Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում երեկ հյուրընկալվել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ՝ Քրիստինա Սարկիսյանի հետ։
Նա նախագահ Արմեն Սարգսյանին է փոխանցել Շառլ Ազնավուրի շնորհավորական ուղերձը, որում ասված է. «Իմ անկեղծ շնորհավորանքը եւ ջերմ մաղթանքն եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։
Վստահ եմ, որ Ձեր մեծ փորձառությունը եւ մարդասիրական արժեքները հնարավորություն կտան մեծ ներդրում ունենալ Հայաստանի հետագա զարգացման գործում, ինչպես նաեւ լավագույնս ծառայել՝ ի շահ մեր ժողովրդի Հայաստանում եւ ամբողջ աշխարհում։
Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն՝ մեր հայրենիքը խաղաղության եւ բարօրության ճանապարհով առաջնորդելու Ձեր վճռական առաքելության մեջ»։
Շնորհակալությամբ ընդունելով ուղերձը՝ նախագահ Սարգսյանն անգնահատելի է համարել Շառլ Ազնավուրի ծառայություններն իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու ուղղությամբ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|