ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 04:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 5 » Զերծ մնալ ուժի կիրառումից /Հիլարի Քլինթոնը կոչ է անում Ղարաբաղի հարցում գործել միայն բանակցությունների միջոցով/
12:24
Զերծ մնալ ուժի կիրառումից /Հիլարի Քլինթոնը կոչ է անում Ղարաբաղի հարցում գործել միայն բանակցությունների միջոցով/

ԱՄՆ—ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայաստանյան վերջին այցից երկու տարի է անցել։ 
Այդ ընթացքում եւս Քլինթոնը հայաստանցի իր պաշտոնակցի հետ արդյունավետ հանդիպումների շատ առիթներ է ունեցել։ 
Քլինթոնի հերթական աշխատանքային այցը Երեւան նշանավորվեց Հայաստանի եւ ԱՄՆ—ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20—ամյակի հետ։ Այն համընկավ նաեւ տխուր միջադեպի հետ. հայ—ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների հետեւանքով 3 հայ զինծառայող զոհվեց։
Պետքարտուղարը տխրությամբ է լսել սահմանային այս միջադեպի մասին լուրը։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում նա ասաց. «Ինձ մտահոգում է հայ երիտասարդների անիմաստ մահը. ուժը պետք է բացառվի։ Մենք կոչ ենք անում բոլոր մասնակիցներին զերծ մնալ ուժի կիրառումից եւ դաժանությունից»։
Նա խոստացավ ուժի չկիրառման կոչը հնչեցնել նաեւ Բաքվում։
Քլինթոնը նշեց, որ հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, սակայն կա վտանգ, որ վիճակը կարող է սրվել։ ԱՄՆ—ն եւ Մինսկի խումբը նվիրված են իրենց գործին՝ ամեն ինչ անել այդ վտանգը կանխելու համար։ 
«ԱՄՆ—ն հավատացած է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի հելսինկյան եզրափակիչ ակտի հիմքով՝ ուժի եւ դրա սպառնալիքի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշում եւ հավասար իրավունքներ։ Այս սկզբունքներից որեւէ մեկը չպետք է գերակայի»,–ասաց Հ. Քլինթոնը։
Քլինթոնը միեւնույն ժամանակ անհրաժեշտ է համարում, որ սահմանային միջադեպը չխանգարի կողմերին առաջ շարժվելու հարցում. «Երկու երկրների քաղաքացիները պետք է փորձեն խաղաղ ապրել այս տարածաշրջանում»։
Էդ. Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանը դատապարտում է ադրբեջանական կողմի կոպտագույն սադրանքները հայ—ադրբեջանական սահմանին։ Նա ուշադրություն հրավիրեց այն իրողության վրա, որ չբավարարվելով Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտելով՝ ադրբեջանցիները փորձում են սրել իրավիճակը նաեւ Հայաստանի հետ սահմանին, ինչը, ըստ նախարարի, վտանգում է գործընթացը եւ տարածաշրջանային կայունությունը. «Հնարավոր հետեւանքների պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա»։ 

«Հայ—թուրքական եւ Ղարաբաղի խնդիրների միջեւ կապ չկա եւ չպետք է լինի»

Քլինթոնի այցի օրակարգից չէր կարող դուրս մնալ հայ—թուրքական հարաբերությունների հարցը։ ԱՄՆ—ի գլխավոր դիվանագետը երկու տարի առաջ Երեւանում հայտարարեց, որ գնդակը թուրքական դաշտում է։ Այսօր էլ նա չի փոխել իր գնահատականը։ «Մինչեւ հիմա գնդակը Թուրքիայի դաշտում է. Հայաստանն իր արածն արել է»,–ասաց պետքարտուղարը՝ հավելելով, որ հայ—թուրքական եւ Ղարաբաղի խնդիրների միջեւ կապ չկա եւ չպետք է լինի։ Երկու հարցով էլ ԱՄՆ—ն եղել եւ լինելու է ակտիվորեն ներգրավված։ Քլինթոնը կարեւորեց տարածաշրջանում բաց սահմանների առկայությունը, ինչն էլ իր այցի նպատակներից մեկն է։
ԱՄՆ—ն շարունակում է աջակցել հայ—թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին. «Մենք աջակցում ենք առանց նախապայմանների արձանագրությունները վավերացնելուն եւ ողջունում ենք Սերժ Սարգսյանի ջանքերն այդ ուղղությամբ»։
Նալբանդյանը թեմայի շուրջ հայտարարեց, որ այս պահին հայ—թուրքական բանակցություններ չկան եւ չեն էլ կարող լինել. «Դրանք ավարտվել են, դրանց արդյունքում ստորագրվել են արձանագրություններ, որոնք Թուրքիան չի ցանկանում վավերացնել»։ 
Հայ—թուրքական հարցում Հայաստանը մնում է նույն իր սկզբունքային դիրքորոշմանը՝ հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների. «Չեմ կարծում, որ Թուրքիան իրավունք ունի նախապայմաններ առաջ քաշել»։

Համագործակցությունն իր բարձագույն մակարդակին է հասել

Քլինթոնի այցը վկայում է տարածաշրջանի հանդեպ նրա առանձնահատուկ վերաբերմունքի մասին։
ՀՀ ԱԳ նախարարը գնահատեց, որ Հայաստանի եւ ԱՄՆ—ի ղեկավարների հանդիպումները վկայում են երկու երկրների բարեկամության մասին, որին նպաստում է նաեւ ԱՄՆ—ի հայկական համայնքը։
Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստան—ԱՄՆ երկկողմ համագործակցությունն իր բարձագույն մակարդակին է հասել տարբեր ոլորտներում։ Իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ—երկիր՝ ԱՄՆ—ն իր շարունակական աջակցությունն է բերում Ղարաբաղի կարգավորման գործընթացին, որը միշտ եղել է ԱՄՆ—ի նախագահի եւ պետքարտուղարի ուշադրության կենտրոնում. «Մենք հավատում ենք, որ Հայաստան—ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20—ամյա հոբելյանը նոր, առավել լայն հեռանկարներ կբացի հարաբերություններում»։
Քլինթոնը հայաստանյան իր հանդիպումների ընթացքում քննարկումների լայն թեմատիկա է ունեցել։ Նա գնահատեց, որ ժողովրդավարության ճանապարհը Հայաստանը դեռ չի ավարտել. ԱՄՆ—ն հուսով է, որ քայլերն այդ ուղղությամբ կշարունակվեն, մասնավորապես՝ ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավուքների հարցերում։
Պետքարտուղարը մեծ ուրախությամբ է միջազգային դիտորդներից լսել, որ վերջին խորհրդարանական ընտրություններին հայաստանյան կուսակցությունները հիմնականում կարողացել են ներկայացնել իրենց նախընտրական ծրագիրը. «Հավատացած եմ՝ Հայաստանն ունի պայծառ ապագա»։

Մարդու իրավունքները՝ ուշադրության կենտրոնում

Հիլարի Քլինթոնը ներկա է գտնվել ԱՄՆ—ի դեսպանության, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ»կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ եւ ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը, որով մեծարվում էին այն անհատները, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման դիրքերից, հայտնում է «Panorama.am»–ը։
Պետքարտուղար Քլինթոնը իր խոսքն է հղել միջոցառման մասնակիցներին եւ առանձին հանդիպում ունեցել մրցանակներ ստացած անձանց հետ։ Ըստ աղբյուրի, համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման այս միջոցառումը միջազգային կառույցների առաջին համատեղ նախաձեռնությունն էր՝ ուղղված Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում քաղաքացիական ակտիվիստների, պետական պաշտոնյաների ու ԶԼՄ—ների ներկայացուցիչների ներդրումների ներկայացմանը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, ՀԿ—ների եւ ԶԼՄ—ների ներկայացուցիչներ։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 439 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024