ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 15 » Անվտանգ, կայուն եւ հուսալի /Նախարարն ամփոփեց արվածն ու խոսեց անելիքներից/
16:07
Անվտանգ, կայուն եւ հուսալի /Նախարարն ամփոփեց արվածն ու խոսեց անելիքներից/

Նախորդ տարվա ընթացքում մեր երկրում արտադրվել է 7750,0 մլն կվտ.ժ էլեկտրաէներգիա, որը 0,52 տոկոսով ավելի է նախորդ տարվա 7710,0 մլն կվտ.ժ—ից։ Ընդ որում՝ կլիմայի ոչ բարենպաստ փոփոխությունների հետեւանքով հիդրոէներգետիկայի մասնաբաժինը շարունակում է նվազել տարեկան էներգահաշվեկշռում։ Երեկ հրավիրված մամլո ասուլիսում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ամփոփեց 2014թ. արվածն ու մակրոտնտեսական ցուցանիշները։ Նախարարը ներկայացրեց նաեւ համակարգի ֆինանսական վիճակի վերլուծությունն ու իրականացվելիք ծրագրերը։
Ի դեպ, նախարարն ասուլիսը սկսեց Գյումրիում օրերս կատարված զարհուրելի դեպքի կապակցությամբ ցավակցությամբ։
Ընդհանրապես վերջին տարիներին էներգահամակարգում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ՝ ուղղված էլեկտրաէներգիայի արտադրության նոր, ավելի արդյունավետ հզորությունների ստեղծմանը (Երեւանի ՋԷԿ—ի ՀՇԳՑ էներգաբլոկ, Հրազդանի 5—րդ էներգաբլոկ), տեղական ռեսուրսների օգտագործմանը (շուրջ 160 փոքր հիդրոէլեկտրակայաններ, հողմակայան), բնական գազի մատակարարման տարատեսակացմանը, բարձրավոլտ ենթակայանների վերականգնմանը։ Այդ աշխատանքների ֆինանսավորման համար էներգահամակարգի պետական մասնակցությամբ ընկերությունները ներգրավել են երկարաժամկետ բյուջետային վարկեր՝ շուրջ 140,3 մլրդ դրամ։ Միաժամանակ, համակարգի պետական ընկերությունները առեւտրային բանկերից ներգրավել են 10,8 մլրդ դրամ առեւտրային վարկեր, քանի որ սարքավորումների անվտանգ եւ հուսալի շահագործման ապահովման համար սակագներում այդ նպատակներով բավարար միջոցներ նախատեսված չեն։ «Այսպիսով, համակարգի պետական ընկերությունների երկարաժամկետ բյուջետային եւ առեւտրային վարկային պարտավորությունները կազմել են շուրջ 151,1 մլրդ դրամ»,–հայտնեց Ե. Զախարյանը։ 2014թ. էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կազմել է 1305,3 մլն կվտ.ժ, որը հավասար է նախորդ տարվա ցուցանիշներին։ Նախորդ տարի 11 ամսում ներքին շուկայում սպառվել է 4915,83 մլն կվտ.ժ էլեկտրաէներգիա։ Համեմատության համար նշենք, որ 2013թ. նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը 4840,91 մլն կվտ.ժ էլեկտրաէներգիա է։
Նախարարը տեղեկացրեց, որ ներքին շուկայում էլեկտրաէներգիայի ծախսը (դարձյալ 11 ամսում) ըստ հիմնական ոլորտների հետեւյալն է. բնակչության մասով՝ 1739,2 մլն կվտ.ժ (2013թ.՝ 1712,0 մլն կվտ.ժ), բյուջետային կազմակերպությունների մասով՝ 289,5 մլն կվտ.ժ (2013թ. 282,3 մլն կվտ.ժ), արդյունաբերության մասով՝ 1133,4 մլն կվտ.ժ (2013թ.՝ 1106,3 մլն կվտ.ժ), ոռոգման եւ խմելու ջրերի համակարգի մասով՝ 241,3 մլն կՎտժ (2013թ.՝ 222,9 մլն կՎտ.ժ), մյուս սպառողների մասով՝ 1407,4 մլն կվտ.ժ (2013թ.՝ 1405,0 մլն կվտ.ժ)։ «Էլեկտրաէներգիայի սպառումը աճել է բնակչության մոտ, բյուջետային կազմակերպություններում, ոռոգման համակարգում, արդյունաբերությունում, այլ սպառողների մոտ, իսկ, ըստ տնտեսության ճյուղերի, համամասնությունը 2014թ. 2013թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ գրեթե չի փոխվել»,–ասաց Ե. Զախարյանը։
Ինչ վերաբերում է կորուստներին, ապա, նախարարի վստահեցմամբ, փաստացի կորուստները բաշխիչ ցանցում նվազել են եւ կազմել 799 մլն կվտ.ժ կամ 14.0%՝ նախորդ տարվա 14.1%—ի դիմաց, իսկ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունում տեխնոլոգիական կորուստները կազմել են 126.7 մլն կվտ.ժ։
2014թ. Հայաստան է ներկրվել 2,451 մլրդ խմ գազ (ՌԴ—ից՝ 2,062 մլրդ խմ, իսկ ԻԻՀ—ից՝ 0,389 մլրդ խմ), նախորդ տարվա 2,361 մլրդ խմ—ի դիմաց։ Առանձին սպառողների խմբերի մասով գազի սպառման ցուցանիշները հետեւյալն են. էներգետիկայի մասով՝ 594,121 մլն խմ՝ 2013թ. 511,091 մլն խմ—ի դիմաց, բնակչության մասով՝ 522,227 մլն խմ՝ 2013թ. 538,937 մլն խմ—ի դիմաց, արդյունաբերության մասով՝ 243,113 մլն խմ՝ 2013թ. 268,427 մլն խմ—ի դիմաց, բյուջետային կազմակերպությունների մասով՝ 43,392 մլն խմ՝ 2013թ. 45,433 մլն խմ—ի դիմաց եւ ԱԳԼՃԿ—ների մասով՝ 481,777 մլն խմ՝ 2013թ. 454,983 մլն խմ—ի դիմաց։


Ճեղքվածք եւ առողջացում
 

Ի՞նչ վիճակ է էներգահամակարգում ֆինանսական մասով («ՀՀ»—ն նախորդ տարեվերջին ուշադրություն հրավիրել էր այս խնդրին)։ Երվանդ Զախարյանը նշեց, որ ֆինանսական միջոցների անարդյունավետ գործածման հետեւանքով ընկերություններում առաջացել են առեւտրային կրեդիտորական պարտավորություններ օգտագործված էներգակիրների, ապրանքների եւ ծառայությունների գծով՝ 23,8 մլրդ դրամի չափով։ «Ընկերությունների առկա ֆինանսական վիճակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ համակարգում կան չլուծված խնդիրներ, որոնց հիմնական պատճառներից մի քանի կարեւորները նշեմ։ Օրինակ՝ 2012—2014թթ. մարժային տարիներին ոչ իրատեսական էներգահաշվեկշիռները, ՀԱԷԿ—ի լրացուցիչ կանգառը, ջրի սակավությամբ պայմանավորված ՀԷԿ—երում թերի արտադրված էլեկտրաէներգիայի հետեւանքով «Հայաստանի էլեկտրական ցանցերում» առաջացած ֆինանսական ճեղքվածքը, որը կազմել է շուրջ 27,6 մլրդ դրամ։ Դա էականորեն ազդել է վերջինիս ֆինանսական վիճակի վրա։ Այդ գումարից 3,8 մլրդ դրամը փոխհատուցվել է, իսկ ընթացիկ մարժային տարում (մինչեւ 2015թ. օգոստոսը) նախատեսված է փոխհատուցում՝ եւս 9,2 մլրդ դրամի չափով։ Ստեղծված վիճակը պայմանավորված է սակագների հիմքում դրված էլեկտրաէներգիայի արտադրության եւ սպառման կառուցվածքի շեղումներով, ինչպես նաեւ կառավարման խնդիրներով»,–նկատեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը։
Նա միաժամանակ հավելեց, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը արտադրող կայանների նկատմամբ կուտակել է մեծ պարտքեր, միայն պետական մասնակցությամբ ընկերություններին, 2015թ. հունվարի 1—ի դրությամբ, պարտքը կազմել է 15,8 մլրդ դրամ, այդ թվում ժամկետանց պարտքը՝ 7,8 մլրդ դրամ։
Այսօրվա դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» պարտավորությունները բանկերի նկատմամբ գերազանցում են 220 մլն ԱՄՆ դոլարը, իսկ պետական ընկերությունների՝ առեւտրային բանկերից ներգրաված վարկերը կազմում են 10,8 մլրդ դրամ։ Ընդ որում, վարկերի սպասարկման հիմնական ծախսերը ներառված չեն սակագներում, ինչն իր հերթին լրացուցիչ բեռ է ընկերությունների համար։
Նախնական տվյալներով, 2014թ. օգոստոսի 1—ից գործող սակագների հիմքում վերցված պլանային էներգահաշվեկշռի շեղումների հետեւանքով մինչեւ մարժային տարվա ավարտը (2015թ. հուլիսի 31—ը) ընկերությունը չի ստանա 4,2 մլրդ դրամ։ «Հիմնականում գործող սակագները չեն արտացոլում ընկերություններին անհրաժեշտ ծախսերը՝ ուղղված շահագործմանն ու անվտանգություն ապահովող միջոցառումներին։ Որոշ ընկերություններում պլանավորվում է ամորտիզացիա եւ շահույթ, այն դեպքում, երբ մյուս ընկերություններում դրանք չեն նախատեսվում։ Արդյունքում մի ընկերությունը աշխատում է վնասով, մյուսը՝ գերշահույթով»,–նշեց Ե. Զախարյանը։
Համապատկերում նախարարը շեշտեց նաեւ, որ նախորդ տարիների ընթացքում սեփական կարիքների համար ունենալով բավականին մեծ թերֆինանսավորում՝ համակարգից փոխառությունների տեսքով դուրս է փոխանցվել շուրջ 31,0 մլրդ դրամ՝ «Նաիրիտ» գործարանին եւ Վանաձորի քիմհամալիրին՝ աշխատավարձերի վճարման նպատակով։ Միայն 2013թ. էներգահամակարգի պետական ընկերությունների գործունեությունը եղել է վնասաբեր, ընդհանուր վնասը կազմել է 12,1 մլրդ դրամ։
Ի՞նչ է արվում էներգահամակարգի ընկերությունների ֆինանսական վիճակը բարելավելու համար։ Նախարարի հավաստմամբ, առողջացման ուղղությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես՝ աշխատանքներ են սկսվել էներգահամակարգի ընկերությունների սակագների հիմնավորման ուղղությամբ։ Չնայած այն բանին, որ 2014թ. օգոստոսի 1—ից գործողության մեջ դրված նոր սակագներում ներառվել են մի շարք անհրաժեշտ ծախսեր, այնուամենայնիվ, այդ սակագները նույնպես ամբողջությամբ չեն բավարարում ընկերությունների կարիքները։ Ուսումնասիրելով այլ երկրների փորձը՝ աշխատանքներ են տարվել ընկերությունների հետ՝ վերջիններիս անվտանգ եւ հուսալի շահագործման նպատակով անհրաժեշտ ինքնածախսածածկ սակագների հաշվարկման համար։ «Արդեն իսկ այդ հաշվարկները ներկայացվել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ համատեղ քննարկելու եւ հետագայում դրանք հաշվի առնելու համար։ Դրանից բացի՝ մշակվել է էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, առաքման եւ սպառման կանխատեսվող հաշվեկշռի կազմման մեթոդիկայի նախագիծ՝ հետագա շեղումներից խուսափելու եւ վնասների առաջացում թույլ չտալու համար։ Նախատեսված միջոցառումների նպատակն է ապահովել կորուստների կրճատում՝ 2 տարում նվազագույնը 2 տոկոսով։ Հաշվի առնելով բազմաթիվ չլուծված հարցերը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատիրոջ՝ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ—ի հետ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ համատեղ աշխատելու նպատակով»,–ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ մշակվել է էներգահամակարգի առողջացման ծրագիր, համաձայն որի նախատեսվում է ընկերությունները բերել այնպիսի վիճակի, երբ նրանց գործունեությունը կլինի ինքնածախսածածկ, համակարգից դուրս տրված գումարների հետ ստացման միջոցով կմարվեն ընկերությունների վարկերը եւ կրեդիտորական պարտքերը։ Արդյունքում կկարգավորվեն ընկերությունների դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերը. «Ես համոզված եմ, որ մենք կունենանք հուսալի, անվտանգ եւ ինքնածախսածածկվող համակարգ»։ Փետրվարին կառավարության հաստատմանը կներկայացվի մինչեւ 2036թ. էներգահամակարգի զարգացման փաստաթուղթը։


«Նաիրիտի» ապագան կախված է աուդիտից
 

Համաշխարհային բանկի մասնագետները առաջիկայում կժամանեն Երեւան ու «Նաիրիտ» գործարանում տեխնիկական աուդիտ կանցկացնեն։ Եվ միայն ՀԲ ուսումնասիրություններից եւ առաջարկներից հետո ՀՀ կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի։ «Մենք արդեն դիմել էինք Համաշխարհային բանկին ուսումնասիրության անցկացման համար, եւ բանկը դեկտեմբերից սկսել է տեխնիկական աուդիտի հետ կապված նախնական աշխատանքներ իրականացնել։ Մոտ օրերս ՀԲ մասնագետները կայցելեն Երեւան։ «Նաիրիտի» մասնագետները նույնպես մասնակից կդառնան ուսումնասիրությանը, որպեսզի այն լիարժեք լինի։ Աուդիտից հետո դրական եզրակացության դեպքում խորհուրդը կնախապատրաստի մրցութային փաթեթ հետագա վերագործարկման հետ կապված։ Հանրապետության ղեկավարությունը շահագրգիռ է, որ «Նաիրիտը» վերագործարկվի։ Այդ պարագայում գործարանում կաշխատեն 600—700 աշխատակիցներ»,–ընդգծեց նախարարը։ Ի դեպ, տեխնիկական աուդիտի համար ֆինանսական միջոցները ՀԲ—ն է տրամադրում՝ որպես դրամաշնորհ։
Հավելենք, որ «Նաիրիտի» աշխատակիցներին խոստացվել է տրամադրել եւս մեկ աշխատավարձ հունվարին, իսկ աշխատակիցների կրճատման գործընթացը կշարունակվի մինչեւ փետրվար, որից հետո նոր պայմանագրեր կկնքվեն միայն 478 աշխատակցի հետ։ Գործարանի վերագործարկման դեպքում աշխատակիցների թիվը 700—ից չի անցնի։
Աուդիտի արդյունքը պատրաստ կլինի փետրվարի վերջին։
«Մենք շահագրգիռ ենք եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի գործարանը վերագործարկենք,–ասաց նախարարը՝ միաժամանակ հավելելով, թե ինքը երբեք չի խուսափել եւ չի էլ խուսափելու հանդիպել նաիրիտցիների հետ.–Նրանց պետք չէ խաբել եւ անորոշ վիճակում պահել, քանի որ աշխատակիցների պահանջները հասկանալի են ու արդարացված։ Ես նրանց ներկայացրել եմ, որ ՀՀ կառավարությունը որեւէ կոնկրետ քայլ՝ կապված «Նաիրիտ» գործարանի հետ, չի կարող անել, քանի որ գործարանի բաժնետոմսերը գտնվում են գրավի տակ ԱՊՀ միջպետական բանկում։ Այսինքն՝ պետությունը չի տնօրինում այդ բաժնետոմսերը, եւ ՀՀ կառավարությունը կարող է քայլեր կատարել միայն այն դեպքում, եթե դա անցնի կառավարության տնօրինությանը»։


2015թ. անելիքները
 

ՀԱԷԿ—ի շահագործման ժամկետը մինչեւ 2027թ. երկարացնելու աշխատանքների համար ռուսական կողմը կտրամադրի 270 մլն դոլար արտոնյալ պայմաններով վարկ (15 տարի մարման ժամկետ, 3% տոկոսադրույք) եւ 30 մլն դոլար դրամաշնորհ։ «Նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիրը շատ կարեւոր է, որի համաձայն շինարարական աշխատանքները պետք է սկսվեն 2018թ., այնպես, որ նոր էներգաբլոկը շահագործման հանձնվի 2027թ.»,–շեշտեց նախարարը։
Միջազգային ֆինանսական կառույցների՝ մասնավորապես ՀԲ—ի, Ասիական զարգացման բանկի, Գերմանական KfW բանկի աջակցությամբ կիրականացվեն համակարգի համար էական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր. կվերակառուցեն 220 կՎ «Հաղթանակ», 110 կՎ «Չարենցավան—3» եւ «Վանաձոր—1» ենթակայանները (ծրագրի արժեքը՝ 40,0 մլն դոլար), ինչպեսեւ՝ «Ագարակ—2» եւ «Շինուհայր» ենթակայանները, կսկսվեն SCADA կառավարման ու կապի համակարգի երկրորդ փուլի ներդրման աշխատանքները (37,0 մլն դոլար)։ Նախատեսվում է նաեւ Հայաստան—Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը։
Այս տարվա անելիքներից նախարարն առանձնացրեց հատկապես Իրան—Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի ու Մեղրի ՀԷԿ—ի շինարարության մեկնարկը, 450 ՄՎտ հզորությամբ Երեւանի ՋԷԿ—ի համակցված շոգեգազային ցիկլով 2—րդ էներգաբլոկի կառուցման ծրագիրը, Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի հիմնադրամի կողմից տրամադրվելիք դրամաշնորհային միջոցների հաշվին էներգախնայողության ծրագրով նախատեսված միջոցառումները, «Քարքառ» կոչվող երկրաջերմային հարթակում կմեկնարկեն ռեսուրսի քանակական եւ որակական գնահատման ու էլէներգիա արտադրող կայանի կառուցման նպատակահարմարությունը հատկորոշող երկրաբանական հորատման աշխատանքները։ Նախորդ 2 տարիներին Իրանի ազգային բանկը սառեցրել էր բարձրավոլտի շինարարությունը։ Բայց այժմ իրանցի գործընկերները հավաստիացրել են, որ մոտ ապագայում ֆինանսավորումը կվերականգնվի, համապատասխան համաձայնություն է կնքվել «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերի» հետ։ Նախագծի արժեքը 107,9 մլն եվրո է։


Որ էլէներգիան չթանկանա
 

Դրամի արժեզրկման պարագայում չի բացառվում, որ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները դիմեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ առաջարկեն վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը։ Երվանդ Զախարյանի համար դա տարօրինակ չի լինի, որովհետեւ այլ երկրներում սակագների փոփոխություններ հաճախ են լինում։ «Ֆինանսական դաշտի յուրաքանչյուր փոփոխության պայմաններում համապատասխան փոփոխություններ արվում են սակագների առումով։ Դրամի արժեզրկման հետ կապված բնական է, որ էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններն ու բաշխիչ ցանցերը վնասներ են կրելու։ Ես տարօրինակ չէի համարի, եթե ընկերություններից մեկը ներկայացներ հաշվարկներ սակագների վերանայման հետ կապված։ Բայց միաժամանակ հայտարարում եմ, որ ՀՀ նախագահի եւ կառավարության դիրքորոշումը հետեւյալն է. ամեն ինչ պետք է անել, որպեսզի սակագների բարձրացում այս տարի չլինի, եւ բնակչությունը լրացուցիչ բեռ չստանձնի»,–ամփոփեց նախարարը։
Հ. Գ. Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն անդրադարձել է ընդերքօգտագործման ոլորտին, բայց քանի որ «ՀՀ»—ն նախորդ տարեվերջին ներկայացրել էր ոլորտի խնդիրները, այժմ դրանցից չենք խոսի։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 449 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024