ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 21:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 12 » Տնտեսական աճի տեմպերը հուսադրող են /Ինչը թույլ կտա արմատական բարեփոխումներ իրականացնել/
10:15
Տնտեսական աճի տեմպերը հուսադրող են /Ինչը թույլ կտա արմատական բարեփոխումներ իրականացնել/

Թեպետ կառավարության անդամները մի քանի օր է պաշտոնակատարներ են, սակայն ԱԺ—կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նրանց ուղղված հարցերի լրջությունը դրանից չնվազեց։
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը նշեց, որ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի համար տնտեսական խնդիրներ է ստեղծում։ Նա մասնավորապես նշեց՝ ռուսական ռուբլին գահավիժում է, ՌԴ—ի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում, եւ հարցրեց, թե կառավարությունը ստեղծված տնտեսական իրավիճակից ինչ ելքեր է տեսնում։
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չհամաձայնեց պատգամավորի գնահատականներին։ «Ինչ վերաբերում է ԵԱՏՄ—ին անդամակցությանը՝ ճիշտ ենք արել, թե չէ, համոզված եմ՝ ճիշտ ենք արել։ Մենք ունենք առեւտրային արտոնյալ ռեժիմներ՝ մենք 180 միլիոնանոց շուկա ունենք։ Ավելին, դա ոչ միայն մեր ներքին ներուժի զարգացումն է, դա նաեւ ինվեստորին հրավիրելու խնդիր է,–ասաց նա։–Եթե Դուք վիճակագրությանը ծանոթանաք, 2017 թվականին արտահանման, ներմուծման աճն ավելի շատ այլ շուկաներում ենք ունեցել, քան ԵԱՏՄ—ում։ Մենք որեւէ սահմանափակում չունենք այլ շուկաներ մտնելու առումով։ Գիտեք, որ ունենք GSP+ ռեժիմ ԵՄ—ի հետ, GSP ռեժիմ ԱՄՆ—ի, Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի հետ եւ նաեւ ազատ տնտեսական գոտի Մեղրիում, ինչի միջոցով այս տարի շատ ինտենսիվ պետք է աշխատենք Իրանի շուկայի հետ»։
Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ ԵԱՏՄ շուկայում խնդիրներ կան, սակայն դա աղետ չէ։ «Ինչ եք առաջարկում, գնանք ռուբլին կարգավորե՞նք։ Ո՞վ է ասել, թե վաղը եվրոպական շուկայում չի կարող լինել ճգնաժամ»,—հարցրեց նա։
Պատգամավորը նաեւ բարձրաձայնեց Ռուսաստանում հայ վարորդների խնդիրների մասին՝ հարցնելով, թե կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում հայ վարորդների իրավունքները պաշտպանելու համար, քանի որ վերջին օրերին դարձյալ ահազանգեր կան, որ նրանք խնդիրներ ունեն։
«Դիմում են, ուրեմն այդ հարցը կքննարկվի,–արձագանքեց Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ դա այնքան էլ մեծ խնդիր չէ։–Ի՞նչ են ասում վարորդներին, ասում են՝ եթե այդ երկրում ուզում ես աշխատել, դու ռուսերեն պիտի իմանաս»։
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Կարեն Կարապետյանին եւ կոալիցոն կառավարության բոլոր անդամներին նախ շնորհակալություն հայտնեց 1,5 տարվա արդյունավետ աշխատանքի համար։
«Կարծում եմ՝ ձեր գործունեության առաջին արդյունքներն ակնհայտ ու հուսադրող են,–ասաց նա, ապա հավելեց.–Նոր կառավարության կազմավորումից առաջ կուզեի ամփոփեիք՝ որոնք են այս կառավարության հիմնական հաջողությունները, ձեռք բերված տնտեսական ցուցանիշները, որ ուղղություններով անելիքներ շատ ունենք, որպեսզի սկսված վճռական բարեփոխումները դառնան որակական ու հասանելի Հայաստանի քաղաքացիների ավելի լայն հատվածի»։
Կարեն Կարապետյանն ասաց, որ շնորհակալ է հարցի եւ գնահատականի համար։ «Ցավոք, այն թվերը, որ ունենք, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի չի զգում, բայց ցանկացած տնտեսական համակարգի համար այդ թվերը բավականին հուսադրող են, եւ ինչ—որ առումով մենք չենք թաքցնում, որ մեր կոալիցիոն թիմը բավարարվելու իրավունք ունի։ ՀՆԱ—ի 7,5 տոկոս աճ, արդյունաբերության 12,6 տոկոս աճ, 25 տոկոս արտահանում, 29 տոկոս ներմուծում, 28 տոկոս արտաքին առեւտրաշրջանառություն եւ այլն»,–ասաց նա։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ առաջին երեք ամիսները դեռ ամփոփված չեն, բայց երկու ամսվա տվյալներով ունեն տնտեսական ակտիվության աճ՝ 8,6 տոկոս, որը ենթադրում է որ ՀՆԱ—ն դրան մոտ պիտի լինի։
«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նրան, որ մենք ունենք, որոշակի առումով, ֆորսմաժորային իրավիճակ, որ Թեղուտի մեր համապատասխան ձեռնարկությունը չի աշխատում, որը շատ մեծ կշիռ էր։ Այս պարագայում էլ երկու ամսվա համար ունենք տնտեսության 8,6 տոկոս աճ, 43 տոկոս էքսպորտի, 45 տոկոս իմպորտի եւ արտաքին առեւտրաշրջանառության աճ»,–հայտնեց նա։
Կարապետյանի խոսքով՝ յուրաքանչյուր գերատեսչություն եւ նախարարություն, մակրո առումով, ունի իր տեսլականը, թե ուր պետք է գնա։
«Մենք բավական երկար աշխատել ենք «2030» ծրագրի վրա, որը ներկայացրել ու զեկուցել ենք հանրապետության նախագահին եւ մոտ ժամանակներս կներկայացնենք հանրային քննարկումների։ Կարծում եմ, որ մեր քաղաքացիները բավարարված կլինեն, որ տեսնեն՝ ինչ նշաձող ենք այնտեղ հայտարարում։ Շատ հավակնոտ եւ բավականին քրտնաջան ու հետեւողական աշխատանք պահանջող ծրագիր է։ Այն ծանրաձող է, բայց՝ իրագործելի, մենք մեր մաքսիմալ ներուժը պետք է ներգրավենք։ Ծրագրով սահմանված է՝ ինչպես ենք բիզնես պլանները փոխելու, ոնց ենք կառուցելու մեր վաղվա օրը՝ բոլոր ոլորտների հետ կապված։ Եվ մենք համոզված ենք, որ մոտակա տարիներին ունենալու ենք տնտեսական աճ, որը չափազանց կարեւոր է, եւ որի համար մենք երկար հորիզոնով, արմատական փոփոխություն պետք է անենք»,–ասաց Կ. Կարապետյանը։
«Մենք 2017թ. ապահովել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ։ Առաջիկայում կհրապարակենք 2018թ. առաջին եռամսյակի ցուցանիշները, որոնք իրենց տեմպով ավելի առաջանցիկ են, քան 2017—ին։ 7.5 տոկոս աճն ամենաբարձր ցուցանիշն է համեմատելի երկրների հետ։ Ես հավատում եմ, որ մենք մոտ ապագայում ունենալու ենք տնտեսական աճ, որը մեզ հնարավորություն է տալու ֆունդամենտալ բարեփոխումներ անել։ Համոզված եմ, որ վերջին 1.5 տարին դա ցույց է տվել»,–«Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի հարցին, թե երբ են Հայաստանի բոլոր քաղաքացիները զգալու տնտեսական աճի արդյունքները, պատասխանեց Կարեն Կարապետյանը։
Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ 2018թ. համար կանխատեսվել է 4.5 տոկոս տնտեսական աճ՝ վստահեցնելով, որ եթե չլինեն ֆորս—մաժորային իրավիճակներ, կանխատեսում են դրանից բարձր թիվ։ «Եվ այսպես հետեւողական քայլերով մենք գալու ենք նրան, որ մեր երկրում յուրաքանչյուր քաղաքացի դա զգա եւ աշխատատեղերի ստեղծման, եւ սոցիալական փաթեթների միջոցով»,–ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը։
Մանե Թանդիլյանն արձագանքեց, որ վարչապետի նշած տնտեսական աճը որեւէ կերպ չի անդրադառնում քաղաքացիների բարեկեցության վրա։
«Եթե ուզում եք իմ կարծիքը լսել, ապա ես կասեմ, որ 7.5 տոկոս տնտեսական աճը բավարար չէ մեր խնդիրնեը լուծելու համար։ 100 տոկոս տնտեսական աճը բավարա՞ր է, որ բոլոր խնդիրները լուծենք։ Ոչ։ Մեկ տարվա մեջ հնարավո՞ր է բոլոր խնդիրները լուծել որեւէ երկրում։ Ոչ»,–ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ նշելով, որ քաղաքացիների կենսապայմանների բարելավումն անընդհատ պրոցես է։
ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն էլ հարց ուղղեց Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության համակարգի վերաբերյալ։
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը նկատեց, որ ժամանակակից հասարակություններում, որտեղ տեխնոլոգիաները ներթափանցում են մարդու կյանք, հարցն ավելի է կարեւորվում։ Նա նշեց այդ ուղղությամբ կատարված քայլերը. «Ստեղծված է անկախ գործակալություն, որը չի գործում նախարարության կազմում, այնուամենայնիվ, մենք քայլեր ենք ձեռնարկում գործակալության կարողությունները մեծացնելու համար։ Բանն այն է, որ ցանկացած կազմակերպություն, որ զբաղվում է անձնական տվյալների մշակմամբ, պարտավոր է ծանուցում տալ համապատասխան լիազոր մարմնին՝ տեղեկացնելով, թե ինչ ձեւով է մշակելու անձնական տվյալները եւ ինչպիսի անվտանգության միջոցներ է գործարկելու դրանց պաշտպանության համար։ Բնականաբար, դա պահանջում է բավականին լուրջ տեխնիկական գիտելիքներ։ Այս պահին մենք քննարկում ենք. միգուցե վարձենք թանկ արժեցող մասնագետներ, որոնք լուրջ փորձաքննության կենթարկեն համակարգերը»։ Նա նաեւ նշեց, որ մոտ ժամանակներս Հայաստանում պատրաստվում են գործարկել պետական ծառայությունների մատուցման ավելի լայն հարթակներ՝ օգտագործելով mobile ID. «Սա վառ օրինակներից մեկն է, որը դառնալու է գործակալության փորձաքննության առարկան, քանի որ կարեւոր անձնական տվյալները, այդ թվում նաեւ անձի նույնականացման բոլոր հնարավորությունները փաստորեն բացված են լինելու mobile ID—ի շնորհիվ։ Այնպես որ ամենակարեւոր ծառայությունները գտնվելու են մեր ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով առկա ռեսուրսները»։ 
Ամփոփելով՝ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ խնդրի կարեւորությունը գիտակցում են, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման վրա գումար ներդրվում է, այդ գումարներն ամեն տարի ավելանում են. «Հասե՞լ ենք այն մակարդակին, որ երազում էինք, կարծում եմ՝ ոչ։ Դրան միշտ ձգտելու ենք։ Այլ երկրները եւս փորձում են հասնել այն մակարդակին, որ բավարարում է օրվա պահանջներին»։
Արմեն Աշոտյանն առաջարկեց տեխնիկական—տեխնոլոգիական լուծումների հետ միասին ստեղծել նաեւ անձնական տվյալների պաշտպանության համակարգի քաղաքական արտահայտում, մասնավորապես ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի վերամշակման շրջանակներում. «Կարծում եմ՝ ժամանակն է, որ գիտակցենք նման խնդիրների կարեւորությունը նաեւ ազգային անվտանգության տեսանկյունից»։
Դավիթ Հարությունյանը համաձայնեց եւ նշեց, որ արդեն կարող են ձեռնամուխ լինել այդ աշխատանքներին։
«2017 թվականի արդյունքներով Հայաստանում իրականացվել են 495 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ»,–պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության անդամ Լուիզա Սարգսյանի հարցին՝ ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը։
Ըստ նրա՝ այդ ներդրումները պետք է ապահովեին 7500 աշխատատեղ, բայց 2017 թվականին փաստացի ստեղծված է 5700 աշխատատեղ։ Նա հստակեցրեց. «Սրանք այն ներդրումային ծրագրերն են, որոնց մասով պետության կողմից տրամադրվել է օժանդակություն»։
Կարայանը նշեց, որ եւս մեկ անգամ ուզում է պարզաբանել ներդրումների հարցը, որ բոլորի համար հասկանալի լինի։
«Երկու մասից է բաղկացած, մեկը մենք կառավարությունով հայտարարել էինք, որ առհասարակ տնտեսության մեջ այն ներդրումային ծրագրերը, որոնք նախատեսում ենք, որ պետք է իրականացվի պետության, միջազգային դոնոր կազմակերպությունների, համայնքների, մասնավորի կողմից, 835 մլն դոլարի կարգի ներդրումներ են։ Իսկ այն, որ հայտարարել ենք բիզնես ներդրումներ, դրանք բոլոր այն ներդրումային ծրագրերն ենք, որոնց մասով 2017 թվականին կառավարության կողմից տրամադրվել են մաքսատուրքի, ԱԱՀ եւ այլ արտոնություններ։ Դրանք բիզնես ներդրումային ծրագրեր են»,–մանրամասնեց Կարայանը։
ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվեց՝ երիտասարդներին, որոնք մինչեւ ամուսնանալը հիփոթեքով ձեռք են բերել բնակարաններ՝ 12—14 տոկոսով, հնարավոր չէ՞ ամուսնանալուց հետո հնարավորություն տալ օգտվելու «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրից, վերաձեւակերպել վարկային պայմանագրերը։
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը պատասխանելով հարցին ասաց, որ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագիրն ի սկզբանե դիտարկվել է որպես սոցիալական ծրագիր, եւ դրա թիրախում հիմնականում եղել են այն երիտասարդները, որոնք չունեն բնակարան եւ դրա պատճառով ընտանիք չեն կազմում։
«Այս դեպքում մենք պետք է նայենք մեր հնարավորություններին։ Դա նշանակում է՝ մեծացնել թիրախային խումբը, ավելի շատ պարտավորություն վերցնել մեզ վրա։ Իհարկե, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց եթե գնում ենք շրջանակի ընդլայնման, ապա պայմանները պետք է կոշտացվեն, քանի որ բյուջեն այդքան հնարավորություն չունի։ Մենք ունենք նաեւ այլ խնդիրներ՝ թոշակների, աշխատավարձերի բարձրացում եւ այլն։ Դրա համար կարծում եմ, որ դեռեւս մենք պետք է ավարտին հասցնենք մեկնարկած ծրագիրը, քանի որ շահառուների թիվն ավելանում է, միտումը ցույց է տալիս, որ կա պահանջարկ։ Այսինքն՝ այդ գործիքը լավ աշխատում է եւ դեռեւս պետք է թիրախավորենք ամենակարիքավորներին»,–ասաց Վարդան Արամյանը։
Ըստ նրա՝ եթե երիտասարդները կարողացել են բնակարան ձեռք բերել, դա նշանակում է, որ հարաբերականորեն նրանք ավելի լավ եկամուտ ունեն, քան նրանք, որոնք բնակարան ձեռք բերելու համար ունեն բյուջեից օգտվելու կարիք։
«Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը փորձեց տեղեկություններ ստանալ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանից գիտության եւ կրթության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը եւ պայմանները սահմանելու մասին օրենքի նախագծից։ 
«Մեզ քաղաքացիներ են դիմում, ովքեր սպասում են այս նախագծին, որպեսզի հասկանան ի՞նչ պայմանների դեպքում իրենց զավակները կարող են օգտվել այս տարկետումից, որը սպասվում է կառավարության որոշումով»,– հարցրեց պատգամավորը։
Վիգեն Սարգսյանը նշեց, որ ինչպես եւ պայմանավորվել էին, շատ լայն քննարկումներ են եղել բոլոր շահագրգիռ կողմերի հետ այն պայմանները որոշելու համար, որոնց պարագայում բացառիկ դեպքերում կարող են տրվել տարկետումներ առանձնակի հաջողությունների հասածներին։
«Այն նախագիծը, որը տեղադրված է հունվարից, բովանդակային առումով որեւէ մեծ փոփոխությունների չի ենթարկվելու, առաջիկա նիստերից մեկում այն կընդունվի կառավարության որոշման տեսքով։ Նախագծում եղած չափորոշիչները կարելի է հիմք ընդունել»,—ասաց նա։
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նաեւ հավելեց, որ շատ ինտենսիվ քայլեր են ձեռնարկվում գիտական վաշտ ձեւավորելու համար ԶՈւ կազմում՝ այն նորակոչիկների համար, որոնք որ կարող են ծառայության ընթացքում գիտելիքներով ավելի օգտակար լինել ԶՈւ խնդիրների լուծմանը։ hhpress.am

Լ. ԱՍԱՏՐՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 347 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024