ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 18.11.2017, 08:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 23 » Բարձր մակարդակի փոխհարաբերություններ /Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Մոսկվա/
14:35
Բարձր մակարդակի փոխհարաբերություններ /Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Մոսկվա/

Երեկ Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով եւ Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Ռուսաստան, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Այնուհետեւ Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի առանձնազրույցին հաջորդեցին պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված բանակցությունները։
Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ նախարար Լավրովը շեշտեց ավանդական դարձած բարձր մակարդակի այցերի նշանակությունը երկու պետությունների միջեւ դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում։
Հայաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով հրավերի ու ջերմ հյուրընկալության համար, նշեց, որ այս պաշտոնական այցելությունը խորհրդանշական է, քանի որ տեղի է ունենում դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյա հոբելյանի տարում, նաեւ կարեւոր է, քանի որ կայանում է ՀՀ նախագահի՝ Ռուսաստան պաշտոնական այցից առաջ։
Բանակցությունների ընթացքում նախարարները հանգամանալից քննարկեցին Հայաստանի նախագահի՝ Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքը, երկու պետությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ արվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի։
Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները քննարկեցին քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, հումանիտար, մշակութային ոլորտներում համագործակցությունը։
Անդրադարձ կատարվեց արտաքին քաղաքական համադրման, ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ եւ միջազգային բազմակողմ այլ հարթակներում փոխգործակցության հետ կապված հարցերին։
Էդվարդ Նալբանդյանը եւ Սերգեյ Լավրովը քննարկեցին միջազգային եւ տարածաշրջանային հրատապ հարցեր։ Անդրադարձ կատարվեց Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին, սիրիական ճգանաժամի հանգուցալուծման ջանքերին։ Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց ռուսաստանյան կողմին՝ Հայաստանից մարդասիրական օգնությունը Սիրիա փոխադրելու համար։
Հանդիպման օրակարգում կենտրոնական տեղ էր զբաղեցնում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները համակարծիք էին, որ խաղաղ հանգուցալուծումն այլընտրանք չունի։ Շեշտվեց 1994—1995թթ. անժամկետ զինադադարի հաստատման եռակողմ համաձայնագրերի անվերապահ կատարման կարեւորությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը։
Նախարարների հանդիպմանը հետեւած արարողությանը Սերգեյ Լավրովը Էդվարդ Նալբանդյանին հանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայաստանի արտգործախարարին շնորհված Բարեկամության շքանշանը։
Ապա Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ԱԳՆ պատվո մեդալներ հանձնեց ՌԴ արտգործնախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյային, ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովին, ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկուն, տեղակատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովային, հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Եվգենի Իվանովին։
Հանդիպումից հետո նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը համատեղ մամուլի ասուլիսին հանդես եկան հայտարարություններով եւ պատասխանեցին լրագրողների մի շարք հարցերի։


Էդվարդ Նալբանդյանի խոսքը  համատեղ մամուլի ասուլիսին
 

Շնորհակալություն եմ հայտնում ավանդական ջերմ ընդունելության համար։ Կարող է եւ կրկնվեմ. Դուք արդեն մանրամասն պատմեցիք այսօրվա բանակցությունների մասին։ Բայց ես իմ կողմից կցանկանայի կանգ առնել հետեւյալ կետերի վրա։
Բանակցությունները բովանդակալից էին, հագեցած եւ, ինչպես միշտ, անցան փոխըմբռնման մթնոլորտում, ինչը եւ բնորոշ է դաշնակից երկրների համար։
Այցը խորհրդանշական է, քանի որ մենք այսօր տալիս ենք Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։
Հայաստանի նախագահի՝ Ռուսաստան նախատեսված պաշտոնական այցի նախապատրաստումը, մեր երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը մեր հանդիպման հիմնական թեման էր։ Քննարկվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ համագործակցությունը քաղաքական, ռազմատեխնիկական, միջխորհրդարանական, միջտարածաշրջանային, հումանիտար, մշակութային ոլորտներում։
Մենք արծարծեցինք արտաքին քաղաքական համադրման հարցեր, փոխգործակցությունը ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում եւ այլ բազմակողմ միջազգային հարթակներում։
Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցեր՝ ահաբեկչության դեմ պայքարը, Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը, սիրիական ճգնաժամը։ Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին՝ հայկական մարդասիրական օգնությունը Սիրիա տեղափոխելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ Դա տեղի ունեցավ նաեւ անցյալ տարի, եւ երկու անգամ միայն այս ամիս։
Քննարկեցինք մեր տարածաշրջանում անվտանգության հարցեր։ Հատուկ ուշադրություն դարձրինք ղարաբաղյան կարգավորմանը, բանակցային գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու՝ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Պարոն Լավրովի հետ մենք համակարծիք էինք, որ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը բացարձակապես անընդունելի է եւ վնաս է հասցնում խաղաղ գործընթացին։
Մեր կողմից կրկին ընդգծվեց 1994—1995թթ. զինադադարի վերաբերյալ անժամկետ եռակողմ համաձայնագրերը պահպանելու կարեւորությունը։ Շեշտվեց նախորդ տարի Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը։
Ցանկանում եմ շեշտել, որ մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների ներդրումը հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործում։ Հայաստանը, համանախագահների հետ, կշարունակի համատեղ ջանքերն այդ ուղղությամբ։
Կրկին շնորհակալություն եմ հայտնում հրավերի եւ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ մտքերի փոխանակման համար։
Ես հրավիրեցի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար, իմ գործընկեր Սերգեյ Լավրովին պաշտոնական այց կատարել Հայաստան։
Ասուլիսից հետո Սերգեյ Լավրովը պաշտոնական ճաշ տվեց Էդվարդ Նալբանդյանի պատվին։


Հայաստան–Ռուսաստան–25
 

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը բացեցին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակին նվիրված ցուցահանդեսը։
Բացելով ցուցահանդեսը՝ ԱԳ նախարար Նալբանդյանն ասաց. «Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր կազմակերպել են մեր պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակին նվիրված այս ցուցահանդեսը։ Այսօր մենք ազդարարում ենք այս քառորդդարյա հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկը։
Ցուցահանդեսին ներկայացված պատմական փաստաթղթերը տպավորիչ համայնապատկերն են այն ճանապարհի, որը մենք միասին անցել ենք հիշարժան օրվանից՝ 1992թ. ապրիլի 3—ից, երբ բացվեց Հայաստան—Ռուսաստան հարաբերությունների պատմության նոր էջը։ Իհարկե, հայ եւ ռուսաստանցի ժողովուրդներին կապում են հարյուրամյակների ընթացքում ժամանակի եւ պատմության փորձությունն անցած բարեկամության ամուր կապեր։
Եվ խաղաղ ժամանակ, եւ դժվարին փորձությունների տարիներին մենք մշտապես միասին ենք եղել։ Եվ այսօր էլ Հայաստան—Ռուսաստան հարաբերությունները երկկողմ համագործակցության օրինակելի մոդել են հանդիսանում, թերեւս ամենահաջողվածը եւ արդյունավետը հետխորհրդային տարածքում։
Հայաստանին եւ Ռուսաստանին միավորում են դաշնակցային փոխգործակցության հարաբերություններ։ Անկարելի է դաշնակից լինել որեւէ ոլորտում, իսկ այլ բնագավառներում՝ ոչ։ Հարաբերությունների այդ որակը դրսեւորվում է միջպետական համագործակցության ողջ ծավալով։ Մեր երկկողմ հարաբերություններն առանձնանում են սերտ արտաքին քաղաքական համադրմամբ, ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ, առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի ոլորտներում հաջող գործընկերությամբ, տարեցտարի թափ հավաքող ապակենտրոնացված համագործակցությամբ, մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում փոխգործակցության հետեւողական զարգացմամբ։ Ռուսաստանը մեր հիմնական առեւտրային գործընկերն է, Հայաստանի տնտեսությունում հիմնական ներդրողը։ Մեր երկրում գործում է շուրջ 1400 համատեղ ձեռնարկություն, ստորագրված է ավելի քան 200 երկկողմ փաստաթուղթ։
Հայաստան—Ռուսաստան միջպետական հարաբերություններն ամրապնդվում են միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում մեր արդյունավետ համագործակցությամբ, որոնց շարքում ՄԱԿ—ի եւ ԵԱՀԿ—ի հետ մեկտեղ հատուկ կառանձնացնեի ՀԱՊԿ—ը, ԱՊՀ—ն եւ, իհարկե, Եվրասիական տնտեսական միությունը։
Ինչպիսի բնույթ էլ կրեն միջպետական հարաբերությունները, դրանք չեն կարող իրապես ամուր լինել, եթե չկա ջերմություն ժողովուրդների, մարդկանց միջեւ։ Այս առումով կցանկանայի հատուկ նշել մեր ժողովուրդներին, հասարակ մարդկանց կապող բարեկամական կապերի, փոխադարձ համակրանքի խորքային բնույթը։
Այսօր մեր համատեղ ջանքերն ուղղված են նրան, որպեսզի, հենվելով այդ ամուր հիմքի վրա, շարունակենք վեր հանել մեր ռազմավարական փոխգործակցության նոր հեռանկարային ուղղությունները՝ այն նոր բովանդակությամբ հարստացնելով։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր նախորդ 25 տարիների ընթացքում ներդրել են եւ այսօր էլ շարունակում են նշանակալի ներդրում ունենալ այդ վեհ գործում»։

Հանդիպում դեսպանների հետ

Երեկոյան նախարար Նալբանդյանը հանդիպեց շուրջ չորս տասնյակ երկրների՝ համատեղության կարգով Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ։
Դիմելով ներկա դեսպաններին՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց նման ձեւաչափով պարբերական հանդիպումների անցկացումը, ինչը, ըստ նախարարի, հնարավորություն է ընձեռում ներկայացնելու Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հրատապ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Նա հատկապես հատկանշական համարեց, որ այս հանդիպումը տեղի է ունենում տասնյակ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյա հոբելյանի համատեքստում։
ՀՀ ԱԳՆ ղեկավարը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց եվրոպական, ամերիկյան, ասիական եւ այլ տարածաշրջանների երկրների հետ Հայաստանի հարաբերությունները, միջազգային կառույցներում մեր երկրի ներգրավվածությունը։
Էդվարդ Նալբանդյանը դեսպաններին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 14 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017