ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 24.11.2017, 18:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [363]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [515]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 30 » Կարգավիճակը որոշողը Լեռնային Ղարաբաղն է /Իսկ Ադրբեջանի առաջ քաշածը շինծու վարկածներ են /
14:29
Կարգավիճակը որոշողը Լեռնային Ղարաբաղն է /Իսկ Ադրբեջանի առաջ քաշածը շինծու վարկածներ են /

«Երկու ամիս է անցել ռազմական բախումներից, որի հետեւանքով երկու կողմերն էլ ունեցան զոհեր։ Ե՛վ կողմերի, ե՛ւ ԵԱՀԿ—ի համար պարզ դարձավ, որ ստատուս քվոն հնարավոր չէ երկար պահպանել, որքան ձգվում է այս վիճակը այնքան մեծանում է ռազմական գործողությունների նոր էսկալացիայի վտանգը»,—Երեւանում հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսին։
Նրա խոսքով, ԵԱՀԿ—ն աջակցում է, որպեսզի խնդրի համար գտնվի տեւական լուծում։ Հակամարտող երկրների նախագահների հանդիպումների շնորհիվ առաջնագծում իրավիճակը հանդարտվել է։ «Կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհին ենք, մեր խնդիրն է պահպանել այս իրավիճակն ու առաջ շարժվել։ Դրա համար անհրաժեշտ են համանախագահների ջանքերը, հակամարտության կողմերի՝ փոխզիջումների գնալու պատրաստակամությունը»,—ասաց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավարության մասին ադրբեջանական հայտարարություններին, Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Բանակցությունների ժամանակ մենք երբեւէ չենք քննարկել եւ չենք էլ քննարկի Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հարցը»։
Նալբանդյանն այդ վարկածը շինծու որակեց. «Մինսկի խմբի եռանախագահող երկրների նախագահները բազմիցս նշել են, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ։ Սա՛ է ասում Հայաստանը, սա՛ են ասում եռանախագահող երկրներն ամենաբարձր մակարդակով։ Հիմա ո՞ւմ հավատանք. Ադրբեջանի՞ն, թե՞ միջազգային հանրությանը»։
Նա ընդգծեց, որ ժամանակին հայաշատ Նախիջեւանն այսօր ամբողջությամբ հայաթափված է, դարերի պատմություն ունեցող մշակութային ժառանգությունը ոչնչացված է. «Այսօր Նախիջեւանն օրինակ է բերվում Ադրբեջանի ղեկավարի կողմից որպես հեռանկար Լեռնային Ղարաբաղի համար։ Եվ սա այն վառ ապացույցներից է, թե ինչու սա չէր կարող քննարկվել բանակցությունների ժամանակ»։
Նալբանդյանն ասաց, որ ամեն հանդիպումից հետո եռանախագահները հարց են տալիս, արդյոք հնարավո՞ր կլինի հարգել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել հանդիպման ընթացքում. «Ես միշտ իրենց պատասխանում եմ՝ սպասեք, ադրբեջանական պատվիրակությունը կվերադառնա Բաքու եւ կտեսնենք, թե ինչ շինծու վարկածներ կներկայացնի, դրանից հետո եզրակացություններ կանենք, թե ինչքանով է հնարավոր հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու համաձայնություննեը կյանքի կոչել»։ Նախարարի գնահատմամբ, Ադրբեջանը, ցավոք, փորձում է ձգել պարանը. «Ադրբեջանը փորձում է հասարակական կարծիք ստեղծել, թե բանակցություններն ի նպաստ իրենց են։ Չեմ կարծում, որ նման մոտեցումը կարող է օգտակար լինել բանակցային գործընթացի համար»։
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մասին, որտեղ Ադրբեջանին ու Հայաստանին կոչ էր արվում վերացնել դեսպան Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման համար առկա խոչընդոտները՝ Նալբանդյանն ասաց. «Ակնհայտ է, թե եռանախագահներն ում մասին են խոսում՝ որովհետեւ Հայաստանը բազմիցս կողմ է արտահայտվել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանն ու ԵԱՀԿ գործող նախագահի մշադիտարկման առաքելության, ինչպես նաեւ թիմի ընդլայնմանը»։
Նրա խոսքով, հայկական կողմը շարունակելու է եռանախագահողների ու ԵԱՀԿ գործող նախագահի հետ ջանքերը։
Ֆ.—Վ. Շտայնմայերն այս այցի ընթացքում կլինի տարածաշրջանի բոլոր երեք երկրներում։ Ինչպես կընթանան Բաքվի հանդիպումները, նա դժվարանում է կանխատեսել. «Ես ավելի շատ արտաքին գործերի նախարար եմ, քան մարգարե, որպեսզի ասեմ, թե ինչպես կավարտվեն Բաքվում կայանալիք հանդիպումներն ու բանակցությունները»։
«Ես կարող եմ միայն ասել, այն ինչ տեղի ունեցավ այս տարվա սկզբին, իրավունք չունի կրկնվելու։ Մենք պետք է փորձենք գտնել անվտանգության հնարավորությունները, պետք է փորձենք գտնել նոր եզրեր՝ բանակցությունները շարունակելու համար։ Դրա շնորհիվ թերեւս կարողանանք ավելի կայունացնել զինադադարի ռեժիմը, ինչպես նաեւ՝ կարողանանք Անջեյ Կասպրշիկի գրասենյակը մեծացնել»,– ասաց նա։
ԵԱՀԿ գործող նախագահի խոսքով, հենց այդ հարցերն են լինելու Բաքվում տեղի ունենալիք բանակցությունների թեմաները։


Թուրքիան բարդ իրավիճակում է
 

Գերմանացի նախարարից լրագրողները հետաքրքվեցին, թե ինչու բանաձեւին աջակցելով հանդերձ, Գերմանիայի ԱԳ նախարար նախարար Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերը երբեւէ չի օգտագործում Ցեղասպանություն տերմինը։
«Պետք է հաշվի առնել, որ այդպիսի հարցերը չեն որոշում այդ մեկ բառի գործածությամբ։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ իրադարձությունից 100 տարի անց այդպիսի բանաձեւ է ընդունվում։ Մենք պետք է հետազոտենք գերմանական կայսրության կողմից այդ իրադարձությունների մասնակցությունը»,—ասաց ԱԳ նախարարը։ Նա իր խոսքում նաեւ կարեւորեց Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումը։
«Վերջին տարիներին Թուրքիան դեռ չլուծած անցյալի բարդ խնդիրները, նորանոր խնդիրներ հարուցեց՝ հայտնվելով բարդ իրավիճակներում»,—հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Թուրքիա—Ռուսաստան հարաբերությունների կարգավորմանը։ «Այն խնդիրները, որոնք ստեղծվեցին բոլոր հարեւան երկրների հետ, Թուրքիայի ղեկավարության օգնությամբ ու հովանավորությամբ, ստեղծեցին մի իրավիճակ, որ նախորդ վարչապետի կողմից թողնված ժառանգությունը՝ խճճված կծիկը բացելու համար դեռ երկար ջանքեր են պետք»,—ասաց նա։
Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերը ողջունեց փաստը, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունները բարելավում են։


Փոխայցելությունները՝ բազմաշերտ համագործակցության հիմք
 

Մինչ այդ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երեւան ժամանած Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերին։
Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձեւաչափով, ապա շարունակվել ընդլայնված ձեւաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Ողջունելով հյուրերին՝ էդվարդ Նալբանդյանը նշել է, որ բարձրաստիճան պարբերական փոխայցելությունները լավ հիմք են ստեղծում՝ քննարկելու Հայաստան—Գերմանիա բազմաշերտ հարաբերությունների զարգացման հեռանկարները. «Ինչպես գիտեք, այս տարվա ապրիլին պաշտոնական այցով Գերմանիայում էր գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այցի շրջանակներում դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումը 2015թ.—ից ի վեր երրորդն էր երկու երկրների ղեկավարների միջեւ։ Դինամիկ բնույթ է կրում նաեւ ԱԳ նախարարների միջեւ երկխոսությունը՝ փոխադարձ այցեր Բեռլին եւ Երեւան, հանդիպումներ բազմակողմ հարթակներում։ Բնականաբար, այդ երկխոսությունն էլ ավելի սերտ բնույթ է կրում 2016թ. Գերմանիայի՝ ԵԱՀԿ նախագահության ընթացքում»։
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են նաեւ հայ—գերմանական միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը։ Կարեւորվել է միջազգային խորհրդարանական վեհաժողովներում հաստատված փոխգործակցությունը։
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է հունիսի 2—ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը, որը շարունակությունն էր 2015թ. ապրիլի 23–ին Դաշնային Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարության. «Այս քայլով Գերմանիան ոչ միայն արժեքավոր ներդրում է բերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում, այլ նաեւ՝ ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության պայքարում, ընդունում է Հայոց ցեղասպանության իրականացման մեջ պատասխանատվության իր մասը»։
Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, այդ թվում՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված քայլերին։ Ընդգծվել է ապրիլին Երեւանում բացված՝ գերմանացի գործարարների միության գրասենյակի նշանակությունը երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման գործում։
Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերը քննարկել են Հայաստան—Եվրոպական միություն հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը, մասնավորապես՝ ԵՄ հետ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը։
Հանդիպման ավարտից հետո Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերը ստորագրել են Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական համաձայնագիրը։
Նալբանդյանը հիշեցրել է, որ Գերմանիայի արտգործնախարարը Երեւանում է գտնվում նաեւ որպես ԵԱՀԿ գործող նախագահ. «Հետեւաբար, մեր հանդիպման օրակարգում էին ԵԱՀԿ օրակարգային հարցերը։ Ես վերահաստատեցի Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ—ում Գերմանիայի նախագահության առաջնայնությունների իրականացմանը։ Մենք անդրադարձանք սեպտեմբերին Պոտսդամում եւ դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարական հանդիպումների նախապատրաստական աշխատանքներին»։
Հայաստանը բարձր է գնահատում գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը. «ԵԱՀԿ—ում նախագահության ստանձնման առաջին իսկ պահից Գերմանիան սատարեց զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմի ներդրման եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման Մինսկի խմբի համանախագահների առաջարկները։ Ինչպես գիտեք, այս երկու առաջարկները, ինչպես նաեւ 1994 եւ 1995 թթ. զինադադարի համաձայնագրերի անշեղ կատարման հարցը, գտնվել են Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում հրավիրված գագաթաժողովների օրակարգում։ Սրանք այն հարցերն են, որոնց իրականացումը թույլ կտա բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցային գործընթացի առաջ մղման համար։ Այս գիտակցությամբ է, որ Հայաստանը բազմիցս դրական դիրքորոշում է արտահայտել այս առաջարկությունների կյանքի կոչման հարցում եւ այժմ էլ եռանախագահների հետ աշխատում է այդ ուղղությամբ։
Կցանկանայի նաեւ արժեւորել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը եւ շեշտել, որ այն տարածաշրջանում ամբողջ ծավալով գործող ԵԱՀԿ միակ ներկայացուցչությունն է, ինչը եւս մեկ անգամ ի ցույց է դնում ԵԱՀԿ—ի շրջանակներում Հայաստանի համագործակցության հանձնառության կարեւորությունը»։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 19 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017