ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 21:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 4 » Տնտեսական քաղաքականության նոր մոտեցումներ
14:37
Տնտեսական քաղաքականության նոր մոտեցումներ

Արձանագրվել է վերջին 8 տարիների առաջին կիսամյակի ՀՆԱ աճի ամենաբարձր ցուցանիշը

2018թ. առաջին կիսամյակում արձանագրվել է վերջին 8 տարիների առաջին կիսամյակի ՀՆԱ աճի ամենաբարձր ցուցանիշը, որը կազմել է 8,3 տոկոս։ Այս դրական ցուցանիշը մեջբերելով՝ երեկ պաշտոնավարման 100 օրն ամփոփեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով տնտեսական իրավիճակին թվերով։ Կիսամյակային ցուցանիշներից խոսելով՝ նախարարը տեղեկացրեց, որ, ըստ ճյուղային վերլուծության, տնտեսության աճին նպաստել են առեւտրի եւ ծառայությունների ոլորտը՝ 9,5 տոկոս, իսկ նպաստումը տոկոսային կետով կազմել է 5,3 տոկոս։ Արդյունաբերության ճյուղը կազմել է 6,8 տոկոս, որը տնտեսական աճին նպաստել է 1, 4 տոկոսային կետով, գյուղատնտեսությունը կազմել է 5,8 տոկոս՝ նպաստելով 0,5 տոկոսային կետով։ Զուտ հարկերի ավելացված արժեքը կազմել է 8,7 տոկոս։
Այս տարվա հունվար—հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,3 տոկոս։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական ծավալը աճել է 4,3 տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 4,6 տոկոսով, շինարարության ծավալը՝ 10,4 տոկոսով։ Աճել է նաեւ արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալը՝ շուրջ 4,3 տոկոսով։ Արտահանվել է իրացված արտադրանքի 48 տոկոսը, նախորդ տարվա 45 տոկոսի համեմատ։ Մշակվող արդյունաբերության մեջ բավական մեծ է հագուստի արտադրությունը՝ 50,6 տոկոս։ Նախարարը հարկ համարեց նշել, որ եթե արդյունաբերական արտադրանքի շուրջ 50 տոկոսն արտահանվում է, ապա դա արտահանմանը միտված քաղաքականության արդյունավետ գործընթացի ապահովման արդյունք է։
«Այս տոկոսը թեպետ շատ ավելի բարձր կլիներ, եթե հանքարդյունաբերության ոլորտում անկում չլիներ 11,8 տոկոսով»,–նկատեց նախարարը՝ հավելելով, որ այս ուղղությամբ ցանկացած նվազում ազդում է նաեւ արտահանման ծավալների վրա։ Ընդհանուր առմամբ, արտահանվել է ալկոհոլային խմիչքների 60 տոկոսը, ծխախոտի արտադրանքի 72 տոկոսը, դեղագործական արտադրանքի 56 տոկոսը։ Արտահանման միտվածություն ունեցող այս արտադրատեսակներն էլ ապահովել են արտահանման ծավալների աճը։
Բավական բարձր ցուցանիշներ են արձանագրվել նաեւ արտաքին առեւտրում։ Առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 4089,7 մլն ԱՄՆ դոլար՝ շարունակելով երկնիշ աճը։ Արտահանումը կազմել է 1363,0 դոլար՝ աճը 17,3 տոկոս, իսկ ներմուծումը 2726,7 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 32,1 տոկոսով։
Արտահանման ցուցանիշում դարձյալ ամենամեծ մասնաբաժինն ընկնում է ՌԴ—ին, այնուհետեւ Շվեյցարիային, Բուլղարիային, Գերմանիային եւ Իրաքին։ Ներմուծման առումով դարձյալ ամենամեծ ցուցանիշը՝ 26,6 տոկոս իրականացվում է ՌԴ—ից, այնուհետեւ Չինաստանից, Վրաստանից, Գերմանիայից եւ Իրանից։
Ինչ վերաբերում է ներդրումներին եւ այս ուղղությամբ հաճախակի հնչող հարցադրումներին, ապա Արծվիկ Մինասյանն առաջարկեց նրբանկատ լինել այս հարցում եւ ներդրում ասվածը հասկանալ՝ դիտարկելով վիճակագրական ծառայության ցուցանիշներում հաշվառված համախառն կուտակումը, որը ենթադրում է ներդրման առանձին դրվագներ։
Այսպիսով, 2018 թ. հունվար—հունիսին իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է —53.1 մլն դոլար, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ 81.3 մլն դոլար, ընդ որում ընդհանուր ներդրումները նախորդ ժամանակահատվածի նկատմամբ աճել են 1,3 մլն դոլարով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ 48,4 մլն դոլարով։ Դրանք հիմնականում ուղղվել են մշակող արդյունաբերության, առեւտրի, շինարարության ոլորտներ։ Իսկ ներդրումները եղել են մասնավորապես Կանադայից, ԱՄՆ—ից, Արաբական Միացյալ Էմիրություններից։
Նախարարն առաջարկում է օտարերկրյա ներդրումների ուղղությամբ վերլուծությունն ավելի թիրախային դարձնելու համար ձեռնամուխ լինել ներքին ռեսուրսների համախմբման աշխատանքներին, որպեսզի հստակ գնահատական տրվի, թե, օրինակ, շահույթի, որքան մասն է նպատակաուղղվում սպառմանը, որքան մասը՝ տնտեսմանը, կամ որքան մասն է նպաստում ՀՆԱ-ի առաջնային միջոցների աճին։


10,2 տոկոս աճ  տուրիզմում
 

Տարվա առաջին կիսամյակում հանրապետություն է ժամանել 685,97 հազար զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 10,2 տոկոսով։ Զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 610,9 մարդ, իսկ մեկնած եւ ժամանած զբոսաշրջիկների տարբերությունը կազմել է 75 հազար մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 52 հազարի դիմաց։
Ըստ այցելության, նպատակները եղել են տարբեր. 52,5 տոկոսը Հայաստան են եկել հանգստի եւ ժամանցի նպատակով, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 8,5 տոկոսով, այնուհետեւ գործնական նպատակով, իսկ 1,5 տոկոսը՝ բուժման։ Այլ նպատակներով ժամանողները կազմում են ընդհանուր այցերի 29,2 տոկոսը։ Ինչ վերաբերում է աշխարհագրության բաշխվածությանը, ապա 27,1 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին։


Ակնկալվում է առնվազն 240 մլն  դոլարի ներդրում
 

Թեպետ ոլորտային ուղղությունները բավական շատ են, սակայն բարեփոխումների առումով, նախարար Արծվիկ Մինասյանը անդրադարձավ այն կարեւոր ուղղություններին, որոնց կառավարությունը ձեռնամուխ է եղել 100 օրերի նոր իրողությունների համատեքստում։ Նախարարը հարկ համարեց փաստել, որ վերջին ամիսների ընթացքում մեծ թվով քաղաքացիներ եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ են այցելել նախարարություն, հետաքրքրվել ներդրումային միջավայրով եւ որոշակի ներդրումային ծավալների մասին հայտարարություններ արել։ 
Խոսքը վերաբերում է ավելի քան 1 միլիարդ դոլարին, բայց իրենք փորձում են գնահատել իրատեսականը տեսանելի ժամանակահատվածում։ Այդ ներդրումներից ծավալային առումով նախարարը իրատեսական է համարում առնվազն 240 մլն դոլարը։ «Այդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ աշխատում ենք, որպեսզի իրենք կարողանան իրենց գաղափարները վերածել բիզնես նախագծերի կամ մեր նախարարության միջոցով փորձենք դրանք վերածել բիզնես նախաձեռնությունների, որպեսզի այս ամենի շուրջ հստակ լինի զրույցը»,–ասաց նախարարը՝ հավելելով ներդրումային առաջարկներ են ստացվում ինչպես օտարերկրյա, այնպես էլ սփյուռքը ներկայացնող հայ գործարարներից։ 


Խաղի նույն կանոնները՝ բոլորի համար
 

Միաժամանակ կարեւորագույն գործողություններից մեկը բարեփոխումների շրջանակներում նախարարը համարեց հարկային օրենսդրությունը։ Լայնամասշտաբ հանդիպումների ընթացքում վեր են հանվել օրենսգրքում առկա մի շարք խնդրահարույց, հատկապես ՓՄՁ ոլորտին վերաբերող դրույթներ։
«Բավական լուրջ աշխատանքներ են տարվել այս առումով, շուրջ 500 ներկայացվածություն է եղել եւ այն ներառել է նաեւ մարզերը։ Պետական եկամուտների կոմիտեն ակտիվ մասնակցություն է ունեցել աշխատանքային հանդիպումներին։ Այդ ամենի հիման վրա մշակվել են առաջարկություններ, որոնց հիման վրա առաջիկայում ՀՀ վարչապետի ղեկավարությամբ քննարկման վերջնական արդյունքներով դրանք կներառվեն հարկային բարեփոխումների փաթեթում»,–նշեց նախարարը՝ խոսելով մեկ այլ կարեւոր ուղղությունից՝ առեւտրի եւ ծառայությունների ոլորտից, որտեղ եւս օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում։ Պետք է հստակեցվեն տոնավաճառների կազմակերպիչների եւ դրանք տնօրինողների իրավահարաբերությունները։ Տոնավաճառային եւ նմանատիպ ծառայություններ մատուցողների կողմից ներկայացվող առաջարկությունները պետք է ի սկզբանե լինեն հստակ ու թափանցիկ։
Նախարարը վստահ է՝ այս կերպ բոլորի նկատմամբ նույն պայմանները կգործեն, խաղի նույն կանոնները։ Ի դեպ, անդրադարձ եղավ նաեւ գերիշխող դիրքի չարաշահումներին։ Մեծածախ եւ մանրածախ սոցիալապես զգայուն ապրանքատեսակների առումով պետք է ներդրվի տարանջատման քաղաքականություն։ Մեծածախ ներմուծմամբ կամ արտադրությամբ զբաղվող սուբյեկտները մասնակցություն չեն ունենալու մանրածախ շուկայում, իսկ մասնակցության դեպքում էլ հստակ խաղի կանոններով են առաջնորդվելու։ Շաքարավազի շուկայում, ի դեպ, նախարարի տեղեկացմամբ, ակնկալվում է ունենալ երկրորդ ձեռնարկությունը եւ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում։
Նախարարը խոսեց նաեւ կորպորատիվ կառավարման համակարգի ներդրումից, խոսքը վերաբերում է թե՛ պետական ձեռնարկություններին, թե՛ մասնավոր։ Նրա գնահատմամբ, ցավոք, նախկինում նման համակարգ լիարժեք չի գործել, ինչի արդյունքում ի հայտ են եկել կոռուպցիոն մի շարք դրսեւորումներ, բազմատեսակ խախտումներ թե՛ աշխատակիցների իրավունքների, թե՛ շրջակա միջավայրի առումով։ «Մենք հրաժարվել ենք այն մոտեցումներից, որ հանուն ֆինանսական լավ ցուցանիշների պետք է առաջ տանենք այս կամ այն ծրագիրը։ Բոլոր հարթություններում պետք է պահենք հավասարակշռություն, ինչը վերաբերում է տնտեսական քաղաքականության մեջ հիմնարար փոփոխությանը»,– ասաց Արծվիկ Մինասյանը։
Երկու կարեւոր օրենսդրական նախաձեռնության մասին եւս նախարարը խոսեց։ Մեկը պետություն—մասնավոր գործընկերության օրենքի նախագիծն է, որը գտնվում է կառավարության քննարկման վերջնական փուլում։ Նախաձեռնության նպատակը օտարերկրյա ներդրումների համար երաշխավորված տեսանելի պայմանների ստեղծումն է, այս հարաբերությունը, ըստ նախարարի, պետք է կառուցված լինի հստակ կանոնների վրա։ Երկրորդը ներդրումային նոր օրենքի ստեղծումն է, որը պետք է ապահովի հուսալիություն։ Այսինքն՝ ներդրումների պաշտպանության համակարգը պետք է լրացվի նոր գործիքակազմով, որը կմեծացնի ներդրում կատարելու վստահությունը՝ ապահովագրելով ներդրողին ամենատարբեր ռիսկերից, այդ թվում փոխարժեքի տատանումներից։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամակցությանն ու արտաքին առեւտրում հայ գործարարներին ընձեռած հնարավորություններին, ապա Արծվիկ Մինասյանի վստահեցմամբ, արտաքին առեւտրում եղած էական առաջընթացը բավարար ցուցանիշ չէ։ Նա համաձայն է այն տեսակետին, որ ԵԱՏՄ ընձեռած հնարավորության չնչին մասն է օգտագործվում, ուստի կառավարությունն իր գործելաոճով լուծելու է նաեւ այս խնդիրը, որպեսզի գործընկերության առումով իրական կամուրջ ստեղծվի։ Ըստ նրա՝ Հայաստանը լավագույնն է այս առումով տարածաշրջանում, որը կարող է համատեղել միաժամանակ երկու առեւտրային տարբեր ռեժիմները։
Տնտեսության թռիչքային զարգացման նախարարն ակնկալում է փուլ առ փուլ հասնել՝ ընդունելով տնտեսության բոլոր մարտահրավերները, իսկ ակնառու բարեփոխումները տեսանելի դառնալու համար նա անհրաժեշտ է համարում գործընթացները նույն դինամիկայով շարունակելը։ Նախարարը լավատես է, պարզապես ժամանակ է պետք։ hhpress.am

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 405 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024