ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը կոչով դիմել է արտերկրում ապրող հայրենակիցներին: Նա «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ այս օրերին բոլոր հայերը դիմակայում են չարիքին, ողջ աշխարհին սպառնացող չարին ու ահաբեկչությանը:
«Մենք չունենք նավթի ու գազի պաշարներ, մենք ունենք հայրենիքի համար կյանքը չխնայող ու սխրանքներ գործող երիտասարդներ: Մենք չունենք ծով, բայց ունենք մեր թիկունքն ամուր պահող հերոսական ժողովուրդ: Ի տարբերություն թշնամու` մենք չունենք 10 մլն բնակչություն մեր երկրում, բայց ունենք 10 մլն բնակչություն ամբողջ աշխարհում, մենք ունենք սփյուռք: Իմ այս կոչն ուղղված չէ պարզապես 10 մլն հայի, այլ 10 մլն պայքար մղողի, 10 մլն ոչինչ չխնայողի ու 10 մլն հաղթողի: Ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իրեն մեր չափ պայքարող զգա, ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտնի իր խրամատն ու մղի իր պայքարը»,- ասել է Հովհաննիսյանը:
Նա հայտնել է, որ ամեն օր հարյուրավոր, հազարավոր նամակներ է ստանում արտերկրի հայրենակիցներից, ովքեր հարցնում են, թե ինչպես կարող են օգնել, ինչ ուղարկել:
ՊՆ ներկայացուցիչը շեշտել է, որ այդ օգնությունները նպատակային ու կառավարելի դարձնելու միայն մեկ տարբերակ կա՝ նվիրատվությունները պետք է անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ «himnadram.org» եւ ԱՄՆ-ի տարածքից՝ «armeniafund.org» կայքերի միջոցով:
«Անձամբ եմ երաշխավորում, որ հիմնադրամին ուղղված ցանկացած նվիրատվություն ծառայում է իր նպատակին բազմապատիկ անգամ ավելի արդյունավետ: Այս պատերազմում հաղթանակի գրավականներից մեկն ամուր թիկունքն է: Ես վստահ եմ, որ դուք ամեն րոպե ու ամեն վայրկյան այն ավելի եք ամրացնելու: Մենք միասին հաղթելու ենք այս պատերազմում: Ամենքս դեպի մեր խրամատը: Ի գո՛րծ»
...
Կարդալ շարունակությունը »