ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 24.06.2017, 05:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [423]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [325]
Մշակույթ [12]
Հասարակություն [611]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [123]
Քաղաքականություն [472]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 7 » Առաջնագիծը համալրված է ամբողջությամբ /Ադրբեջանական ոչ մի սադրանք անպատասխան չի մնում/
09:37
Առաջնագիծը համալրված է ամբողջությամբ /Ադրբեջանական ոչ մի սադրանք անպատասխան չի մնում/

Արցախա—ադրբեջանական շփման գծում իրավիճակը մնում է կայուն լարված, սակայն նախորդ ամիսների համեմատ ներկայումս ակտիվության նվազման միտում կա։ Այս մասին Ստեփանակերտում երեկ կայացած ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ—լեյտենանտ Լեւոն Մնացականյանը։ Նրա խոսքով՝ չնայած ժամանակ առ ժամանակ լարվածություն լինում է, այն երկար չի տեւում։
«Եթե համեմատենք ապրիլյան գործողություններից հետո տիրող իրավիճակի հետ, ապա լարվածությունը մի քանի անգամ նվազել է։ Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն—հետախուզական գործողությունները ձախողվել են։ Վերջին անգամ դրանք եղել են փետրվարին։ Մի քանի անգամ նվազել են նաեւ տարբեր տրամաչափի զենքերից կրակոցները եւ խախտումները։ Որակական տարբերություն եւս կա։ Եթե նախորդ տարի նրանց կրակոցներն ավելի դիպուկ էին, ապա այս տարի որոշակի տարբերություն կա այդ մասով։ Դեռեւս չեն դիտվում զարգացման միտումներ»,–ասաց Լ. Մնացականյանը։
Նրա խոսքով՝ ՊԲ—ի կողմից տրվել են նպատակային այնպիսի պատասխաններ, որպեսզի փորձ չձեռնարկվի հետագայում նման հարվածներ հասցնելու, ընդ որում՝ հայկական կողմն աշխատել է այնպիսի հարվածներ հասցնել, որ վնասը մի քանի անգամ ավելին լինի, քան ադրբեջանական կողմն է հայկական կողմին հասցրել. «Ադրբեջանական կողմի ցանկացած գործողության ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը պատասխանել է։ Եղել է դիպուկահարների կրակ, որին երկու անգամ ավելի պատասխանել է տրվել։ Ադրբեջանական կողմից կատարվող մի խախտում չկա, որին մեր կողմից պատասխան չտրվի ու չներկայացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Չենք թաքցնում, քանի որ խախտումն իրենք են անում, եւ մենք դրան պատասխանում ենք։ Խախտման մի դեպքից հետո զրուցել եմ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, եւ առաջին դեպքն է եղել, երբ համանախագահներն իրենց հայտարարությունների մեջ նշել են, որ Ադրբեջանն է խախտել հրադադարի ռեժիմը։ Հույս ունենք, որ նման հայտարարություններ հետագայում ավելի հաճախակի կլինեն»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հունիսի 13—ին Արցախի Հանրապետություն նախատեսված այցի շրջանակներում պաշտպանության բանակը կրկին կներկայացնի ադրբեջանական կողմի բոլոր խախտումները եւ հայկական կողմի պատասխանները։ Անդրադառնալով հրադադարի ռեժիմի խախտման հետաքննական մեխանիզմների ներդրմանը՝ Լ. Մնացականյանը շեշտեց, որ հայկական կողմը միշտ էլ կողմնակից է եղել դրան. «Այստեղ ադրբեջանական կողմն է փորձում առիթների դեպքում խոչընդոտել դրանց ներդրումը։ Այդ մեխանիզմները մեր կողմից ներդրվում են, եւ առաջիկայում դրանք կլինեն։ Համանախագահները եւս կողմ են դրանց ներդրմանը»։
Միաժամանակ Լ. Մնացականյանը փաստեց, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում հարկավոր է լավատես լինել. իրավիճակի լուծումը դրական է լինելու. «Մեր գործն արդար է, մենք պետք է հասկանանք, թե ինչի համար ենք պայքարում։ Ամեն ինչ մոտիվացված է, եւ հաղթանակը մերն է լինելու։ Ադրբեջանը գնալով փորձելու է իրավիճակը լարել, որպեսզի վնասներ հասցնի մեզ, իսկ մենք ամեն ինչ անելու ենք, որ անհրաժեշտության դեպքում վերջնական հարված տանք»։
Խոսելով նախորդ տարվա ապրիլից հետո սահմանագծում իրականացված մեծածավալ աշխատանքների մասին՝ գեներալ—լեյտենանտն ասաց, որ ոչ միայն տեսադիտարկող սարքեր են տեղադրվել, այլ նաեւ իրականացվել է ինժեներական կահավորում, բարելավվել են անվտանգության ապահովման եւ կենցաղային պայմանները։ Տեսադիտարկման համակարգերով բացառվել կամ նվազագույնի է հասցվել մարդկային գործոնը սահմանափակ տեսանելիության գոտիներում դիտարկելիս. այդ առումով առաջնագիծն ամբողջությամբ վերահսկելի է։
Խոսելով «Ազգ—բանակ» հայեցակարգի մասին՝ Լ. Մնացականյանն ասաց, որ դրա իրագործումը կարելի է սկսել ընտանիքից։ Դա այն ընտանիքն է, որը նպաստում է մեր պետականության կառուցմանը, եւ որի զավակը մասնակցում է երկրի անվտանգության ապահովմանը.    «Ազգ—բանակ» հայեցակարգի հաջորդ օղակը դպրոցն է, որը նույնպես շաղկապող օղակ է։ Դրանից հետո բուհերն են, որտեղ ուսանելու շրջանակում ուսանողը, տարկետումը փոխարինելով սպայական դասընթացներով, երեք տարով պայմանագիր կկնքի բանակի հետ եւ իր գիտելիքները կներդնի մեր պաշտպանության բնագավառում։ Գաղափարի իրականացման մասնակից եմ համարում ձեռնարկատերերին, ովքեր մատակարարումներ են իրականացնում բանակի համար։ Այն նաեւ մեր հասարակության ընդհանուր վերաբերմունքն է մեր բանակի նկատմամբ։ Այսինքն՝ մեր առօրյա գործընթացների արդյունավետ իրականացումը կթեթեւացնի զինվորի ծառայությունը սահմանին, կբարձրացնի ծառայության արդյունավետությունը, կզարգանա նրա զինանոցը»։
Անդրադառնալով ծառայության ժամանակ զինծառայողի զոհվելու կամ վիրավորում ստանալու դեպքերին՝ ՊԲ հրամանատարը տեղեկացրեց, որ նման ցանկացած դեպքի մասին րոպեների ընթացքում առաջին հերթին տեղեկացվում են զինծառայողի ծնողները։ Լ. Մնացականյանի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ զինվորի ծնողը գտնվում է արտերկրում, եւ նպատակահարմար չէ, որպեսզի նա իր երեխայի մահվան մասին իմանա լրատվամիջոցներից. «Ադրբեջանական կողմն ունենում է կորուստներ, սակայն դրա մասին ոչ ոք չի հրապարակում։ Նրանց մոտ այդպիսի լրատվական քաղաքականություն է որդեգրված։ Մենք փորձում ենք նրանց հասարակությանը տեղեկացնել, որ իրենց պաշտպանական կառույցը թաքցնում է կորուստները, սակայն ոչ ոք չի կարող մեզ մեղադրել, որ մենք նույնպես թաքցնում ենք մեր կորուստները։ Հայկական բանակում ընդհանրապես նման դեպք չի եղել»։
Ապրիլյան պատերազմի ընթացքում զինամթերքի պակասի մասին լրագրողի հարցին ի պատասխան Լ. Մնացականյանը շեշտեց, որ սպառազինության պակաս այդ ժամանակ չի եղել։ Ավելին, մարտալրակազմը դիրքերում մի քանի անգամ ավելի է եղել, քան սահմանված է. «Ներկայումս սպառազինության տեսականու առումով ունենք աճ առաջնագծում։ Այն համալրվել է տեխնիկապես ավելի արդիական եւ նոր միջոցներով։ Արցախի ՊԲ—ն աշխատանք է կատարում նաեւ դիրքեր ինքնահոս ջուր հասցնելու ուղղությամբ»։
Բացի սպառազինությունից, բոլոր դիրքերն ապահովված են դեղարկղերով՝ բժշկական անհապաղ օգնության ցուցաբերման համար։ Մարտական հերթապահության մեկնող զինծառայողներն ապահովված են անհատական վիրակապական միջոցներով։
Լ. Մնացականյանն անդրադարձավ նաեւ Արցախում ջրահեղձ եղած երեք զինծառայողների գործի մասով քննությանը՝ նշելով, որ այն ընթանում է, եւ հետագայում դրա վերաբերյալ պատասխաններ կստացվեն. «Զինծառայողները եղել են վերահսկողությունից դուրս։ Այդ պատճառով աշխատանքից ազատվել են հրամանատարն ու նրա երկու տեղակալները։ Նրանց փոխարեն արդեն նշանակումներ են եղել։ Աշխատանքից ազատվածները տեղափոխվելու են այլ ծառայության։ Նրանք բոլորն էլ մեր սպաներն են, բոլորի կարիքն ունենք եւ նպատակահարմար ենք գտնում, որ բոլորը ծառայեն իրենց ուղղություններով»։
Ասուլիսի ավարտին ՊԲ հրամանատարն իր մաղթանքներն ուղղեց առաջիկա զորահավաքին զորակոչվող նորակոչիկներին. «Մենք ունենք նրանց կարիքը եւ ամեն ինչ անելու ենք, որ նրանց հետագա ծառայությունն անցնի անվտանգ, հարմարվելու փուլն անցնի ավելի սահուն, որոշակի պատրաստություն անցնելուց հետո ընդգրկվեն մարտական հերթապահության եւ մասնակցեն մեր անվտանգության ապահովման գործընթացին։ Ցանկանում եմ նրանց զորակոչվելուց հետո անվտանգ ծառայություն եւ խաղաղություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ միայն ու միայն հաղթանակներ»։ hhpress.am

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 7 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017