ԱԳՆ—ում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ—ի ազգային հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նիստին ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ նախագահի եւ կառավարության աշխատակազմերի, ինչպես նաեւ՝ Երեւանի քաղաքապետարանի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Մատենադարանի ներկայացուցիչներ։
Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն ամփոփել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի ազգային հանձնաժողովի՝ անցյալ տարվա աշխատանքները, անդրադարձել է ՅՈՒՆԵՍԿՕ—ում Հայաստանի ներգրավվածության խորացմանը, նախատեսվող ծրագրերին։
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ—ի հետ մշակութային բնագավառում համագործակցությունը, առաջիկա նախաձեռնությունները։
Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ—ի ազգային հանձնաժողովի անդամները քննարկել են միջգերատեսչական փոխգործակցության, կազմակերպությունում երկրի անդամակցությամբ պայմանավորված պարտավորությունների կատարման, ՅՈՒՆԵՍԿՕ—ի շրջանակներում Հայաստանի գործունեության առավել ակտիվացմանն առնչվող հարցեր։
|