Թուրքական «Միլիյեթի» փոխանցմամբ՝ երկրի նախագահ Էրդողանը այս տարվա ապրիլի 24—ին Չանաքքալեի ճակատամարտի 100—րդ տարեդարձը ոգեկոչող միջոցառումներին մասնակցելու հրավեր է ուղարկել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ի շարս հրավիրյալ մյուս 101 երկրների։
Անանունության պայմանով թերթի հետ զրուցած պաշտոնյան հայտնել է, որ նամակում մասնավորապես գրված է՝ «...միասին ենք կռվել այդ ճակատամարտում, այդ իսկ պատճառով հրավիրում եմ նաեւ Ձեզ»։ Խոսքն այդ ճակատամարտում օսմանյան բանակի կազմում կռված հայերի մասին է։ Միայն համառոտակի տեղեկացնենք ընթերցողներին, որ Չանաքքալեի կամ Դարդանելի գործողությունը 1915թ. Անտանտի երկրների ռազմական օպերացիան էր, որի վերջնանպատակը Կոստանդնուպոլսի առումն էր։ Նախապես այն ծրագրավորված էր սկսելու ապրիլի 23—ին, սակայն վատ եղանակային պայմանների պատճառով հետաձգվեց ապրիլի 25—ին։ Օգոստոսին արդեն պարզ էր, որ դաշնակիցների ռազմագործողությունը դատապարտված է անհաջողության։ Ըստ որում, այս հրավերի՝ որպես քաղաքական քայլի իրականացման համաշարը հասկանալու համար արժե ուշադրություն դարձնել, որ հունվարի 15—ին Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը նշել էր, որ մտադիր է ապրիլի 24—ին աշխարհի տարբեր երկրների առաջնորդներին հրավիրել Թուրքիա, ինչին միանգամից դրականորեն էր արձագանքել Ալիեւը։ Արդեն իսկ պարզ է, որ նախագահ Սարգսյանի հրավերը մերժված է Էրդողանի «հակահրավերով», ուստի փորձենք վերլուծել թուրքական քաղաքականությունը տարբեր կողմերից։
«Նոր Թուրքիան»։ Նախորդ տարվա ավարտին մոտ՝ նախագահական ընտրություններից հետո, Թուրքիայի բարձրաստիճան շրջանակների կողմից աստիճանաբար ավելի ակտիվորեն սկսեց շրջանառվել «նոր Թուրքիայի» հղացքը։ Ինչ է այս «նոր Թուրքիան» եւ ինչ ազդեցություն է թողնելու տարածաշրջանային զարգացումների վրա։
2002—ից իշխանության եկած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) օրոք Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականությունը մի քանի անգամ էական փոփոխություններ է կրել թե՛ կողմնորոշումների, թե՛ հայեցակարգերի առումով, որոնք քաղաքական գիտության ռեալիստական տեսությանը հավատարիմ՝ կոչված են եղել մեծացնելու ԱԶԿ—ի իշխանությունը Թուրքիայում եւ Թուրքիայի իշխանությունը՝ տարածաշրջանում։ Ըստ այդմ՝ թուրքական կողմը այս նպատակին հասնելու համար հաճախ էր դիմում տակտիկական խուսանավումների։ Այսպես՝ ԱԶԿ կառավարման առաջին շրջանում ակնհայտ էր տարածաշրջանային պետությունների եւ անմիջական հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու եւ եվրոպական ինտեգրացիայի ուղին ընտրելու միտումը։ Հենց այդ ժամանակ էր՝ 2005 թվականին, երբ Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը նամակ է գրել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ առաջարկելով որպես առաջին քայլ համատեղ հանձնաժողով ստեղծել «Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մեղադրանքները ուսումնասիրելու համար»։ Հարեւանների, մասնավորապես Իրանի եւ Սիրիայի հետ բարիդրացիական հարաբերություններն անհրաժեշտ էին առաջին հերթին տնտեսաքաղաքական նպատակադրումներից ելնելով՝ որպես թուրքական ապրանքների սպառման շուկաներ։ Հենց ԱԶԿ իշխանության տարիներին էր, որ Սիրիայի հետ հաստատվեց առանց վիզայի ռեժիմ եւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր ստորագրվեց։
Տարածաշրջանային քաղաքականության այս տեսակերպը նոր մակարդակի բարձրացվեց, երբ 2009թ. արտգործնախարար նշանակվեց «զրո խնդիր հարեւանների» հետ թեզի հեղինակ Ահմեդ Դավութօղլուն։ Շուտով, սակայն, այս թեզը գործնական կիրառության մեջ դատապարտվեց սնանկության։ Հայաստանի հետ 2008—2009թթ. «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում հարաբերությունները կարգավորելու գործընթացը տապալվեց այն բանից հետո, երբ թուրքերը սկսեցին հայտարարել, որ կողմ են այս տարածաշրջանում երկկողմ հարաբերությունների կարգավորման եւ սահմանների համաժամանակյա բացմանը՝ ուղղակիորեն նկատի առնելով ղարաբաղյան հակամարտությունը։ Իսրայելի հետ հարաբերությունները փչացան Մավի Մարմարա նավի դեպքից, ինչպես նաեւ դեսպանական սկանդալից հետո։ Լիբիայում արված միլիարդավոր ներդրումները եւ Եգիպտոսի հետ ստրատեգիական հարաբերությունները նույնպես հեղաբեկվեցին՝ արդեն «Արաբական գարնան» հանդեպ Թուրքիայի դիրքորոշման հետեւանքով։ Չկարողանալով Սիրիայի նախագահ ալ—Ասադին համոզել՝ զիջումների գնալու եւ վախենալով սիրիական քրդերի ակտիվացումից՝ սիրիական հարցում Թուրքիան նույնպես աջակցեց հակակառավարական ուժերին՝ վատթարացնելով հարաբերությունները միաժամանակ ե՛ւ Սիրիայի, ե՛ւ Իրանի հետ։ Այսքանով իսկ «զրո խնդիր հարեւանների հետ» թեզը, որ մասն էր Դավութօղլուի՝ տարածաշրջանային գերակայության հասնելու հայեցակարգի, ձախողվեց։
Հիմնական խնդիրը, սակայն, շարունակեց մնալ հետեւյալը. Թուրքիայի համար ինչ տեղ ընտրել աշխարհում եւ տարածաշրջանում, որը թույլ կտա վերջինիս ազդեցություն ունենալ մերձակա տարածաշրջանում։ Այսպիսով, ուրվագծվեց «նոր Թուրքիայի» գաղափարը։
Ի՞նչ միջավայրում զարգացավ այն եւ ի՞նչ է ներկայացնում։ Առանցքային տեղ է հատկացվում քաղաքական իսլամին՝ որպես երկրի ներսում եւ նշված տարածաշրջանում ազդեցության հաստատման կարեւոր միջոց։ Տարածաշրջանային վայրիվերումների պայմաններում որոշակիորեն կորցնելով հեղինակությունն արաբական աշխարհում՝ Թուրքիան որոշեց նոր լիցք հաղորդել այսպես կոչված նորօսմանականության գաղափարին՝ համեմված «թուրքական իսլամի» ուժեղացմամբ։ Դպրոցներում օսմաներենի պարտադիր դասավանդման հարցն արդեն իսկ երկրի օրենսդիրների օրակարգում է, իսկ մահմեդականները, ինչպես «պարզ դարձավ» Էրդողանի խոսքերից, «բացահայտել են Ամերիկան Կոլումբոսից առաջ»։ Անշուշտ, Անկարայում վճռահատները հասկանում են, որ գաղափարախոսական առանցքի շուրջ երկրներ միավորելու ժամանակները անցել են (եթե իհարկե եղել են այդպիսի ժամանակներ)։ Այդքանով իսկ փորձ է արվում արտաքին տնտեսական համագործակցության դաշտում չկորցնել եղած դիրքերը, մասնավորապես Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Թուրքիան տնտեսական նոր հավակնություններ ունի Լատինական Ամերիկայում եւ Աֆրիկայում։ Նկատենք, որ սա տնտեսական զարգացման էքստենսիվ տարբերակ է եւ հետեւանք է Եվրոպայի եւ Արեւմուտքի հետ քաղաքական որոշակի առճակատման։ Հավակնություններն այս տարածաշրջաններում կարող են Թուրքիային հակասությունների առջեւ կանգնեցնել նաեւ մյուս գործընկերոջ՝ Չինաստանի հետ։
Այսպիսով, եթե նախկինում «ճակատագիրը Թուրքիային քշում էր Բալկաններից», եւ վերջինս շարժվում էր դեպի արեւելք, ներկայումս էլ տնտեսական դժվարությունները Թուրքիային ստիպում են փնտրել նոր շուկաներ, ինչը ապահովագրված չէ նոր բարդություններից։
«Նոր Թուրքիան եւ Հայաստանը»։ Այս հարցը պետք է դիտարկել «նոր Թուրքիան եւ Ադրբեջանը» տիրույթում, եւ պատճառն այն չէ, որ իբր Հայաստանն ինքնուրույն տարածաշրջանային խաղացող չէ, այլ այն, որ մեր տարածաշրջանում Թուրքիայից եկող վերոշարադրյալ ազդականչերին դրականորեն է պատասխանում միայն Ադրբեջանը, իսկ Հայաստանի հանդեպ քաղաքականության հարցում սատարում են մեկմեկու։ Ադրբեջանի նման վարքը պայմանավորում է Թուրքիայի տարածաշրջանային, այդ թվում՝ հայաստանյան քաղաքականությունը։ Չպետք է մոռանալ, որ այս երկու երկրները պոզիտիվ առումով կապված են մեկմեկու տնտեսական եւ գաղափարամշակութային կապերով։ Այսքանով իսկ, 2015թ. լինելու է երկու թյուրքական հանրապետությունների հակահայկական դաշնակցության մի նոր շրջան։
Օրեր առաջ Թուրքիայի հյուսիսարեւմտյան Իզմիթ քաղաքում տեղադրվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» զոհերին նվիրված հուշարձան՝ 3,3 մետր բարձրությամբ եւ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների պատկերմամբ, ինչն ըստ քաղաքապետի՝ «խորհրդանշում է երկու ժողովուրդների բարեկամությունը»։
Ի դեպ, շրջանառվող պաշտոնական տեղեկագրի մեջ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» իրագործողն է համարվում «հայկական Ա.Ս.Ա.Լ.Ա. ահաբեկչական կազմակերպությունը», այն դեպքում, որ կազմակերպման առումով «Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակը» առնչություն չունի նախկին Խոջալուի (այժմ՝ Իվանյան) ադրբեջանական կրակակետերի լռեցման, Խոջալուի մաքրագործման եւ օդանավակայանի ազատագրման ռազմագործողության հետ։ Նման քայլը պետք է տեղավորել 2015թ. թուրքական հակաձեռնարկների շարքին, որոնց նպատակը մի կողմից պասիվ պաշտպանությունն է՝ «հայերի տեղահանությունը բոլորիս ցավն է՝ օսմանյան հայրենիքի ցավն է», մյուս կողմից՝ ակտիվ հակահարձակումը՝ «հայերը պակաս չեն կոտորել, եւ Լեռնային Ղարաբաղում նրանց իրականացրած ցեղասպանությունները դրա խոսուն ապացույցն են»։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, ապա թուրքական քաղաքականությունը նախկինի պես հանգում է հետեւյալ թեզերին՝ «ԵԱՀԿ Մինսկի խումբը որեւէ արդյունք չի գրանցում բանակցություններում», «նախիջեւանաղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի այդ տարածքների հանդեպ Ադրբեջանի վերահսկողության վերականգնումով» (կոնֆլիկտը նախիջեւան—ղարաբաղյան համարելու եւ դրանում թուրքական շահի մասին տե՛ս «Նորօսմանականության ուրվականը», «ՀՀ», 21.10.2014 թ.)։
Նախորդիվ՝ «2015 թվականը եւ Ադրբեջանը» հրապարկման մեջ (15.01.2015թ.) անդրադարձել էինք այն հարցին, թե ինչ կարող ենք սպասել Ադրբեջանից սկսված տարում։ Փորձելով պատասխանել նույն հարցին՝ Թուրքիայի մասով անհրաժեշտ է հստակեցնել, որ Թուրքիան թեւակոխել է երկրաքաղաքական մի նոր փուլ, երբ եվրոպական ինտեգրացիային հատկացվում է ավելի քիչ դեր եւ փոխարենը ձախողումից հետո նոր փորձեր են արվում տարածաշրջանային թելադրողի վերածվելու համար։
Այս հարցում Թուրքիան մշտապես հակասություններ է ունեցել Իրանի հետ, եւ բացառելի չէ, որ չնայած տնտեսական գործակցությանը՝ այս խնդիրը վերստին հառնի երկու երկրների հարաբերություններում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունների խորացումը Թուրքիայի կողմից, ինչպես նաեւ այս տարի Թուրքիայում սպասվող Մեջլիսի ընտրությունները քիչ հավանականություն են թողնում, որ ցեղասպանության, առավել եւս՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում նահանջ կգրանցվի «ընդհանուր ցավի» եւ նախապայմանների քաղաքականությունից։ hhpress.am
Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ
|