Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություն Հայ ազգային կոնգրեսը առաջարկել է մյուս ուժերին հանդես գալ ընտրական օրենսգրքի հետ կապված միասնական պահանջներով։ Նրանք իշխանությունից պահանջելու են հրապարակել ընտրությանը մասնակցած քաղաքացիների անունները, մաքրել ընտրացուցակները, բազմակի քվեարկության բացառման նպատակով կիրառել մատների թանաքոտման մեխանիզմ եւ այլն։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամին նշեց, որ անհրաժեշտ է այնպիսի ԸՕ—ի հաստատում, որը կապահովի լրջագույն հասարակական—քաղաքական ուժերի վերահսկողություն. «Այս առումով կարեւորագույն խնդիրը, որ դրված է ընդդիմադիր ուժերի, քաղաքացիական հասարակության առջեւ, միասնական պլատֆորմի ստեղծումն է»։ Նա տեղեկացրեց, որ ինտենսիվ հանդիպումներ են ունենում եւ քաղաքացիական հասարակության հետ, եւ քաղաքական ուժերի հետ, եւ դրանց արդյունքում ձեւավորում է այդ միասնական պլատֆորմը. «Դրա էության շուրջ կոնսենսուսն արդեն կա. մնում են դետալները։ Արդեն «Հայկական վերածնունդն» էլ է միանում այդ պլատֆորմին, ուրախ ենք ցանկացած քայլի համար, որ տանում է կոնսոլիդացիայի»։
«Ժառանգությունը», պաշտպանելով ՀԱԿ—ի 5 առաջարկները, այնուամենայնիվ, չի պատրաստվում միանալ միասնական պլատֆորմին։ «Ես կարծում եմ, որ ՀԱԿ—ի առաջնորդ Լեւոն Տեր—Պետրոսյանը Հայաստանում ավտորիտար ռեժիմի կնքահայրն է, կանգնած է ավտորիտար ռեժիմի ակունքներում, ուստի մենք այդպիսի քաղաքական ուժի միանալու խնդիր չունենք։ Նրանք պարզապես վերցրել են մեր առաջարկներն ու ներկայացրել իրենց անունից։ Ասեմ ավելին՝ նրանք են մեզ միացել, ոչ թե մենք նրանց»,—ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ թեեւ ԸՕ—ի հետ կապված իրենց առաջարկները համընկնում են այլ ընդդիմադիր ուժերի առաջարկների հետ, սակայն միասնական պլատֆորմին չեն պատրաստվում միանալ. «ՀԱԿ—ի ներկայացուցիչները դիմել են պլատֆորմին միանալու հարցով, սակայն ունենալով նախկին փորձը, ԲՀԿ—ը որոշել է գործողությունները սահմանափակող ձեւաչափերով հանդես չգալ»։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդդիմությանը խորհուրդ է տալիս կառուցողական դաշտում գործել. «Ընդդիմությունը պետք է հասկանա, որ «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով շարժվելն արդյունք չի տալիս։ Ավելի լավ է համաձայնել առաջարկված տասը պայմաններից ութի կատարմանը, քան թե սպասել, որ տասից տասը կկատարվի, եւ այդպես չստացվելու դեպքում սկսել պիտակավորումները։ Սահմանադրությանն էլ էին դեմ, սակայն հիմա ուզենք, թե չուզենք պետք է ապրենք այդ Սահմանադրությամբ։ Քաղաքական համաձայնությամբ կարող ենք հասնել ավելի լավ արդյունքների։ «Ռեալ պոլիտիկ» ասվածն իրականացնենք բոլորս միասին»։
Նա նշեց, որ այժմ ճիշտ ժամանակն է, որ հասարակությունը լայնորեն մասնակցի պրոցեսին, քաղաքական ուժերն իրենց ողջամիտ առաջարկները դնեն սեղանին, եւ 2017թ. ընտրությունները լինեն աննախադեպ բարձր որակի։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նկատեց, որ միասնական պլատֆորմ ձեւավորելու փորձերը բազմաթիվ են եղել. «Տառապանքս փորձ ունի։ Քառյակ, եռյակ, երկյակ... Բայց մինչեւ ընդհանուր պլատֆորմ ձեւավորելը հարկավոր է, որ յուրաքանչյուր խմբակցություն ինքն իր մեջ միասնականություն ձեւավորի»։
Ընդհանրապես նա հարգանքով է վերաբերվում բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք իրենց ընդդիմադիր են հայտարարել։ Սակայն հորդորում է՝ ընդդիմություն եզրույթը ճիշտ հասկանալ։
Քանի՞ ընդդիմադիր ուժ է ճանաչում քաղաքական դաշտում, այդ թվում՝ նաեւ խորհրդարանում, հարցին ի պատասխան՝ Լեոն Զուրաբյանն ասաց. «Ընդդիմադիր ուժեր շատ եմ ճանաչել, իսկ ռեալ ընդդիմադիրը մեկն է։ Կռահումը թողնում եմ ձեզ»։
Անդրադառնալով Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե միակ իրական ընդդիմադիրը ՀԱԿ—ն է, Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Ես կարծում եմ, որ ժողովուրդն է որոշում՝ որ ուժն է ընդդիմադիր քաղաքական ուժ, որը՝ ոչ։ Առաջիկայում էլ ընտրություններ են, եւ, կարծում եմ, ժողովրդի քվեարկությունը ցույց կտա, թե ով էր իրականում ընդդիմադիր, ով ընդդիմադիր չէր»,–ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ վստահեցնելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կրքերն արդեն հանդարտվել են։
Քաղաքական կամքն առկա է
Պատգամավորները կրկին անդրադարձան այն հարցին, թե ինչ է անհրաժեշտ, որ ընտրությունները հանրության շրջանում վստահություն ունենան։
Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է հրապարակել ցուցակները եւ վերացնել դիտորդական առաքելությունների եւ ԶԼՄ—ների համար առկա խոչընդոտները։ Պատգամավորը կարծում է, որ ընտրական օրենսգրքում առկա թերությունների ու խնդիրների մասին պետք է բարձրաձայնեն բոլորը՝ թե՛ քաղաքական ուժերը, թե՛ քաղաքացիական հասարակության, թե՛ ԶԼՄ ներկայացուցիչները. «Սա այն հարցն է, որտեղ բոլորը պետք է բարձրաձայնեն իրենց դժգոհությունների մասին, հանդես գան առաջարկներով, ներկայացնեն իրենց դիրքորոշումը։ Մարտի 22—ին լինելու են լսումներ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ։ Կարծում եմ, որ դա չպետք է լինի փոքր դահլիճային քննարկում, դրան պետք է մասնակցեն բոլոր շահագրգիռ կողմերը եւ ներկայացնեն իրենց առաջարկներն ու մտահոգությունները։ ԸՕ—ն համարվում է սահմանադիր օրենք։ Դրանից է կախված մեր ապագա քաղաքական համակարգը։ Դրանից կախված է լինելու պետության ապագա զարգացումը։ Մենք այս պահի դրությամբ ընտրում ենք զարգացման համակարգ»։ Նա համոզված է, որ հասարակական կազմակերպվածությունը կարող է պահանջի ակնկալիք ձեւավորել, քանի որ դա իշխանությունների համար կարեւոր բաղադրիչ է։
ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանի խոսքով, հիմնական խնդիրներից մեկը ընտրացուցակների հրապարակումն է. «Սա մեզ համար սկզբունքային հարց է։ Այստեղ խոսքը գաղտնիության մասին է, բայց կարեւորը քվեարկության գաղտնիությունն է»։
Հաջորդն արդյունքների ամփոփման հարցն է։ Ըստ նրա՝ ամփոփումը պետք է իրականացվի ընտրատարածքներում։
Արմեն Ռուստամյանն առանձնացրեց առնվազն չորս հանգամանք, որոնք, ըստ նրա, հույս են տալիս, որ 2017 թվականի ընտրությունները նորանկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ են լինելու։ Նա, որպես առաջին նախադրյալ, նշեց անցումը համամասնական ընտրակարգի. «Անձի ընտրությունն այս դեպքում արդեն տեղի չի ունենում ուղղակի։ Այն տեղի է ունենում անուղղակի, որպեսզի հստակեցվի տվյալ անձի տեղը կուսակցության ցուցակում։ Սա բաց ցուցակի տարբերակն է, ուստի իրականության հետ կապ չունեն խոսակցությունները, թե այստեղ ինչ—որ ծուղակ կա»։ Երկրորդն, ըստ նրա, այն է, որ Սահմանադրության փոփոխություններից հետո ավելի ժողովրդավարական է դարձել «կայուն մեծամասնություն» հասկացությունը. «Գիտեք, որ կայուն մեծամասնությունը տարբեր ընկալումներ ուներ, տարբեր կերպ էր մեկնաբանվում։ Հիմա այն, ինչ առաջարկվում է որպես այդ հասկացության սահմանում, հիմնականում ընդունելի է»։
Երրորդ նախադրյալը ցանկացած պարագայում խորհրդարանում ընդդիմության համար անհրաժեշտ ներկայության ապահովումն է. «Այսինքն՝ մենք ասում ենք, որ ինչպիսին էլ լինեն ընտրությունների արդյունքները, ընդդիմությունը պետք է ունենա տեղերի 1/3—ը Ազգային ժողովում։ Սա շատ կարեւոր է, քանի որ այս դեպքում կմեծանա ընդդիմության դերակատարումը»։
Չորրորդ հանգամանքն ընտրակեղծիքներն ու խախտումները բացառելու մեխանիզմների որոնումն է։ Դրա հետ կապված հիմնական հարցը բազմակի քվեարկությունների դեմն առնելն է. «Մենք հիմա աշխատում ենք այդ մեխանիզմները գտնելու վրա։ Եթե չգտնենք, ապա կարծում եմ, որ նույն էլեկտրոնային համակարգով գրանցումը, հաջորդ օրը ցուցակներին ծանոթանալն արդեն իսկ լուրջ կանխարգելիչ գործողություններ են ընտրակեղծարարությունների դեմ»։
Մի բան, ըստ Ն. Զոհրաբյանի, հստակ է՝ 2017 թ. ընտրությունները լինելու են լակմուսի թուղթ եւ վերջին հնարավորությունը՝ տեսնելու, թե մեր երկրում հնարավո՞ր է անցկացնել ընտրություններ, որոնք կբարձրացնեն հանրության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ՝ նշելով, սակայն, որ նույնիսկ ամենաիդեալական ԸՕ—ն, եթե չկա քաղաքական կամք, ոչինչ չի փոխելու։
Վահրամ Բադղասարյանը նշեց, որ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար քաղաքական կամքն իշխանությունն ունի, իսկ ԸՕ—ն պետք է աջակցի դրան. «Ասել եմ ու ասում եմ, որ ԸՕ—ից բողոքում են այն քաղաքական ուժերը, որոնք հաշվարկել են իրենց ռեսուրսը եւ հասկացել են ու խիստ կասկածներ ունեն գալիք ընտրություններում իրենց հաջողությունների հարցում։ Հասկացել են, որ ոչ միայն չեն կարող լինել մեծամասնություն, այլեւ կասկածի տակ է խորհրդարան մտնելը, եւ դրա համար ամեն բան անում են։ Պետք է քաղաքական կամք, եւ մենք պետք է հասնենք նրան, որ ընտրությունները լինեն թափանցիկ։ ԸՕ—ն պետք է լինի այնպիսին, որ հաշվի առնվեն ընդդիմության եւ հանրության առաջարկները, որպեսզի փարատվեն կասկածները»։
Հարցին՝ նախկինում այդ քաղաքական կամքը չի՞ եղել, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Նախկինում գնահատականներ են տրվել, որոնց հետ դուք կարող եք համաձայնել կամ չհամաձայնել։ Եղել են արջի ծառայություններ, եղել են բացասական երեւույթներ։ Ընդ որում, դուք պետք է նկատեք, որ այդ խախտումները, որոնց մասին նախկինում բարձրաձայնվել է, էական ազդեցություն չէին կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Հիմա եթե մենք ընդունում ենք ընտրական օրենսգիրք, պետք է դա այնպիսի օրենսգիրք լինի, որտեղ կկարողանանք փարատել ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության մտահոգությունները։ Մենք հիմա այդ ճանապարհով ենք շարժվում»։
|