Թուրքիան վտանգավոր խաղ է սկսել՝ քաղաքական հաշվարկներով
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին օրերս հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է ԵԱՏՄ—ի հետ կնքել ազատ առեւտրի գոտու համաձայնագիր։ Հայաստանում հայտարարությունը զգալի արձագանք է գտել։ Բայց արդյո՞ք Թուրքիան իսկապես ցանկանում է ԵԱՏՄ հետ ազատ առեւտրի համաձայնագիր, թե՞ դա լոկ հայտարարություն է, որը պայմանավորված է Արեւմուտքի հետ բարդ հարաբերություններով։
«Գիտեք, որ այս վերջին օրերին Գերմանիան կրկին հայտարարեց, որ Թուրքիայի հետ ԵՄ—ի ազատ առեւտրի գոտու պայմանագիրը չի ստորագրվի։ Հայտնի է, որ նրանք ազատ առեւտրի գոտի ունեցել են, բայց հիմա այնտեղ ինչ—որ գործընթաց պետք է լիներ՝ է՛լ ավելի սերտ տնտեսական համագործակցություն, նույնիսկ խնդիր էր դրվել ԵՄ—ին Թուրքիայի անդամակցության մասին, բայց ԵՄ անդամ Գերմանիայի, Ավստրիայի եւ այլ պետությունների հետ Թուրքիայի հարաբերությունների այս վերջին սրացումը, այնտեղ մարդու իրավունքների վատթարագույն վիճակը հանգեցրեց նրան, որ ԵՄ—ն հստակ փակեց Թուրքիայի անդամակցության հեռանկարը, եւ ամենակարեւորը, ազատ առեւտրի պայմանագրի թարմացումն այժմ մերժում են։ Ուղղակի Մերկելը դրա շեշտը նորից դրեց»,– «168.am»—ին ասել է գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը։
Ըստ նրա՝ այս հարցում Հայաստանի հետ սահմանի փակ լինելու խնդիրը գլխավորը չէ։ Ս. Գրիգորյանի կարծիքով՝ մենք պետք է հասկանանք՝ Թուրքիայի պաշտոնյայի հայտարարությունը շանտա՞ժ է Եվրոպայի նկատմամբ, թե՞ իրական ցանկություն. «Եթե պատկերացնենք, որ շանտաժ չէ, եւ իրենք իսկապես ուզում են ստորագրել նման համաձայնագիր ԵԱՏՄ—ի հետ, այստեղ է, որ Հայաստանը, քանի որ ԵԱՏՄ անդամ է, մեծ առավելություն է ստանում։ Հայտնի է, որ ցանկացած երկրի հետ եթե ԵԱՏՄ—ն ինչ—որ փաստաթուղթ է ուզում ստորագրել, անդամ բոլոր պետությունները վետոյի իրավունք ունեն։ Այս հանգամանքներում Հայաստանը խաղաքարտ է ստանում եւ լուրջ ազդեցություն կարող է ունենալ այդ պրոցեսի վրա, կարող ենք հայտարարել, որ Թուրքիան այդ դեպքում չի կարող հայ—թուրքական սահմանը փակ պահել։ Դա շատ ուժեղ լծակ է Թուրքիայի դեմ, եթե նա իրոք ուզենա ԵԱՏՄ—ի հետ մաքսային համաձայնագիր ստորագրել»։
Հարցին՝ եթե Թուրքիայի մտադրությունները լուրջ չեն, արդյոք Մոսկվան կհանդուրժի՞ Արեւմուտքից ավելին կորզելու նպատակով Թուրքիայի նման խաղերը, Ս. Գրիգորյանը պատասխանել է. «Դժվար է ասել՝ Թուրքիան կմարսի՞ դա, թե՞ ոչ, բայց այդ խաղը շատ վտանգավոր է։ Թուրքիան ուզում է օգտագործել Ռուսաստանի հակասություններն Արեւմուտքի հետ, բայց այստեղ կարող է նաեւ լուրջ խնդիրների առջեւ կանգնել։ Եթե ե՛ւ ԱՄՆ—ի, ե՛ւ ԵՄ—ի հետ Թուրքիայի հարաբերությունները վատթարանան, ապա նրա վիճակը շատ ծանր կլինի։ Ի վերջո, այդ խաղերը ԵԱՏՄ—ի հետ ի՞նչ կտան Թուրքիային»։
«Հայ ազգային կոնգրեսի» վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը հավանական չի համարում, որ Թուրքիայի՝ ԵԱՏՄ—ին անդամակցությունն առաջիկայում իրականություն կդառնա։ Նա իր ասածը պատճառաբանել է հայ—թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակով եւ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներով։
Հարցին, թե կարծո՞ւմ է, որ Հայաստանը կօգտագործի իր վետոյի իրավունքը եւ կընդդիմանա Թուրքիայի անդամակցությանը, Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Հայաստանի դիրքորոշումը կերեւա բանակցություններում։ Ես կասկածում եմ, որ որեւէ մեկը կգտնվի, որ կասի՝ Հայաստանի դիրքորոշումն այս է կամ այն։ Սակայն քանի դեռ Թուրքիայի կողմից նախաձեռնություն չկա Հայաստանի հետ խորհրդակցություններ անցկացնել այդ թեմայով, թեման քննարկելն անիմաստ է»։
Նա նշել է, որ մինչեւ ԵԱՏՄ անդամ Հայաստանի հետ Թուրքիան բանակցություններ չսկսի, եւ չբավարարվեն ԵԱՏՄ—ի մինիմալ պայմանները, խոսել Թուրքիայի՝ ԵԱՏՄ անդամ լինելու մասին, անիմաստ է։
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանին ձեռնտու է, որ Թուրքիան ԵԱՏՄ անդամ դառնա, եւ հայ—թուրքական սահմանները բացվեն, Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Բանակցությունները դա ցույց կտան։ Մենք ունենք մեր պայմանները եւ պետք է ներկայացնենք մեր պայմանները բանակցությունների ժամանակ»։
Նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանի համար ամեն ինչը շատ պարզ է՝ թեեւ Թուրքիայի առջեւ ԵՄ դռները փակ են ու հարաբերությունները Արեւմուտքի հետ լարված, բայց այդ երկիրը այլ տնտեսական գոտու անդամ է։ Այս դեպքում գործում է հստակ կանոնադրություն։
Նա ընդգծել է, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը շեշտել է, որ Թուրքիան մեծ ցանկություն ունի համագործակցել ԵԱՏՄ—ի հետ՝ չվնասելով իր ու Եվրամիության միջեւ եղած մաքսային համագործակցությունը։ Նախարարի խոսքերը այսպես է մեջբերում թուրքական «Բիրգյուն» պարբերականը։ Այս ամենից արդեն հայ վերլուծաբանները ենթադրություններ են անում, որ Թուրքիայի պաշտոնյաների հայտարարություններն այս թեմայով ավելի շատ քաղաքական են, քան տնտեսական։
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշել է, որ դա վտանգ է, որը Հայաստանն արդեն զգացել է։ Հայաստանն ու Թուրքիան լուրջ մրցակիցներ են հանդիսանալու սննդամթերքի շուկայում։ Միրգը, բանջարեղենը ազատ մուտք կգործեն ԵԱՏՄ, իսկ սա նշանակում է, որ մեր ապրանքն ավելի դժվար կիրացվի 180 միլիոնանոց շուկայում ու պակաս մրցունակ կլինի, քանի որ թուրքական սննդամթերքը սովորաբար ավելի էժան է։ hhpress.am
Ա. Խ.
|