Մեր քաղաքում ապրում են մարդիկ, որոնք իրենց կյանքն 
ու գործը նվիրաբերել են հասարակության կարգ ու կանոնի և օրինականության 
պահպանմանը, մարդիկ որոնք իրենց ծառայությամբ վայելում են համընդհանուր սեր
 և հարգանք: Նրանցից մեկն էլ ՆԳՆ Մեծամորի ոստիկանության բաժնի տեղամասային
 տեսուչ, ավագ լեյտենանտ Դավիթ Վանեսյանն է:
Հունիսի 10-ին տեղատարափ անձրևից հետո Մեծամորի ամառանոցի 4-րդ թաղամասում 
առաջացավ կործանարար հեղեղ, որը սպառնում էր Մարգարյանների ընտանիքին: 
Տարեց մարդիկ հողագործական աշխատանքներից հետո գիշերել էին տնակում: 
Ահագնացող հեղեղը սրբելով ամեն ինչ իր ճանապարհին հասել էր Մարգարյանների 
տնակին և քշում էր հորձանքի ուղղությամբ, սպառնալով նրանց կյանքին: 
00:15-ին Մեծամորի ոստիկանության բաժին ահազանգ ստացվեց: Դեպքի վայր գործուղված ավագ լեյտենանտ Դավիթ Վանեսյանը անձնազոհ ու խիզախ 
որոշում կայացրեց` նետվելով հեղեղատը, հաղթահարելով հորձանքի ուժն ու ջրի 
սառնությունը, կոտրեց տնակի լուսամուտի ապակին և դուրս հանեց Մարգարյան 
ընտանիքի երեք անդամներին` փրկելով նրանց կյանքը:
Մարգարյանները իրենց խորին շնորհակալությունն են արտահայտում ՆԳՆ Մեծամորի բաժնի ոստիկանության պետ` գնդապետ Մ. Օհանյանին կազմակերպչական հմուտ գործողություններ դրսևորելու և ճիշտ հրահանգներ տալու համար: Արարատ Մարգարյանը ընտանիքի անունից իրենց երախտագիտությունն է հայտնում նաև ավագ լեյտենանտ Դավիթ Վանեսյանին անձնազոհ ու խիզախ արարքի համար, ավելացնելով, -մեր ընտանիքը պարտական է նրան վճռական որոշման ու աներկյուղ քայլերի համար:
 Մենք ևս մեր հիացմունքն ենք արտահայտում Մեծամորի ոստիկանության աշխատակիցներին անձնազոհ ծառայության համար, ցանկանալով ամենայն բարիք իրենց դժվարին բայց պատվաբեր աշխատանքում:
Հասարակայնության հետ կապերի և լրատվության  բաժին