառումն է։ «Այրոգի» թատերախումբը հուշահամալիրի բացօթյա բեմահարթակում հանդես կգա հնօրյա մանրապատումների եւ ազգային հեքիաթների հիման վրա ձեւավորված ներկայացումներով։ Նույն օրը նախատեսված է նաեւ «Սասուն» ազգային երգի ու պարի համույթի (գեղ. ղեկավար՝ Անդրանիկ սարկավագ Մանուկյան) ելույթը։
Նշվելիք տոնակատարությունների մեխը, կարելի է ասել, ՀՀ ԳԱԱ—ի հետ համատեղ «Առաջին հանրապետություն, մայիսյան հաղթանակներ, Բաշ Ապարանի ճակատամարտ» խորագրով երկօրյա (մայիսի 26—27) գիտաժողովն է։ Զեկուցումներով հանդես կգան անվանի գիտնականներ ու պատմաբաններ, առանձին ելույթներ են նախատեսված ճակատամարտի հերոսներ Սեդրակ Ջալալյանի եւ Արսեն Տեր—Պողոսյանի ազգակիցների համար։ Գիտաժողովը կուղեկցվի լուսանկարների եւ արխիվային նյութերի ցուցադրությամբ։
Մայիսի 27—ին երիտասարդների ջահերով քայլերթն է Ապարանի հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր՝ ճակատամարտի մասնակիցների հիշատակը ոգեկոչելու արարողություններով։ Նույն օրը Լուսագյուղում Բաշ Ապարանի հերոսամարտի 100—ամյակին նվիրված հուշաքար կբացվի։ Տոնակատարությունների գլխավոր միջոցառումը, բնականաբար, մայիսի 28—ին է լինելու՝ վերածվելով համաժողովրդական տոնախմբության։
Ի դեպ, ինչպես հավելեց Ապարանի համայնքապետարանի ներկայացուցիչը, տոնակատարությունների ծրագրի շրջանակում նախատեսված է նաեւ Արսեն Տեր—Պողոսյանի աճյունի վերահուղարկավորումը հուշահամալիրի տարածքում։
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ
Արագածոտնի մարզ
|