ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 13:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 16 » ԼՂՀ միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա /Այդ են ցույց տալիս Ստեփանակերտի շրջափակումից մինչեւ այսօր կատարվող դեպքերը/
16:48
ԼՂՀ միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա /Այդ են ցույց տալիս Ստեփանակերտի շրջափակումից մինչեւ այսօր կատարվող դեպքերը/

Լեռնային Ղարաբաղի շրջափակումը սկսվել էր դեռ 1989թ. աշնան ամիսներին, երբ սահմանափակվել էր երկաթուղային հաղորդակցությունը, իսկ Հայաստանի հիմնականում ադրբեջանական բնակավայրերի մերձակայքով անցնող ավտոճանապարհները դարձել էին վտանգավոր։ 1991թ. սեպտեմբերի 2—ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից ի վեր անվտանգ չէր նաեւ Ստեփանակերտի մերձակայքում՝ ադրբեջանական Խոջալու գյուղաքաղաքի մոտ գտնվող օդանավակայանը. այստեղ հայերի նկատմամբ բռնությունները սովորական էին դարձել, իսկ շրջակա բարձունքից ռմբակոծվում էր Ստեփանակերտը։
Ադրբեջանական զինված ուժերի կողմից ծանր հրետանուց արձակվող կրակոցները լռեցնելը եւ ռազմական շրջափակման ճեղքումը դարձել էր Արցախի բնակչությանը ոչնչացումից փրկելու միակ ճանապարհը։ Ամերիկյան «Human Rights Watch» կազմակերպության փաստահավաք առաքելությունը իր 1993թ. զեկույցում արձանագրել էր 169 զոհ եւ հարյուրավոր վիրավորներ միայն 1991թ. հոկտեմբեր 1992թ. ապրիլ ամիսների պաշարման ընթացքում, ինչպես նաեւ դպրոցների, մանկապարտեզների եւ հիվանդանոցի թիրախավորված ավերածություններ։ «Այս ռմբակոծությունները ահավոր էին եւ անկանոն եւ նպատակ ունեին ահաբեկել հայ քաղաքացիական անձանց՝ նրանց ստիպելով լքել իրենց բնակավայրերը»,–հաստատել էին «Human Rights Watch»—ի զեկույցի հեղինակները։
Հայկական ինքնապաշտպանական ուժերը 1992թ. փետրվարի վերջին ադրբեջանցի գրոհայիններից ազատագրեցին Խոջալու (այժմ՝ Իվանյան) բնակավայրը, իսկ մայիսի 18—ին վերջնականապես բացվեց Լաչինի (Բերձոր) միջանցքը։
Երեկ Երեւանում տեղի ունեցավ «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական կոնֆերանսը։
ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ—ի կազմակերպած միջոցառմանը, որի թեման արցախյան պատերազմի ուշագրավ եւ քիչ հայտնի դրվագներն են, մասնակցեցին հայաստանցի եւ օտարերկրյա փորձագետներ ու գործիչներ։ Նրանք ներկայացրեցին 1992 թ. ձմռան ամիսներին Ստեփանակերտի ապաշրջափակման ռազմական անհրաժեշտության հետ կապված իրենց վերլուծությունները՝ զուգահեռներ անցկացնելով 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետ։ Քննարկվեցին նաեւ ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի ԶՈւ կողմից իրագործված ռազմական հանցագործությունների համապատասխան ատյաններում միջազգային պատասխանատվության հետ կապված խնդիրներ։ 
«Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ—ի տնօրեն Արա Սաղաթելյանը նշեց, որ առաջիկայում «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ—ը կներկայացնի նոր ֆիլմ Ստեփանակերտի շրջափակման մասին, որն ավելի մատչելի կերպով միջազգային հանրությանը կտեղեկացնի հումանիտար աղետի մասին։
«Ստեփանակերտի շրջափակման ճեղքման 25—ամյակին նվիրված փորձագիտական աշխատաժողովն անցկացվում է ճեղքման փաստից տասը օր շուտ, քանի որ, կարծում եմ, այդ տասը օրվա ընթացքում պետք է ձեռնարկել բոլոր միջոցները միջազգային հանրությանը հասցնելու ճշմարտությունը, իրականությունն այն մասին, թե ինչ է կատարվել Լեռնային Ղարաբաղում 1987—88 թվականներից սկսած»,–շեշտեց նա։
Արա Սաղաթելյանը նշեց, որ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ—ի կողմից առաջին ֆիլմը ներկայացվել է 2012 թվականին. այն պատմում է Աղդամի գործողության մասին։
«Կարծում եմ, երբ մեր հարեւաններն ապագայում փորձ կատարեն շահարկել որոշակի պատմական իրողություններ, շատ մարդիկ, ում տարբեր լեզուներով հասու կդարձնենք մեր նյութերը, պատկերացում կկազմեն առնվազն այն մասին, որ այլընտրանք գոյություն չուներ, քան Աղդամի ռազմական օպերացիան»,–նշեց Արա Սաղաթելյանը։
Նրա խոսքով, նման միջոցառման անհրաժեշտության մասին խոսում էին առանձին զրույցների, շփումների ժամանակ, եւ այսօր հավաքվել են այստեղ այն փորձագետները, ովքեր հիմնավոր ուսումնասիրում են հիշատակված թեման։
«Նման աշխատաժողովների, նախաձեռնությունների իրականացումը շատ կարեւոր է, որովհետեւ ամեն օր բախվում ենք կոնֆլիկտի էությունը, հանգամանքները ու լուծման հնարավորություններն աղավաղող Ադրբեջանի հետ, որը բուն կոնֆլիկտը փորձում է վերածել պարզապես տարածքային վեճի՝ դրանով իսկ հակասության մեջ դնելով միջազգային իրավունքի մի շարք սկզբունքների եւ նորմերի հետ»,–ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ ընդգծելով, որ դա երբեք չի կարող նպաստել հակամարտության խաղաղ կարգավորման մոտեցմանը։
Պատգամավորը հիշեցրեց դեռ ռազմական բախումներից առաջ ԼՂ ինքնավար մարզում Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականությունը։
«Այդ պայմաններում շատ մեծ քաջություն ու կամք էր անհրաժեշտ, որպեսզի մարդիկ կարողանան չլքել իրենց բնակավայրերը։ ԼՂԻՄ—ի տարածքում արհեստականորեն ծնվում էին ադրբեջանական գյուղեր, որոնց նպատակն էր ե՛ւ ազդեցություն ունենալ կոմունիկացիոն ու դեմոգրաֆիկ խնդիրների վրա, ե՛ւ հոգեբանական ճնշման ենթարկել տեղում բնակվող հայերին»,–ասաց Արտակ Զաքարյանը՝ նշելով՝ պետք էր ճեղքել անմարդկային օղակը, եւ կամքի, քաղաքական—հասարակական էներգիայի, ինքնորոշման իրավունքի իրացման ցանկության շնորհիվ հաջողվեց։
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Ստեփանակերտի շրջափակմանն ու այդ տարիներին Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձավ որպես ականատես։
«Ստեփանակերտը շրջափակման մեջ էր։ Շուշիից եւ Խոջալուից ռմբակոծում էին քաղաքը։ Հիշում եմ՝ մարդիկ չէին կարողանում իրենց հարազատներին հողին հանձնել, սպասում էին մինչեւ մառախուղ իջնի կամ գիշեր լինի»,–պատմեց Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ խոցվում էին նաեւ այն ուղղաթիռները, որոնք Ղարաբաղի ժողովրդին պետք է ալյուր, հաց հասցնեին։
«Ժամանակ էր լինում, երբ մեկ ամսվա համար մեկ շնչին 1 կգ ալյուր էլ չէր հասնում»,–ասաց Քոչարյանը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով այն ոգին, որը կար Ղարաբաղի ժողովրդի մոտ՝ անկախ ստեղծված պայմաններից։
«Երբ սկսում էին ռմբակոծել՝ Ղարաբաղում երեխաներն ասում էին՝ «Գրադն» էր, թե հրետանու որ տեսակը։ Երբեք չեմ մոռանա մի դրվագ, երբ հերթական ռմբակոծությունից հետո երկու երեխա դուրս վազեցին թաքստոցից ու մեկը մյուսին ասաց՝ «գիտե՞ս քանի տառ ունի հայերենի այբուբենը», մյուսն էլ պատասխանեց՝ «ոչ»։ Ի պատասխան հարցնողը բացատրեց՝ «հայերենի այբուբենը 36 տառ ունի», «ոնց որ «Գրադի» զալպը լինի», ասաց երեխան։ Այսինքն՝ նա հնարավորություն չի ունեցել սովորելու այբուբենը, բայց «Գրադի» զալպը գիտի»,–ասաց Շավարշ Քոչարյանն՝ ընդգծելով, որ Ղարաբաղում գրեթե հումանիտար աղետ էր, սակայն չգիտես ինչու չկար մեծ միջազգային աղմուկ։
ԼՂՀ նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը նշեց, որ աշխատաժողովի թեման իսկապես խոսուն է. «Ակնհայտ է, որ թեմային եւ արցախյան հերոսամարտի պատմությանն անծանոթ մեկը տարօրինակ կհամարի 21—րդ դարում բազմահազարանոց քաղաքի շրջափակման եւ շրջափակված քաղաքում խաղաղ բնակչության հրետակոծության ենթարկելու թեմայի քննարկումը՝ համարելով, որ եթե ոչ միջնադարում, ապա 2—րդ աշխարհամարտից հետո հաստատ քաղաք պաշարելու եւ պաշարված քաղաքի բնակչությանը ռմբակոծելու թեման պետք է որ փակված լինի առնվազն Եվրոպայի տարածքում, սակայն ինչպես տեսնում եւ համոզվում ենք՝ շրջափակման, ինչպես նաեւ խաղաղ բնակչության դեմ ուժ գործադրելու կամ դրա սպառնալիքի միջոցով հարցերի իրենց համար ցանկալի լուծմանը հասնելու մարտավարությունը լայնորեն կիրառվում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից։ Վստահ եմ, որ ականատեսները պատմել եւ դեռ պատմելու են Ստեփանակերտի պաշարման արդյունքում ստեղծված սահմռկեցուցիչ իրավիճակի մասին։ Մեկ բան անվիճելի է՝ Ադրբեջանի մարտավարությունն այն ժամանակ եղել է եւ այժմ եւս մնում է ուժի գործադրման միջոցով խաղաղ բնակչությանը կամ հպատակեցնել, կամ ֆիզիկապես ոչնչացնել։ Նման մարտավարությունը բնականորեն չի կարող ունենալ այլ պատասխան, քան ինքնապաշտպանությունը, ինչը եւ փայլուն կերպով իրականացվեց Արցախի հերոսամարտի ընթացքում։ Այսօր էլ Արցախի ՊԲ ցանկացած մարտական դիրք ունի պաշտպանական նշանակություն։ Նրա խնդիրն է ագրեսիվ հակառակորդին Արցախի Հանրապետության բնակավայրերից եւ խաղաղ բնակչությունից հնարավորինս հեռու պահել։ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին միջազգային հնարությունը կրկին համոզվեց, որ 21—րդ դարի արդիական զենքով զինված ադրբեջանից զինվորը նույն ենիչերին է, կարող է գլխատել, խոշտանգել, սպանված զինվորի մարմինը մասնատել»։


Ղարաբաղն արժանի է գեղեցիկ ապրելու
 

«Իմ ամեն այցը Հայաստան ու Ղարաբաղ կարեւոր է, որովհետեւ սա ինձ համար հարազատ հող է դարձել»,—ասաց ռուս լրագրող, Արցախի պատերազմի մասին վավերագրական ֆիլմերի հեղինակ Սվետլանա Կուլչիցկայան։
«Այսօր այստեղ ես հանդիպեցի մարդկանց, ում գիտեմ 1992—93 թվականներից։ Գրկեցի մի մարդու, որը ասաց՝ «հիշու՞մ եք, մենք միասին Շուշի էինք բարձրանում» ու ես իսկապես հիշում եմ ամեն ինչ, յուրաքանչյուր օրը»,–ասաց ռուս լրագրողը։
Նա պատմեց՝ ինչպես է առաջին անգամ Արցախ եկել վառելիք տեղափոխող ուղղաթիռով. «Այդ ժամանակ ես հասկացա, որ սա իսկապես շրջափակում է, որ Ղարաբաղում վառելիք չկա, փորձում են հասցնել ու այդ ուղղաթիռների վրա կրակում են։ Մեր ուղղաթիռի վրա էլ կրակեցին ու բախտի բերմամբ միայն այն տեղ հասավ»։
Նա նշեց՝ այդ օրերին Ստեփանակերտը պարբերաբար ռմբակոծվում ու հրետակոծվում էր, չկար ուտելիք, հումանիտար ծանրագույն իրավիճակ էր. «Հիշում եմ նկուղում, այդ կիսասոված պայմաններում մի երեխա ինձ մոտեցավ ու հայկական հսկա աչքերով ասաց՝ «ես այնպես եմ ուզում գիրք կարդալ»։ Ես այսքան տարի անց հիշում եմ այդ երեխայի ցավն ու արցունքները»։
Մի քանի տարվա ընթացքում ռուս լրագրողը երեք անգամ եղել է Լեռնային Ղարաբաղում. «Դա ժամանակ էր, երբ գիտակցում էիր, թե ինչ կարող է անել քաղցը մարդկանց հետ։ Որքան պետք է ցածրանալ ժողովրդին նման վիճակի հասցնելու համար։ Ղարաբաղում մարդկանց հետ հանդիպումներս չսպիացող վերքի են նման։ Այսքան տարի է անցել, իսկ ես միշտ հիշելու եմ այդ մասին։ Գիտե՞ք, թե ինչ է շրջափակումը։ Մարդիկ 10—12 հարկ էին բարձրացնում ջուրը։ Այս մասին պետք է խոսել, պետք է հիշել։ Հարկավոր է դադարեցնել պատերազմը։ Դա սարսափելի է»։
2016 թ. ապրիլյան իրադարձություններին Սվետլանա Կուլչիցկայան չկարողացավ անդրադառնալ առանց հուզվելու։
«Ինձ մոտ տպավորություն էր, որ այդ օրերին ես թաղեցի իմ երեխաներին։ Ես հիշում եմ՝ մի քանի տարի առաջ եկել էի Ղարաբաղ, հիշում եմ զորամասերից մեկում աճեցրած վարդերն ու ինչպես մի զինվոր պոկեց դրանք ինձ համար ու գրկելով նվիրեց մի մեծ փունջ։ Ապրիլին, միգուցե, այդ երեխաներն են զոհվել...»,–ասաց Ս. Կուլչիցկայան։
«Երբ տեսնում եմ, որ ձեզ մոտ կրակում են, մտածում եմ, երեւի միայն դիվանագիտությամբ այս խնդիրը չի լուծվի։ Բայց ես էլ չեմ ուզում Ղարաբաղում պատերազմ տեսնել, ես ուզում եմ, որ Ղարաբաղը գեղեցիկ ապրի, այն արժանի է»,–ամփոփեց ռուս լրագրողը։
Հայ ժողովրդի բարեկամ իրավապաշտպան Կոնստանտին Վոյեվոդսկին, կիսելով իր հիշողությունները Ստեփանակերտում տիրող իրավիճակի մասին, անդրադարձավ տեղեկատվական շրջափակմանը։ Նա նշեց, որ Ղարաբաղի մասին բարձրաձայնելը միշտ բարդ խնդիր էր դառնում իր համար։ «Ինձ թվում է, որ այժմ նույն խնդիրն առկա է. ինֆորմացիան հասցնել հասարակությանը»,–ասաց նա՝ անհրաժեշտ համարելով, որ Ղարաբաղի քաղաքացիները հնարավորություն ունենան ազատ տեղաշարժվելու, ինֆորմացիա փոխանակելու, քանի դեռ քաղաքական գործիչները զբաղվում են իրավիճակի կարգավորմամբ։


Այս հակամարտությունը յուրահատուկ է
 

Ստեղծված իրավիճակին իրավաքաղաքական գնահատական տալով՝ ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության առանձնահատկությանը մյուս հետխորհրդային հակամարտությունների հետ համեմատած։
«Լեռնային Ղարաբաղը սառեցված հակամարտություն կոչելը թյուրընկալում է եւ կոռեկտ չէ,–ասաց նա՝ որպես օրինակ բերելով դեկտեմբերի վերջին տեղի ունեցած դիվերսիան։–Նախորդ տարի, երբ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, ասում էին, որ դա աննախադեպ լարվածություն է, բայց հրադադարի ռեժիմի խախտումներ տեղի էին ունենում 2008—ից ի վեր եւ ամեն անգամ անվանվում աննախադեպ»։ Նա նկատեց, որ Լեռնային Ղարաբաղը յուրօրինակ է մյուս հակամարտությունների համեմատ՝ հաշվի առնելով խաղաղապահների խնդիրը։ Ներկայումս չկան այստեղ խաղաղապահներ, եւ խաղաղության հեռանկարի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, թե ովքեր են իրականացնելու այդ առաքելությունը։ «Եթե նկատենք Ռուսաստանի եւ Արեւմուտքի ժամանակակից հարաբերությունների ճգնաժամը, այդ խաղաղապահների խնդիրը ավելի բարդ է դառնում»,–ասաց նա։
«Ի տարբերություն այլ հետխորհրդային կոնֆլիկտների, արտաքին ուժերը չկարողացան Լեռնային Ղարաբաղի խնդիրը դարձնել «proxy» կամ միջնորդավորված հակամարտություն մեծ տերությունների շահերի բախման համատեքստում։ Այն մնաց տարածաշրջանային բնույթի հակամարտություն, եւ դա կարեւոր է հասկանալ խաղաղության հեռանկարները քննարկելու առումով»,– նշեց նա։
Քաղաքագետի խոսքով, բազմիցս եղել է Լեռնային Ղարաբաղում որպես հետազոտող վերլուծաբան։
«Դրա պատճառով մի հայտնի երկրում ինձ ներառել են «սեւ ցուցակում»։ Անհասկանալի է։ Ես էլ սոցիալական ցանցում հումորով մի անգամ գրել եմ, արդյո՞ք հենց ես եմ հակամարտության լուծված չլինելու ամենակարեւոր պատճառը, որ ինձ էլ ներառել են այդպիսի ցուցակում»,–ասաց Սերգեյ Մարկեդոնովը։
Քաղաքագետը հիշեցրեց, որ Հայաստանը Մոսկվայի ռազմավարական դաշնակիցն է, բայց պետք չէ մոռանալ, որ ՌԴ—ն հետաքրքրություն ունի նաեւ Ադրբեջանի հանդեպ. «Մենք էլ մեր հետաքրքրություններն ունենք, ես հասկանում եմ, որ զգացմունքների խնդիր կա»։ Խոսելով արցախյան հակամարտության կարգավորման տարբերակների մասին՝ Սերգեյ Մարկեդոնովը նշեց, որ «Մադրիդյան սկզբունքներում» հակասություններ կան, որոնք դրանք կյանքի կոչելու հարցում դժվարություններ կարող են առաջացնել։
Իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանն էլ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումներին, նշեց, որ բոլոր ազգերն իրավունք ունեն պաշտպանված լինելու։ Իսկ ապրիլի երկուսի գործողությունների վրա զարմացողների վերաբերյալ իր զարմանքը հայտնեց։ «1918 թվականից խորհրդային շրջանից մինչեւ Սումգայիթ Ադրբեջանը նույնն է»,–նկատեց նա։ 
«Ադրբեջանը մի քանի փուլերով էր կատարում Ստեփանակերտի շրջափակումը՝ օգտագործելով հարակից բնակավայրերն ու ենթակառուցվածքները»,–ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Ստեփանակերտ տանող բոլոր ճանապարհները փակ էին կամ վերահսկվում էին ադրբեջանական բնակավայրերի միջոցով։ Օրինակ՝ Ստեփանակերտից Մարտակերտ գնալը հնարավոր էր միայն Աղդամի միջոցով։ Շրջափակման գործողություններ կային դեռ 1988թ., երբ փակվեց, օրինակ, Շուշիից Քարինտակ տանող ճանապարհը»,– մանրամասնեց փորձագետը։
Նա հիշեցրեց, որ 1989թ. մարտին Մոսկվան որոշեց լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել ԼՂԻՄ—ին, որը եւս ուղղվեց շրջափակման քաղաքականության իրականացմանը։
«Քանի որ գումարը տրվեց Բաքվին, այն սկսեցին ծախսել ադրբեջանական բնակավայրերի վրա, ամրացրեցին Մալիբեյլին, Խոջալուն, սկսեցին օգտագործել ենթակառուցվածքների կառուցման համար, որպեսզի, այսպես ասած, խեղդեն Ստեփանակերտը։ Այնպես որ՝ չկար այլ տարբերակ, քան ապաշրջափակումը,–ասաց Վրթանեսյանը՝ ընդգծելով, որ այս ամենը պետք է հաշվի առնել նաեւ այսօր.–Պետք է դասեր քաղել, քանի որ քարտեզները չեն փոխվել, ու նույն իրավիճակի առաջ կարող ենք կանգնել նաեւ այսօր»։


Ադրբեջան վերադառնալը կնշանակեր մահ
 

Ադրբեջանի բռնապետական գործողությունների հետեւանքով այսօր շարունակում են տուժել ազգային փոքրամասնությունները։ «Թալիշիստանն այսօր ապրում է նույն ճակատագիրը, որի մասին հիմա խոսում ենք Ղարաբաղի դեպքում։ Թալիշիստանը, կարելի է ասել, շրջափակման մեջ է»,–աշխատաժողովի ժամանակ հայտարարեց օրերս ընտանիքով Ադրբեջանից Հայաստան տեղափոխված, թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոեւը։
Նա պատմեց, որ թալիշները ներկայումս Ադրբեջանում մուտք չունեն որեւէ հեռուստատեսության կամ ռադիոյի եթեր, չեն կարողանում բարձրացնել իրենց հուզող հարցերը։
«Նրանք էլ, ովքեր մի փոքր համարձակվում են խոսել, թե թալիշցի են, բանտարկվում են կամ սպանվում։ Այսօր Ադրբեջանից Ռուսաստան է փախել ավելի քան 300 հազար թալիշ, քանի որ հետապնդվում են»,–ասաց թալիշ գործիչը։
Նրա խոսքով, քաղաքական գործիչները քանի դեռ մտածում են, Թալիշիստանում կծագեն նույն ռազմական գործողությունները, ինչ Ղարաբաղում. «2 միլիոնից ավելի թալիշներ են բնակվում Ադրբեջանում, ինչպե՞ս կարելի է նրանց ոչնչացնել եւ ամբողջ աշխարհն ուղղակի կողքից դիտի։ Ադրբեջանում սեփական լեզվով ռադիո, հեռուստատեսություն, դասագրքեր պահանջելը, նշանակում է դառնալ անջատողական ու ազգի թշնամի»։
Հարցին՝ ինչպե՞ս կայացրեց ընտանիքով Հայաստան գալու որոշումը, որն ինչ—որ առումով ռիսկային էր, Շ. Միրզոեւը պատասխանեց. «Ես դա ռիսկային չէի համարում։ Ռիսկային էր իմ՝ Ադրբեջանում գտնվելը։ Ես Ադրբեջանից ուղղակի փախել եմ իմ ընտանիքով՝ մահից խուսափելու համար։ Նորից այնտեղ վերադառնալը՝ ինձ համար մահ էր։ Իսկ Հայաստան գալը ռիսկային չէր։ Ես չեմ սխալվել»։
«Ադրբեջանական բանակում առաջնագծում ծառայում են մեծամասամբ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները,–լրագրողների հետ զրույցում ասաց Միրզոեւը։–Թալիշներն են ծառայում առաջնագծում։ Նրանց բանակ են տանում, կարելի է ասել, ստիպողաբար եւ ուղարկում են միանգամից առաջնագիծ՝ մսաղաց։ Սա է պատճառը, որ սպանվածների թվում, անուններից էլ կարող եք տեսնել, մեծամասամբ թալիշներն են, թաթերը, ուդինները։ Բանակում միայն 20—30 տոկոսն են, որ, այսպես ասած, տեղացիներ են, ովքեր իրենց թուրքեր են կոչում։ Նրանք առաջնագծում չեն՝ խոհարարներն են, պահեստներում են ծառայում եւ այլն»։
Հարցին, եթե ստիպողաբար են բանակ գնում, չե՞ն կարող հրաժարվել կամ ընդդիմանալ, Շահին Միրզոեւը պատասխանեց, որ դա ուղղակիորեն կվտանգի նրանց ու նրանց ընտանիքների կյանքը։
«Նրանց առնվազն կբանտարկեն, ու բացի այդ, կտուժի նրանց ամբողջ ընտանիքը։ Ես հիմա Հայաստանում եմ, 92—ամյա հայրս այնտեղ է, ու նրան ստիպել են, որ հրաժարվի ինձանից։ Միգուցե, նա նույնիսկ չի էլ հասկանում՝ ինչ է կատարվում, ծեր է, բայց նրան ստիպել են հրաժարվել ինձանից»,–բացատրեց Շահին Միրզոեւը։
Նա նշեց, որ Հայաստանում ինքն ու իր ընտանիքն իրենց լավ են զգում. «Ընտանիքս այստեղ շատ լավ է զգում։ Երեկոյան եկանք, միանգամից հաջորդ օրը կնոջս տեղափոխեցին հիվանդանոց, քանի որ օնկոլոգիական հիվանդություն ունի։ Հիմա բժիշկների հսկողության տակ է»։


Բանակցային գործընթացն իմիտացիա է
 

Այս միջոցառումը շատ կարեւոր է, քանի որ շատ բաներ նաեւ մեր հակառակորդի ջանքերով մոռացվել են։ Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը համաժողովի մեկնարկին լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչու է հիմա անհրաժեշտություն առաջացել վերլուծելու 1992—ի դեպքերը, պատասխանեց, որ այդ անհրաժեշտությունը միշտ կա, քանի որ Ադրբեջանը փորձում է լրիվ այլ կերպ ներկայացնել իրավիճակը։ «Մի երկիր, որի հետ մարդու իրավունքներն ուղղակի անհամատեղելի են։ Ինչ ասես, պետական մակարդակով իրականացվում է ահաբեկչություն։ Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ սկսվեց Սումգայիթում, Ադրբեջանի շարունակական քաղաքականությունն է։ Ավելին, Ադրբեջանի վերջին հայտարարությունն այն մասին, թե ապրիլին իրենց կողմից Ղարաբաղի դեմ սանձազերծված գործողությունները, լարվածության պահպանումն իրենց ներքին գործն է, արդեն լրիվ բացահայտում է այդ իշխանության դեմքը։ Այսինքն՝ այսքան տարի իրենք ձեւացնում են, որ մասնակցում են բանակցային գործընթացին։ Իրականում իրենց նպատակը նույնն է, ինչ եղել է ի սկզբանե, այն է՝ ուժային լուծում եւ ցեղասպան քաղաքականություն Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ»,–ասաց Շավարշ Քոչարյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն այլընտրանք չունենա։
Ապրիլյան պատերազմից հետո ոլորտի փորձագետները վստահեցնում էին, որ սա պետք է օգտագործենք բանակցային գործընթացում, ի՞նչ արվեց այս ընթացքում, ինչպե՞ս ենք դուրս գալիս ստեղծված իրավիճակից՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Բանակցային գործընթացը Ադրբեջանի համար ընդամենը իմիտացիա է, ինքը բացահայտ դա ասում է»։ Ըստ Շավարշ Քոչարյանի, միջազգային հանրությունը արդեն շատ լավ գիտակցում է, որ մի կողմը որեւէ փոխզիջման պատրաստ չէ, ավելին՝ Ղարաբաղի հարցը մի կողմ դրած՝ բացահայտ հայտարարում է իր հավակնությունները ՀՀ տարածքների նկատմամբ՝ ասելով, որ դրանք պատմական ադրբեջանական հողեր են, ինչը ծիծաղելի է. «Իրավիճակը ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը այսօր գոյություն ունի իրականացնելու եռանախագահների առաքելություններից մեկը՝ փխրուն զինադադարի պահպանումն է եւ ռազմական գործողությունների վերսկսման արգելափակումը, որը եւս կասկածի տակ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի հայտարարությունները»։
Խոսվում է Ղարաբաղը բանակցությունների սեղան վերադարձնելու հնարավորության մասին, կա՞ նման հնարավորություն՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Եկեք ճիշտ հասկանանք, մի կողմից այն հանգամանքը, որ Ադրբեջանը ամեն կերպ խոչընդոտում է Ղարաբաղի մասնակցությունը, դա լակմուսի թուղթն է, որը ցույց է տալիս, որ ինքը երբեք հակված չի եղել հարցի բանակցային կարգավորմանը»։ Դա, ըստ Քոչարյանի, հարցի մի կողմն է, մյուս խնդիրը ֆորմալ մասնակցությունը չէ, այլ խնդիրն այն է, որ հակամարտող կողմերից մեկը բանակցային գործընթացով հարցի կարգավորում չի տեսնում։ Շավարշ Քոչարյանը ընդգծեց, որ առանց Ղարաբաղի մասնակցության որեւէ հարց չի կարող լուծվել, քայլ չի կարող արվել, դա ակնհայտ է նաեւ եռանախագահների համար։ Հարցին՝ Մամեդյարովը Լավրովի հետ քննարկված պլանի մասին էր խոսում, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ նա պատասխանեց. «Մամեդյարովը ընդհանրապես Բաքվից այնքան ստեր է ասել, որ ես չեմ էլ ցանկանում մեկնաբանել։ Խոսում է պլանի մասին, եթե կա ինչ—որ կարգավորման պլան, կարեւոր չէ՝ ինչ պլան է, ապա իրենց նախագահն ասում է, որ դա իրենց ներքին գործն է, էլ ինչի մասին է խոսքը»։
«Ապրիլը մի բան ցույց տվեց, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ցանկացած արկածախնդրության։ Գնալով Ադրբեջանի վարքագիծը ցույց է տալիս, որ ԼՂ միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա»,–շեշտեց նա։
«Արցախի պաշտպանությունը միայն պաշտպանության բանակի ուսերին թողնելը սխալ է։ Յուրաքանչյուրս մեր ոլորտում, մասնագիտության շրջանակում ունենք անելիք, ամեն մեկս իր խրամատն ունի»,–լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ—ի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը։
«Այժմ աշխատանքներ են տարվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ապրիլյան պատերազմի հետ կապված գործերով Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ։ Կլինի դա Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերով Արցախը որպես երրորդ կողմ ներգրավելու կամ որեւէ այլ եղանակով, ժամանակը ցույց կտա»,–ասաց Արցախի նախագահի խորհրդականը։
Նրա խոսքով, միջազգային իրավունքի առումով բացթողում կա. «Փաստորեն Արցախի Հանրապետության տարածքում տեղի են ունենում պատերազմական գործողություններ, սակայն Արցախի ձայնը լսելի չէ, քանի որ ֆորմալ առումով Արցախը դեռեւս չճանաչված պետություն է։ Մենք ուղիներ ենք որոնում այս խնդիրը ինչ—որ կերպ լուծելու համար։ Քանի որ բոլոր գործողությունները ծավալվել են Արցախի Հանրապետությունում, մեր կարծիքով՝ ճիշտ չէ, գործերին ճիշտ լուծում տալու համար դատարանն ինքը կարիք ունի Արցախի իշխանությունների, նրա ժողովրդի ձայնը լսելու»։
Էմիլ Բաբայանն ընդգծեց, որ ապրիլյան պատերազմում գրանցված մահվան յուրաքանչյուր դեպքի առթիվ Արցախում քրեական գործեր են հարուցվել, քննություն է իրականացվել, առկա են բոլոր փաստաթղթերը։
«Հարցն այստեղ ավելի շատ իրավական ոլորտին է վերաբերում։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ բոլոր գործողությունները տեղի են ունենում Արցախում, սակայն Արցախի Հանրապետության ձայնը լսելի չէ։ Սա անարդարացի մոտեցում է։ Պետության չճանաչված լինելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ մարդու իրավունքների իրացման համար»,–ասաց Բաբայանը։
«Ապրիլյան իրադարձություններից հետո ռազմական էսկալյացիայի կրկնման հավանականությունը բավականին բարձրացել է, ե՛ւ հայկական կողմը, ե՛ւ միջազգային հանրությունը պետք է այդ փաստը հաշվի առնեն»,–լրագրողների հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանը, շփման գծում ակտիվություն ցուցաբերելով, երկու հարց է լուծում՝ ճնշում իրագործելով ազդել հայկական կողմերի մոտեցման վրա, փորձելով ստանալ միակողմանի զիջումներ, երկրորդ՝ պատրաստել նպաստավոր դաշտ նոր էսկալյացիայի համար։
Քաղաքագետը նշեց, որ ապրիլյան պատերազմից հետո համանախագահները ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակում փորձեցին քայլեր ձեռնարկել, նաեւ անձնական ներդրումն ունենալ, մինչդեռ Ադրբեջանը չի ընդունում այն առաջարկները, որոնք մշակվել էին համանախագահների կողմից։
Ս. Մինասյանը համոզված է, որ միջազգային հանրությունն անելիքներ ունի այս ուղղությամբ։
«Ռազմական հանցագործությունն ավելի բնորոշ է ահաբեկչական սկզբունքով առաջնորդվող պետություններին։ Անընդհատ տեսել ենք Ադրբեջանի իշխանությունների գործողություններում հենց խաղաղ բնակչության դեմ ուղղված ռազմական հանցագործությունների փաստեր»,–լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Պաշարվածները» (2017) վավերագրական ֆիլմի համահեղինակ Հրանտ Մելիք—Շահնազարյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանն իր կողմից իրականացված ռազմական հանցագործությունների փաստերը բավական ցայտուն ներկայացնում է, իսկ նպատակը մեկն է՝ նման ճանապարհով ահաբեկել եւ վախեցնել հակառակորդ կողմին։
«Ադրբեջանն այդ թշնամանքն ակտիվացնելու, քարոզելու նպատակով անգամ չի խուսափում միջազգային հնարավոր քննադատություններից, դրա իրավական հետեւանքներից»,–ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով, Ադրբեջանն իր ռազմական հանցագործությունները սկսել է հենց ղարաբաղյան պատերազմի սկզբից ու այդ քաղաքականությունը շարունակում է մինչեւ հիմա։ Որպես օրինակ նշեց Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանելը, Սաֆարովին հերոսցանելն ու նրան մի ամբողջ սերունդ կրթելու վառ օրինակ դարձնելը, ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշ գյուղում մնացած ծեր մարդկանց խոշտանգելը, ամենադաժան մահվան արժանացնելը։
«Այսինքն, սա մի քաղաքականություն է, որը նպատակ ունի ահաբեկել ոչ միայն հայկական պետությանը, նաեւ միջազգային հանրությանը, քանի որ բոլոր դեպքերում տեսնելով այդ տեսարանները՝ նրանք սարսափում են եւ առաջին ռեակցիան լինում է ոչ թե իրավական պատիժը, այլ՝ ինչ անել, որպեսզի չկրկնվի։ Այդ ճանապարհին միջազգային հանրությունը գնում է Ադրբեջանին զիջելու ուղիով, վախենում է, որ կկրկնվեն նման դեպքերը։ Այդ տեսարանները խնդրահարույց են հենց միջնորդների համար, քանի որ նրանց միջնորդության արդյունքը, ըստ էության, այդ սպանված ծերունիներն էին։ Մենք այդ պատճառով տեսնում էինք քննադատություն նաեւ նրանց հասցեին ուղղված։ Դրա համար փորձում են խնդրահարույց հարցերն այլ կերպ լուծել եւ գնում են այլ ճանապարհով»,–ասաց Հ. Մելիք—Շահնազարյանը։
Հարցին, թե ինչը կամ ով կարող է կանգնեցնել Ադրբեջանին, քաղաքագետն ասաց. «Դրան հակադրությունը ուժեղ պետությունն է, ուժեղ պաշտպանությունը, ագրեսիվ արտաքին քաղաքականությունը, պահանջկոտ դիվանագիտությունը»։
«Ադրբեջանում սոցիալական մեդիաներում ստեղծվել է շատ բացասական իրավիճակ, այն ավելի շատ աշխատում է հակամարտության սրացման ուղղությամբ»,–ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նրա կարծիքով, սոցիալական մեդիան կարող էր լինել երկխոսության հարթակ, որտեղ քննարկվեին վիճելի հարցեր։
«Դա այդպես էր մինչեւ տասը տարի առաջ։ Հայկական եւ ադրբեջանական ֆորումներում գոյություն ունեին բաժիններ, որոնք խիստ մոդեռացվում էին, թույլ չէր տրվում գռեհկություններ, բայց հայերն ու ադրբեջանցիները քննարկումներ էին ծավալում վիճելի հարցերի շուրջ։ Իրավիճակը հիմնականում ծայրահեղ վատացավ, երբ իշխանության եկավ Իլհամ Ալիեւը։ Պետականորեն խնդիր դրվեց ծավալել հակահայկական քարոզչություն, ճնշել բոլոր այն օջախները, որտեղ կար քիչ թե շատ փորձ հայերի հետ ինչ—որ երկխոսության գնալ քննարկումների մակարդակով։ Բացահայտ քրեորեն հետապնդվեցին այն մարդիկ, ովքեր երկխոսության էին գնում հայերի հետ, մի շարք արշավներ անցկացվեցին, հասարակական պարսավանքի ենթարկվեցին այն անձիք, ովքեր նույնիսկ սոցիալական ցանցերում ունեին հայ ընկերներ»,–ասաց Ս. Մարտիրոսյանը։
Մեդիափորձագետի խոսքով, այս ամենը բերեց նրան, որ այսօր միայն ատելության խոսք է տարածվում ցանցով։ Ս. Մարտիրոսյանն ասաց, որ այսօր կան ադրբեջանից օգտատերեր, բլոգերներ, որոնց հետ շփվում են, բայց քիչ են, շատերը ձգտում են բաց շփում չիրականացնել։
«Շատերը ցուցադրաբար հակահայկականություն են ցուցաբերում, քանի որ ինչ—որ պահից սկսում են մեղադրել նրանց, որ կասկածելի են, քիչ են հայերի մասին գրում, խոսում»,–ասաց փորձագետը։ hhpress.am

Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 299 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024