ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 24.11.2017, 18:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [363]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [515]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 28 » Դրական միտումներ կան /Մենաշնորհների եւ ստվերի դեմ ամենօրյա պայքար է ընթանում/
12:26
Դրական միտումներ կան /Մենաշնորհների եւ ստվերի դեմ ամենօրյա պայքար է ընթանում/

Կառավարության ծրագրի հաստատումից հետո եւս բազմաթիվ են մտահոգությունները, թե տնտեսական զարգացումը, կառավարության պայքարը ստվերի եւ մենաշնորհների դեմ զուտ խոսքեր են եւ կյանքի չեն կոչվելու։
Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը համաձայն չէ այդ տեսակետի հետ։ Նա մենաշնորհների եւ ստվերի դեմ պայքարի արդյունքներով դրական միտումներ է նկատում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե հաջողվո՞ւմ է խոշոր տնտեսավարողներին ստվերից դուրս բերել, պայքարել օլիգարխների դեմ, որպեսզի երկրում մենաշնորհներ չլինեն, հավաստիացրել է, որ ստվերի եւ մենաշնորհների դեմ իրենք ամեն օր պայքարում են. «Ես կարող եմ ձեզ հավատացնել, որ մենաշնորհների ու ստվերի դեմ ամեն օր մենք պայքարում ենք։ Ունե՞նք արդյունքներ, թե՞ ոչ, ինձ թվում է, որ բյուջեի կատարողականի հինգ ամսվա թվերը փաստում են, որ դրական միտումներ կան»։
Նա նաեւ վստահեցրել է, որ ցանկացած անձ կարող է ապրանք ներմուծել Հայաստան առանց խոչընդոտների. «Հարյուր տոկոսով։ Դուք բերեք մի փաստ, որ ինչ—որ մեկն ուզում է մի բան ներկրել, եւ հարկային ու մաքսային մարմինները խոչընդոտում են»։
Անդրադառնալով հարցին՝ եթե մրցակցությունը ապահովված է, ինչո՞ւ գնանկում չկա՝ Վարդան Հարությունյանը պատասխանել է, որ պատճառը հարկերի ավելացումն է։ «Բնական է, որ եթե նախկինում ստվերում էին գործում, բայց այսօր ստվերում չեն գործում որոշ ընկերություններ, գնի վրա դա որոշակի ազդեցություն պետք է ունենար»,– ասել է նա։
Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի ընտանիքին պատկանող «Քեթրին Գրուպ»—ում անցկացված ստուգումներին, ՊԵԿ նախագահն ասել է. «Քեթրին գրուպը» տնտեսավարող սուբյեկտ է, որտեղ կարող է առաջանալ ցանկացած խնդիր, ինչպես բոլոր տնտեսավարող սուբյեկտներում։ Այս տեսանկյունից, եթե ունենք որոշակի ռիսկեր որեւէ ընկերությունում, բնական է, որ պետք է ստուգվեն»։ Նա խոստացել է լրագրողներին ներկայացնել, թե էլ որ ընկերություններում է ՊԵԿ—ը ստուգումներ իրականացնում։
«Որեւէ երկրում ստվերը 100 տոկոսով վերացված չէ, ուղղակի մենք պետք է ամեն օր հետեւողական պայքար տանենք դրա դեմ։ Եթե ձեզ հետաքրքրում է կոնկրետ «Ալեքս տեքստիլը», բոլորն ենք ստուգելու, մի ֆիքսվեք մի սուբյեկտի, մի ձեռնարկության վրա։ Եթե խախտումներ բացահայտվեն, կլինեն նաեւ պատիժներ»,—ասել է Վարդան Հարությունյանը՝ կոչ անելով ցանկ տրամադրել ձեռնարկությունների, որոնց վերաբերյալ լրագրողներն ունեն կասկածներ։
Հարցին, թե եղե՞լ է դեպք, երբ որեւէ խոշոր հարկատու ստվերում է եղել, եւ իրենց գործունեության արդյունքում նրան բերել են հարկման դաշտ, ՊԵԿ նախագահը նշել է. «Դուք իմ 8—9 ամսվա գործունեությունը տեսել եք, ես երբեւիցե չեմ փորձել մեր ձեռքբերումները հանրայնացնել եւ բարձրաձայնել, ուստի թույլ տվեք այդ հարցին չպատասխանել։ Որովհետեւ հարկային գաղտնիք կա։ Ցանկացած տնտեսավարող իր աշխատանքում կարող է թույլ տալ սխալներ, ստուգման ընթացքում այդ սխալներն ի հայտ են գալիս եւ շտկվում են, որի արդյունքում պետբյուջե տուգանքի տեսքով գումարներ են վճարվել։ Եթե տուգանքը վճարվել եւ շտկվել է, ինչո՞ւ եք ուզում հիմա ցեխ շպրտել այդ մարդկանց երեսին»։
Նա անդրադարձել է նաեւ կոմիտեում «կադրային ջարդի» վերաբերյալ մամուլում առկա հրապարակումներին, նշել, որ պետական եկամուտների կոմիտեում վերջին ամիսների ընթացքում 483 հաստիք է կրճատվել. «Զուտ կառուցվածքային փոփոխության արդյունքում ձեւավորվել է նոր կառուցվածք, եւ դրա հետեւանքով շուրջ 483 հաստիք կրճատվել է։ Տարիների ընթացքում ՊԵԿ—ը վերազինվել է, վերազինվել է նաեւ ՊԵԿ—ի տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգը, եւ դա պետք է ուշ թե շուտ բերեր նման հանգուցալուծման»։
ՊԵԿ նախագահը հավելել է, որ այսօրվա նոր տեխնոլոգիաների դարաշրջանում բնական է, որ մարդկային գործոնի անհրաժեշտությունն ավելի է նվազում, եւ դրա արդյունքում իրենք ունեցել են հաստիքների կրճատումներ։
Անդրադառնալով համակարգի աշխատակիցների ձերբակալության դեպքերին, Վ. Հարությունյանը նշել է, որ դա իրենց որդեգրած կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում է. «Նորմալ երեւույթ է, եթե ինչ—որ մեկն իր աշխատանքի ընթացքում խախտում է լիազորությունները եւ լիազորություններից դուրս ինչ—որ գործառույթ է իրականացնում, բնական է, որ պետք է ՀՀ գործող օրենքների շրջանակներում պատասխան տա»։
Լրագրողի դիտարկմանը, թե տեսակետ կա՝ «մանր ձկներն» են պատասխանատվության ենթարկվում, իսկ խոշորները չեն պատժվում, Վարդան Հարությունյանը պատասխանել է. «Ես չգիտեմ՝ մանր ձուկ, խոշոր ձուկ ասելով դուք ինչ նկատի ունեք։ Համենայն դեպս՝ կալանավորվում են։ Եթե ունեք նման ինֆորմացիա, խնդրում եմ տրամադրեք, եւ ձեր նշած մարդիկ նույնպես կկալանավորվեն»։
Հարցին, թե համակարգից հեռացրել են այն աշխատողներին, որոնք կաշառակե՞ր էին, թե՞ նրանց, որոնք թիկունք չունեին, ՊԵԿ նախագահը չի բացառել, որ կարող են լինել նաեւ սուբյեկտիվ գործոններ։
«Չեմ բացառում, որ կրճատումների արդյունքում կարող են լինել նաեւ սուբյեկտիվ դրսեւորումներ, քանի որ մեկ ամսվա մեջ այս ամբողջ աշխատանքներն իրականացնելն ու ավարտին հասցնելը, իհարկե, դժվար է եղել։ Կարող են թերություններ, վրիպումներ լինել, բայց այն աշխատակիցները, որոնք բարեխիղճ աշխատել են եւ այս ընթացքում միգուցե դուրս են մնացել համակարգից, ՊԵԿ—ում ամեն ամիս փոփոխություններ լինում են, եւ նրանք մեր տեսադաշտից դուրս չեն մնում»,–ընդգծել է Վարդան Հարությունյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե 2018 թվականից հետո ինքը կպահպանի՞ պաշտոնը, Հարությունյանը պատասխանել է, որ կլինի այնտեղ, որտեղ նպատակահարմար կգտնի իր թիմը։ «Եթե նպատակարհարմար չեն գտնի՝ չեմ լինի։ Ո՞վ է ասում, որ պաշտոնը հավերժ է, կամ ո՞վ է ասում, որ ես կառչած եմ այդ պաշտոնից։ Ընդհանրապես, կառչած չեմ»,– նշել է ՊԵԿ նախագահը։
Անդրադառնալով իր ունեցվածքին՝ Վարդան Հարությունյանը նշել է, որ մինչեւ 2016 թվականի հոկտեմբեր ամիսն աշխատել է բիզնեսում. «Եթե անհաջողակ բիզնեսմեն լինեի, ոչինչ չէի ունենա, եթե հաջողակ բիզնեսմենը պետք է չունենա որոշակի կարողություն, իմ համար դա ընդունելի չէ»։ Հարցին՝ հիմա բիզնեսներ չունե՞ք, Վարդան Հարությունյանն ասել է, որ ինքը չունի, իր ընտանիքի անդամներն են հիմա դրանով զբաղվում, եւ վստահեցրել է, որ իր կողմից հովանավորություն չի եղել։
ԱԺ—ում լրագրողները ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք հավասար պայմաններ ստեղծված են գործարարների համար, եւ ինչպես ՊԵԿ նախագահն է հայտարարել, օրինակ՝ ներկրումների մասով, տնտեսավարողները խնդիրների առաջ չե՞ն կանգնում։
ՏՄՊՊՀ նախագահը նշել է. «Մեր խնդիրն այն է, որ այն շուկաները, որոնք ուսումնասիրել ենք եւ ուսումնասիրում ենք, կարող ենք հայտարարել, որ մուտքի խոչընդոտներ չկան։ Մեր հիմնական խնդիրն այն է, որ մուտքի խոչընդոտներ չլինեն»։
Անդրադառնալով ծխախոտի 20—30 դրամ թանկացմանը՝ Արտակ Շաբոյանն ասել է, որ շուկայում ուսումնասիրություններ արվել են, թանկացումը հիմնավոր է. «Ուսումնասիրության արդյունքները հրապարակել ենք։ Դա հիմնականում պայմանավորված է եղել հարկային օրենսդրության փոփոխություններով»։
ԱԺ—ում լրագրողների հետ զրույցում Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն էլ անդրադարձել է 33—րդ թաղամասում (Ֆիրդուսում) իրականացվելիք լայնածավալ շինարարությանը։ Նա ընդգծել է, որ թաղամասի նախկին բնակիչներին այդտեղ բնակարաններ չեն տրվելու. «Իրենց հետ քննարկվել է, իրենք ընտրում են բնակարաններ՝ քաղաքի տարբեր հատվածներում կամ ֆինանսական միջոցներ, պրոցեսը գնում է։ Պաշտոնապես գիտեմ, որ մնացել է մոտ 20 ընտանիք։ Առհասարակ ճիշտ է, եթե մարդը ապրում է կենտրոնում, ցանկալի չէ, որ այդ լանդշաֆտը փոխվի»։
Նարեկ Սարգսյանն ընդգծել է, որ քաղաքաշինության նախարարությունն իր ղեկավարությամբ նախկինում մշակել էր այդ տարածքի ամբողջ կառուցապատման նախագիծը. «Քանի որ տարածքը գտնվում է փակուղային վիճակում, այդ նախագծով մենք առաջարկում ենք երեք փողոցներ կառուցել՝ Խանջյանից, Տիգրան Մեծից եւ Բյուզանդից եւ մեկ մեծ հրապարակ, ծրագիրը այդպես է հաստատված։ Ըստ ծրագրի՝ տարբեր մարդիկ, ովքեր հետաքրքրված են կառուցապատում անելու, նրանք գալիս են, բանակցում են արժեքների վերաբերյալ»։
Նա վստահեցրել է, որ այդ տարածքի զգալի հատվածի հետ կապված արդեն ունենք ներդրողներ, որոնք շատ հետաքրքրված են, եւ իրացման ավարտից հետո գործընթացը կսկսվի։ hhpress.am

Լ. ԱՍԱՏՐՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 17 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017