ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 20.08.2019, 02:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [584]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [459]
Մշակույթ [14]
Հասարակություն [763]
Սպորտ [1]
Տեսակետ [48]
Տարածաշրջան [73]
Զանազան [176]
Քաղաքականություն [607]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 23 » Առանձնահատուկ տարի երկկողմ հարաբերություններում /Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն ամփոփեց 2016 թվականը/
11:39
Առանձնահատուկ տարի երկկողմ հարաբերություններում /Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն ամփոփեց 2016 թվականը/

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը Հայաստանի երրորդ առեւտրային գործընկերն է Ռուսաստանից եւ Չինաստանից հետո, հետեւաբար երկկողմ հարաբերություններին մեծ ուշադրություն է դարձվում երկուստեք։ Արդյունքում, 2016—ը հայ—գերմանական հարաբերությունների համար առանձնահատուկ տարի էր՝ ոչ միայն ելնելով այն հանգամանքից, որ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը հերթական աճն է արձանագրել։
Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, երեկ ասուլիսում ամփոփելով տարին, հիշեցրեց, որ 2016—ը հատկանշական էր նաեւ փոխադարձ այցելությունների ինտենսիվությամբ։ Նա առանձնացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բեռլին, ինչպես նաեւ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերի այցը Հայաստան։ Տարին, դեսպանի խոսքով, առանձնացավ նաեւ միջխորհրդարանական փոխայցելությունների առատությամբ։
«Մեր դեսպանությունը ՆԱՏՕ—ի կոնտակտային դեսպանությունն է Հայաստանում, եւ ուրախությամբ կարող ենք փաստել, որ նախորդ օրերին մեծ հաջողությամբ ամփոփեցինք «ՆԱՏՕ—ի շաբաթը Հայաստանում» միջոցառումների շարքը։ Սա իր հերթին ապացուցում է այն, թե որքան սերտ են Հայաստանի ու Գերմանիայի միջեւ հարաբերությունները նաեւ ռազմական ոլորտում։ Հայաստանի զորամիավորումը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Աֆղանստանում տեղակայված Գերմանիայի զորամիավորման հետ։ Ես տարբեր առիթներով նշում եմ, թե որքան շնորհակալ ենք մեր խաղաղապահ գործընկերներին, ովքեր իրենց առաքելությունն են իրականացնում»,–շեշտեց դեսպանը։
Խոսելով ՀՀ ֆինանսների նախարարությունում ստորագրված միջկառավարական բանակցությունների վերաբերյալ արձանագրության մասին՝ Մ. Քիսլերը նկատեց, որ արձանագրությունը փաստում է, թե որքան են կարեւորվում երկու երկրների միջեւ առկա տնտեսական հարաբերությունները։ 2016թ. գերմանական կողմից եղել են նոր հատկացումներ 54,4 մլն եվրոյի չափով, դրանից բացի, հատկացվել է 22 մլն եվրոյի աջակցություն տարածաշրջանային ծրագրերի համար։ Այդուհանդերձ, Հայաստանում գերմանական կապիտալով ներդրումների աճի համար առկա են օբյեկտիվ խոչընդոտներ. «Ցավոք, գերմանական լրատվամիջոցների գլխագրերը չէին խոսում տարածաշրջանի կայունության մասին, մասնավորապես, շրջանառվում էր ղարաբաղյան հակամարտության թեման։ Այսպիսի նորությունները խոչընդոտում են նեդրումային հետաքրքրություն ցուցաբերելու հարցում։ Մեր խնդիրն է ներկայացնել օբյեկտիվ իրականությունը։ Եվ մենք գործարարներին հորդորում ենք գալ Հայաստան եւ հետաքրքրվել առկա պայմաններով։ Այստեղ նույնպես հնարավորություններ կան ոչ միայն առեւտրի տեսանկյունից, այլեւ արտադրություն հիմնելու։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանը Իրանի հետ լավ հարաբերություններ ունի, իսկ Հայաստանը ԵԱՏՄ—ի անդամ է, կարծում ենք, որ այստեղ հրապուրիչ գործոններ կարող են լինել ներդրողների համար։ Նեդրողներին ներգրավելու համար կարեւոր է նաեւ մաքսային, հարկային, դատական համակարգերի արդյունավետ գործունեությունը։ Այս ամենի հետ կապված մենք ակտիվ ու ամենօրյա երկխոսության մեջ ենք ՀՀ իշխանությունների հետ»։
Մասնավորապես, ծանոթացել են նոր կառավարության ծրագրին, հանդիպում է կազմակերպվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Մ. Քիսլերի համոզմամբ՝ գործադիրը քաջ գիտակցում է, թե որոնք են առաջնահերթությունները, թե որ ուղղություններով է պետք աշխատել. «Ես ավելի շատ բաժակը տեսնում եմ կիսով չափ լիքը, քան կիսով չափ դատարկ։ Բավականին հաջող կերպով են ընթանում նաեւ Հայաստան—ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնց հաջորդ շրջափուլը նախատեսվում է ընթացիկ տարվա դեկտեմբերին։ Բանակցությունների ամառային փոքր—ինչ պասիվ փուլից հետո նկատվում է ակտիվ առաջընթաց։ Թե երբ այն կստորագրվի, չեմ կարող ասել, սակայն հայկական կողմից կա ազդանշան այն մասին, որ, ամենայն հավանականությամբ, համաձայնագիրը կստորագրվի հաջորդ տարվա գարնանը»։
Դեսպանի կարծիքով՝ առհասարակ այն փաստը, որ կնքվելու է այդպիսի համաձայնագիր, արդեն իսկ հաջողություն է։ Դա Հայաստանի կողմից ազդակ է Եվրոպային այն մասին, որ նա ցանկանում է գնալ արդիականացման, բարեփոխումների ճանապահով, իսկ այդ ճանապարհին ԵՄ—ն Հայաստանի համար կարեւոր գործընկեր է. «Համոզված եմ, որ ԵՄ—ն, ինչպես նաեւ առանձին անդամ պետություններ ավելի շահագրգիռ են նոր ազդակներ հաղորդելու այս համագործակցությանը, այս կնքվելիք համաձայնագրին։ Հենց այսպիսի լուրերը կարող են խթանել Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն ունեցող եվրոպացի գործարարներին՝ այստեղ իրականացնելու սեփական տնտեսական ծրագրերը։ Ինչ վերաբերում է ԵՄ—ի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը, ապա մենք ընդունում ենք ՀՀ քաղաքացիների ցանկությունը՝ առանց ընթացակարգերի դեպի Եվրոպա ճամփորդելու հետ կապված, սակայն դեռ պարզ չէ, թե երբ կմեկնարկի այս թեմայի շուրջ երկխոսությունը ԵՄ—ի հետ։ Որպես խորհուրդ, հենվելով մինչ այս եղած փորձի վրա, կարող եմ ասել, որ գոյություն ունեն որոշ նախապայմաններ վիզային ռեժիմի դյուրացման ընթացակարգերի համար։ Այսինքն՝ նախքան պաշտոնապես վիզայի դյուրացման վերաբերյալ երկխոսելը, տվյալ երկիրը կարող է իրականացնել որոշակի քայլեր։ Դա կհեշտացնի պաշտոնական ճանապարհով այդ ամենին հասնելու գործընթացը»։
Խոսելով ՀՀ ընտրական նոր օրենսգրքի մասին՝ Մ. Քիսլերը շեշտեց, որ փաստաթղթի շուրջ ընդդիմության եւ իշխանության կողմից ընդհանուր հայտարարի գալը խիստ կարեւոր քայլ էր։ Նա հիշեցրեց, որ օրենսգրքի շուրջ տեղի ունեցան բավական ակտիվ քննարկումներ, որոնց ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել. «Ինձ համար զարմանալի էր, որ արդյունքում բավական լայն համաձայնություն ձեւավորվեց կառավարության եւ ընդդիմադիր դաշտի մեծ թվով կուսակցությունների միջեւ։ Կարծում եմ՝ մեծ առաջընթաց է հատկապես ստորագրված ընտրացուցակների հրապարակման կետի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Նոր Ընտրական օրենսգրքում առկա են կետեր, որոնք թույլ չեն տա հենց ընտրատեղամասում խախտումներ իրականացնել։ Մասնավորապես այն, որ ընտրողների նույնականացումը տեղի կունենա էլեկտրոնային միջոցներով»։
Գերմանական կողմը հույս ունի, որ կհաջողվի ֆինանսավորել ընտրատեղամասերում ընտրողների գրանցումն իրականացնելու մեխանիզմը ներդնելու գործընթացը։ Խոսքը, մասնավորապես, մատնահետք վերցնող էլեկտրոնային սարքերի մասին է, որոնց շնորհիվ ընտրողը երկրորդ անգամ քվեարկելու հնարավորություն չի ունենա։ Ներկայումս քննարկումներ են ընթանում գարնանը կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններում այս մեխանիզմը ներդնելու հարցի շուրջ։
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի հնարավորությունների ընդլայնման եւ շփման գծում պատահարները հետաքննող մեխանիզմների ներդրման վերաբերյալ հարցին ի պատասխան Հայաստանում ԳԴՀ դեսպանը շեշտեց, որ թեման կարեւոր է ոչ միայն ԵԱՀԿ գերմանական նախագահության, այլեւ անձամբ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի համար։ Մ. Քիսլերը վստահեցրեց, որ Գերմանիայի նախագահությունը մնացյալ ժամանակը կօգտագործի այս հարցում լիովին լուծումներ գտնելու ուղղությամբ։
Դեսպանն անդրադարձավ նաեւ հայ—թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու փորձը ցանկալի կլիներ։ Մ. Քիսլերի կարծիքով՝ երկու երկրները պետք է գործնական քայլեր ձեռնարկեն՝ ի նպաստ երկու ժողովուրդների, պետությունների մերձեցման, իսկ ստեղծված բարդ իրավիճակները չպետք է խոչընդոտեն նոր լուծումներ գտնելու, հարաբերությունները բարելավելու հարցում. «Նախորդ անգամ խոսվեց սահմանի բացման մասին։ Այսօր ես չեմ կարող ասել, թե դա որքանով է իրատեսական, սակայն որոշ խմբերի, օրինակ՝ միջազգային զբոսաշրջիկների համար սահմանը կարող է մասնակի բաց լինել։ Նաեւ գերմանական կողմը հնարավորություններ է ստեղծում հայ եւ թուրք քաղաքացիական հասարակությունների շփումների համար»։
Խոսելով Գերմանիայում դասագրքերում Հայոց ցեղասպանության թեման ներառելու մասին՝ դեսպանն ընդգծեց, որ ԳԴՀ կրթական ու մշակութային քաղաքականութունն իրականացվում է երկրամասերի մակարդակով։ Հետեւաբար, դպրոցական առարկաների հարցը որոշում է երկրամասային նախարարությունը. «Ինչպես գիտեք, արդեն Սաքսոնիա—Անհալթ երկարամասը մանկավարժների համար հրատարակել է ուսումնական ձեռնարկ այն մասին, թե ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման պատմություն առարկայի շրջանակում։ Այսինքն՝ արդեն իսկ մեկ երկրամասը կատարել է այդ քայլը, պետք է սպասել մյուս երկրամասերի արձագանքին»։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 117 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019