Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով ժամանել է Ճապոնիա։ Սենդայ
քաղաքում նախագահն այցելել է «Յուրիագե—Հիյորիյամա» հուշահամալիր,
հարգանքի տուրք մատուցել 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի
երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվածների հիշատակին։ Սերժ Սարգսյանը
ծանոթացել է աղետի հետեւանքները վերացնելու ուղղությամբ կատարված
աշխատանքներին, ապա այցելել ցունամիից տուժածների ժամանակավոր կացարանները
ներառող համայնք եւ Նատորիի վերականգնողական կենտրոնում հանդիպել
բնակիչների հետ։ Նախագահն իր եւ պատվիրակության անունից ողջունել է
աղետից տուժած Սենդայի բնակիչներին եւ նրանց փոխանցել հայ ժողովրդի
համակրանքը։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մոտ մեկ տարի առաջ Ճապոնիայում
տեղի ունեցած երկրաշարժի լուրից Հայաստանում ցնցված էին եւ ուշի ուշով
հետեւում ու աղոթում էին Ճապոնիայի ժողովրդի համար։ «Այդ ժամանակ Երեւանի
Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեհանգստյան պատարագ մատուցվեց։ Ամենայն
հայոց կաթողիկոսի աղոթքներին միացան հազարավոր հայեր եւ աղոթեցին բոլոր
զոհերի հիշատակի համար։ Մենք գիտակցում եւ ընկալում էինք բնության այդ
արհավիրքի ողջ ծանրությունը։ Դուք բազմաթիվ հարազատներ ու մտերիմներ եք
կորցրել, եւ ես գլուխ եմ խոնարհում նրանց հիշատակի առջեւ»,—ասել է նախագահ
Սերժ Սարգսյանը։ Նա նշել է, որ երախտապարտ հայ ժողովուրդը չի մոռացել
բարեկամ Ճապոնիայի օգնությունն ու ջերմ վերաբերմունքը, երբ 1988թ.
Հայաստանն էր մեծ դժվարությունների միջով անցնում՝ միաժամանակ հաղթահարելով
ավերիչ երկրաշարժի հետեւանքները։ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել,
որ պատմության ընթացքում մեծ արհավիրքների դիմակայած ճապոնացիներն այս
դժվարությունն էլ կհաղթահարեն, եւ Ճապոնիայի կառավարությունը ժողովրդի հետ
միասին կկարողանա լիովին վերացնել աղետի հետեւանքները։ «Ճապոնիայի
ժողովուրդն այս փորձությունից ավելի կոփված է դուրս գալու։ Ցանկանում եմ,
որ բոլորն ունենան իրենց տանիքը, տներում մանկան ճիչ լսվի, ընտանիքները
լցվեն ջերմությամբ ու խաղաղությամբ»,—ասել է Սերժ Սարգսյանը։ Սենդայում
հանրապետության ղեկավարին ներկայացրել են նաեւ ցունամիի հետեւանքով ավերված
օդանավակայանում իրականացված վերականգնողական աշխատանքները։ Նախագահ
Սերժ Սարգսյանն այնուհետեւ Սենդայից մեկնել է Տոկիո, որտեղ այսօր՝ հունիսի
6—ին, կմեկնարկեն հանրապետության ղեկավարի հանդիպումները Ճապոնիայի
բարձրագույն ղեկավարության հետ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|