ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 6
Հյուրեր: 6
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 29 » Ապրիլի 24—ով ոչինչ չի ավարտվում /Խոշոր միջոցառումների մեկնարկը կտրվի մարտից/
10:08
Ապրիլի 24—ով ոչինչ չի ավարտվում /Խոշոր միջոցառումների մեկնարկը կտրվի մարտից/

Նախօրեին Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5—րդ նիստով եւ Համահայկական Հռչակագրի ընդունմամբ հետզհետե թափ են առնում Մեծ եղեռնին նվիրված միջոցառումները։ 
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը ներկայացրել է առաջիկայում նախատեսվող եւ ակնկալվող միջոցառումները։ Նա տեղեկացրել է, որ, անշուշտ, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումների գագաթնակետը կլինեն ապրիլի 22—24—ի միջոցառումները, սակայն մինչ այդ եւ դրանից հետո եւս թե Հայաստանում, թե արտերկրում սպասվում են գիտական, կրթական, քաղաքական, մշակութային բնույթի տարբեր արարողություններ։
«Առաջին խոշոր միջոցառումը մարտի 18—20—ին է՝ «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիա ֆորումը, որն այս տարի ամբողջովին նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության տարելիցին։ Մենք աշխատում ենք տարածաշրջանային հանձնախմբերի հետ, որպեսզի այդ մեդիաֆորումին ներկա լինեն տարբեր միջազգային, տարածաշրջանային ազդեցիկ լրատվամիջոցները»,–ասել է Վիգեն Սարգսյանը։
Ապրիլին 22—23—ը կկայանա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային գլոբալ հասարակական, քաղաքական ֆորումը, որը լինելու է հարթակ խոսելու ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ ցեղասպանություն հանցագործության մասին։
Ապրիլի 23—ին Հանրապետության հրապարակում կկայանա հանրահռչակ «System of a down» ռոք խմբի համերգը։ Վիգեն Սարգսյանի խոսքով՝ խորհրդանշական է այն, որ երիտասարդ հայերից բաղկացած այս խմբի անդամները մեծ պայքար են տանում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ եւ նրանց է վստահված արվեստի ոլորտում բարձրաձայնել հարցը. «Կազմկոմիտեն որոշեց, որ շատ ճիշտ կլինի, եթե 100—րդ տարելիցի օրը այս պահանջը մշակույթի ոլորտում հնչեցնեն հենց իրենք՝ որպես միասնականության եւ պահանջատիրության առաջամարտիկների երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ»։ Խումբը նաեւ «Արթնացնել հոգիները» խորագրով 10 խոշոր համերգներ է ունենալու Լոնդոնում, Ամստերդամում, Բելգիայում, Մոսկայում, մի շարք այլ քաղաքներում։
Նույնը օրը երեկոյան տեղի կունենա նաեւ ավանդական դարձած ջահերով երթը, որին այս տարի ակնկալվում են մեծ թվով մասնակիցներ։
Ապրիլի 24—ին Ծիծեռնակաբերդի բարձունքում կանցկացվի ոգեկոչման հիմնական արարողությունը արտասահմանյան ներկայացուցչությունների մասնակցությամբ, նախատեսվում են ելույթներ, ժամանած պատվիրակությունների խոսքը։ Երեկոյան կկայանա դասական երաժշտության մեծ համերգ, որում հանդես կգան բոլոր այն երկրներից, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը կամ քայլեր են կատարել այդ ուղղությամբ։
Վիգեն Սարգսյանը անդրադարձել է նաեւ Հայ առաքելական եկեղեցու կողմից Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգին՝ առանձնահատուկ կարեւորելով այն փաստը, որ սրբադասումը հստակ թվեր չի նախատեսում։
Անդրադառնալով համահայկական Հռչակագրի ընդունմանը՝ Վ. Սարգսյանը նշել է. «Սա առաջին փաստաթուղթն է, որ ընդունվել է պետական հանձնաժողովի կողմից, որը իր մեջ ներառում է սփյուռքյան բոլոր առանցքային կառույցների դիրքորոշումը։ Հռչակագրի ընդունման փաստը, այն էլ այսպիսի նրբին հարցի շուրջ, արդեն մեծ երեւույթ է ու պատասխան է նրանց, ովքեր պատմություններ են հորինում, թե իբր հայերը սփյուռքում ու հայերը Հայաստանում տարբեր ցանկություններ ունեն։ Սա ապացույցն է այն միասնականության, որ դրսեւորում է մեր ժողովուրդը 100—րդ տարելիցի նախաշեմին։ Շնորհակալ եմ տարածաշրջանային հանձնախմբերին, որոնք նախաձեռնեցին, որ Ծիծեռնակաբերդում ընթերցվի Հռչակագիրը, դա շատ խորհրդանշական ու զգացական պահ էր»։
Նրա խոսքով՝ հռչակագրի վեցերորդ կետը, որը վերաբերում է Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչմանը հասնելու եւ հետեւանքների հաղթահարման ուղիներին, եղել է պետական հանձնաժողովի քննարկման առանցքային հարցերից։ Հռչակագրում նշվել է, որ մշակվում է իրավական պահանջների թղթածրար. «Այն հաձնախմբի առջեւ, որ ստեղծված է հանձնաժողովի որոշմամբ ու զբաղվում է հայեցակարգի մշակմամբ, մենք չենք դրել հստակ ժամանակացույց, թե երբ պետք է փաթեթը ներկայացվի։ Իրականում այդ փաթեթի մշակումը նախատեսում է շատ լուրջ աշխատանք, այդ թվում՝ ներքին համաձայնություններ ու աշխատանքներ բոլոր հնարավոր շահառուների հետ։ Մենք ակնկալում ենք ունենալ մի թղթածրար, որը կներառի հայկական աշխարհի հիմնական դերակատարների մոտեցումները, Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման պահանջները»։
Իսկ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը նկատել է, որ ընդունված հռչակագիրը միայն 2015—ի համար չէ, այլ ուղերձ է գալիք սերունդներին, որով տրվել է կոնկրետ աշխատանքի ուղենիշ։
Վիգեն Սարգսյանը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը Թուրքիայում կազմակերպվելիք տոնակատարության ուշադրություն շեղելու հետեւանքների վերաբեյալ հարցին ի պատասխան ասել է, որ հյուրընկալվել ցանկացող պետությունների թիվը ոչ մի կերպ ստվեր չի նետի ապրիլքսանչորսյան միջոցառումներին. «Երեկ հանրապետության նախագահը շատ հստակ գնահատական տվեց Թուրքիայի իշխանությունների որոշմանը՝ վերախմբագրելու սեփական երկրի պատմությունը՝ քաղաքական նկատառումներից ելնելով։ Մենք թերահավատորեն ենք նայում այդ փորձերին՝ համարելով, որ դրանք ոչ միայն սին են, այլեւ վտանգավոր»։
Նրա խոսքով՝ Հայաստանը փորձելու է իր գործընկերներին հուշել, որ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան հարմարեցված ամսաթվին որեւէ տոնակատարությունների մասնակցությունը ոչ նպատակահարմար է. «Բայց ելնելով նրանից, որ կարող են լինել շահեր ու հետաքրքրություններ, որոնք պետությունների որոշ ղեկավարների կուղղեն դեպի Թուրքիա, ես չեմ կարծում, որ դրանք որեւէ ձեւով մեզ մոտ իրականացվող ոգեկոչման միջոցառումների հետ պետք է կապել։ Մենք ոգեկոչում ենք մեր զոհերի հիշատակը ոչ թե ինչ—որ մեկին ինչ—որ բան ցույց տալու համար, այլ որ մենք ունենք մեր պայքարը, որի տերն ենք։ Եթե մեր բարեկամները գալիս են կանգնելու մեր կողքին՝ մենք բարձր ենք գնահատում դա, եթե նախընտրում են այդ օրը լինել Թուրքիայում՝ անում ենք մեր եզրահանգումները»։
Հայկ Դեմոյանը տեղեկացրել է, որ պատրաստվել է ռազմավարություն, որը լուրջ գործիք է լինելու թե Հայաստանում եւ թե Հայաստանից դուրս իրականացվող՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջոցառումների համատեքստում։ Դրանք տրամադրվելու են համայնքային կառույցներին, դիվանագիտական ներկայացուցչություններին։
Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտը ներգրավված է լինելու խոշորագույն միջոցառումներում՝ թե՛ ՀՀ տարածքում, թե՛ արտերկրում. «Ներկա պահին մենք հաստատված ունենք մոտ 40 հասցե, որտեղ ցուցադրություն պետք է կայանա եւ ապրիլին, վստահ եմ, որ այդ թիվը 100—ից ավելի կդառնա»։
Նշենք, որ երեկվանից գործարկվել է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված պաշտոնական կայքը։ «Armeniangenocide100. org»—ը Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքն է։ Այն ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշմամբ։
Կայքը հասանելի է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Այն բաղկացած է մի քանի բաժիններից՝ Ցեղասպանություն, Ճանաչում, Պատմիր քո կյանքը, Նորություններ եւ Գրադարան։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 423 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024