«Ես պատասխանատու եմ լինելու տնտեսական բլոկի եւ տարածքային կառավարման համար։ Համապատասխանաբար, աշխատակազմի մեջ մենք որոշակի փոփոխություններ ենք կատարում, ճշգրտում ենք վարչությունների խնդիրներն ու գործառույթները, եւ շատ ամուր, շատ հասցեական պետք է աշխատենք»,–այս մասին հայտարարել է ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն իր մոտ կառավարության տնտեսական բլոկը համակարգող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցած խորհրդակցության ժամանակ։
«Ի՞նչ եմ ակնկալում գործընկերներից. ամեն մեկն իր մասով վերանայում է, ռեստարտ է անում այս տարվա պլանը։ Երեք ամսվա տվյալներով, որոնք կհրապարակվեն շուտով, բավականին լավ թափ ենք հավաքել եւ պետք է այդպես շարունակենք։ Բոլոր ծրագրերը մեզ համար կարեւոր են»,—ասել է նա։
Կառավարության հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Կարեն Կարապետյանը տնտեսական ոլորտի պատասխանատուներին տվել է հստակ հանձնարարականներ, որոնք վերաբերել են պետական կառավարման համակարգի բարեփոխումներին, ներդրումային ծրագրերի մշակմանը, ներկայացմանը, ներդրումների ներգրավմանը, բիզնեսի խթանմանը, գյուղատնտեսության, մասնավորապես, անասնապահության զարգացմանը, մարզերում տարբեր ծրագրերի իրականացմանը, տրանսպորտային համակարգին, ճանապարհաշինությանը, թվային օրակարգի իրականացմանը եւ այլն ուղղությունների։ Առաջին փոխվարչապետը նշել է, որ գերատեսչությունների ծրագրերի վերանայումից հետո դրանք լրացուցիչ կքննարկվեն իր մոտ։
|