ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան, Ադրբեջան և Վրաստան ճիշտ ժամանակին է: Ինչպես հաղորդում է Inopressa-ն, այս մասին International Herald Tribune-ի էջերում գրում են Հայաստանում ու Վրաստանում Եվրահանձնաժողովի նախկին դեսպան Դենիս Կորբոյը, Ղազախստանում և Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Քորթնին և Բելառուսում ու Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քեննեթ Յակովիտցը: Նրանք պարզաբանել են, որ Կովկասում առճակատման սպառնալիքը վտանգավոր է ԱՄՆ–ի և ԵՄ–ի շահերի համար: Հեղինակները թվել են այնպիսի վտանգներ, ինչպիսիք են Հյուսիսային Կովկասում ահաբեկչությունները և ապստամբ շարժումները, «Աբխազիայի, Հարավային Օսիայի ռուսական օկուպացիան», հայ-ադրբեջանական պատերազմի աճող հավանականությունը»: «Պուտինի վերադարձը նախագահի պաշտոնին հավելյալ բարդացնող հանգամանք է: Նա ձգտում է մեծացնել Ռուսաստանի ազդեցությունը ԽՍՀՄ նախկին հարևանների վրա՝ ի հակակշիռ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի»,- ասվում է հոդվածում: «Հարկ է վճռականորեն պաշտպանել Վրաստանի անկախությունը և դեմ հանդես գալ նրա տարաքծի 5-րդ հատվածի ապօրինի օկուպացմանը: Չի կարելի թույլ տալ, որպեսզի Մոսկվան վերահսկի Վրաստանի տարածքով կասպիական էներգակիրների արտահանումը»,- խորհուրդ են տալիս նրանք՝ հավելելով, որ ԵՄ-ն և ԱՄՆ–ը պետք է Վրաստանին համոզեն Հյուսիսային Կովկասում հակառուսական տրամադրություններ չբորբոքել: Ըստ դեսպանների՝ ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա Ամերիկան և Եվրոպան պետք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին զգուշացնեն, որ ռազմական գործողությունների վերսկսումը հղի է բացասական հետևանքներով, այդ թվում՝ նաև համատարած պատերազմով: Հեղինակները պնդում են, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այցի ընթացքում պետք է տարածաշրջանի երկրներին վստահեցնի, որ Արևմուտքն ակտիվորեն փորձում է կանխել առճակատումը և հակամարտությունները։
|