Գլխավոր էջ » 2011»Հուլիս»5 » Սահմանադրական իրավունքներն ու ազատությունները պիտի մտնեն յուրաքանչյուր տուն
17:24
Սահմանադրական իրավունքներն ու ազատությունները պիտի մտնեն յուրաքանչյուր տուն
Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը, եւ այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահը
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրության ընդունման եւ դրանում փոփոխությունների կատարման հանրաքվեները հստակ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդի դիրքորոշումը, թե ինչպիսի երկրում է ինքն ուզում ապրել։ Սա անվիճարկելի ընտրություն է, որի նկատմամբ հարգանքն ու հավատարմությունը բոլորիս սուրբ պարտականությունն է։ Սահմանադրության մեջ արտացոլված է սոցիալական, իրավական ու ժողովրդավարական պետություն կերտելու մեր նպատակադրումը։ Այն կյանքի կոչելու ուղղությամբ մեծ գործ է արվել, բայց պետք է խոստովանենք, որ շատ բան դեռ լիարժեք իրականություն չի դարձել։ Այսօր մենք մեր քայլերով, մեր հետեւողականությամբ պետք է կարողանանք նոր թափով խթանել երկրի հետագա ժողովրդավարացումը։ Մեր քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու ազատությունները պիտի մտնեն յուրաքանչյուր տուն եւ հիմնարկ, յուրաքանչյուր գյուղ ու քաղաք, պիտի դառնան ոչ միայն Սահմանադրության, այլեւ կյանքի նորմ։ Մենք դա կարող ենք անել, քանի որ դրա համար կան ե՛ւ իշխանությունների քաղաքական կամքը, ե՛ւ ժողովրդի լայն հատվածի անկեղծ մղումը։ Սիրելի՛ հայրենակիցներ, Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս, որ հնարավորություն ունենանք լիարժեքորեն վայելելու մարդու իրավունքների եւ ազատությունների այն լայն դաշտը, որն ինքներս ենք նախանշել մեր իսկ ընտրությամբ։