
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Յան Վապավուորիին։
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի համագործակցությունը, որը նրա գնահատմամբ, աչքի է ընկնում աճող ակտիվությամբ եւ արդյունավետությամբ։ «Բանկը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսական աճին նպաստող ռազմավարական նշանակության ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ փոքր ու միջին բիզնեսին աջակցող ծրագրեր։ Այս առումով Եվրոպական ներդրումային բանկին մենք համարում ենք մեզ համար ռազմավարական գործընկեր»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահ Սարգսյանը կարեւորել է Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարության հետ պարբերական դարձած հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, օգնում են նոր ծրագրերի կազմմանն ու դրանց արդյունավետ իրականացմանը։
Բանկի փոխնախագահ Յան Վապավուորին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ Եվրոպական ներդրումային բանկի հետ շատ լավ համագործակցության համար, որը, ըստ նրա, չնայած երկար պատմություն չունի՝ առաջին համաձայնագիրը կնքվել է 2007թ., իսկ առաջին վարկավորման ծրագիրը՝ իրականացվել 2010թ., այնուամենայնիվ, բավականին ծավալուն աշխատանք է իրականացվել։ «Մենք հատկապես ուրախ ենք ու բավարարված ստորագրված ծրագրերի բարձր մակարդակի իրագործմամբ։ Մենք տեսնում ենք, որ դուք ունեք շատ արդյունավետ վարչարարական մեխանիզմներ, որոնց շնորհիվ կարողանում եք արդյունավետորեն իրականացնել այդ բոլոր ծրագրերը»,–ՀՀ նախագահի հետ հանդիպմանն ասել է Յան Վապավուորին։ Նա գոհունակությամբ է խոսել նաեւ ՀՀ ԿԲ—ի հետ ստորագրված ՓՄՁ ֆինանսավորման ծրագրի երկրորդ փուլի պայմանագրի մասին, որի հիմնական շահառուները հայաստանյան փոքր եւ միջին ձեռնարկություններն են։
Նախագահը երախտագիտություն է հայտնել Եվրոպական ներդրումային բանկին՝ մեր երկրի համար կարեւոր ենթակառուցվածքային ծրագրերից մեկի՝ «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրին աջակցության համար։
ՀՀ նախագահը եւ Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը քննարկել են բանկի հետ Հայաստանի հետագա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|