Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքից եւ նշել, որ երկկողմ փոխգործակցությունը կրում է ինտենսիվ բնույթ։ Վարչապետը նշել է, որ մեր երկիրն այժմ գտնվում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման փուլում, եւ անդրադարձել է դրա նպատակներին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում, եւ անդրադարձել բանակցային կարգավորման շուրջ իր դիտարկումներին ու տեսակետներին։ Վարչապետը կարեւորել է Արցախի քաղաքացիական հասարակության ներգրավումը վստահության կառուցման միջոցառումներում, ինչը կնպաստի կառուցողական մթնոլորտի ձեւավորմանն ու բանակցային գործընթացին։
ՀՀ վարչապետն ու Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ։
|