«Եվրանեսթ» ԽՎ—ում Հայաստանի պատվիրակությունը կարողացել է արդարացնել իրեն՝ թույլ չտալով հակահայկական ձեւակերպումներ՝ չնայած այն բանին, որ Բաքվի ուրվականը մշտապես այլ երկրների պատվիրակների միջոցով ներկա է եղել։
Թեպետ Ադրբեջանը հայտնել է «Եվրանեսթ»—ից դուրս գալու մասին, եւ Բրյուսելում ադրբեջանցի պատգամավորներ չեն եղել, սակայն «օկուպացված տարածքների» մասին հայտարարությունները շարունակել են հնչել, ընդ որում, առանց կոնկրետացնելու։
«Կարելի է ենթադրել, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում շարունակվում է ադրբեջանական լոբբինգը»,–«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսում ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։ «Հանկարծ մոտենում է Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի կամ այլ պետության պատգամավորը եւ ընդհանուր հայտարարություններ անում օկուպացված տարածքների մասին։ Ընդ որում, չպարզաբանելով, թե ինչ տարածքներ։ Նման լղոզված ձեւակերպումները կարող են հետագայում օգտագործվել։ Եվ մենք մշտապես փորձել ենք դա հասցնել մեր գործընկերներին։ Արդյունքում եկանք կոնսենսուսի, որ Հայաստանի շահերը պետք է հարգել»,–նշեց նա։
Պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Արտաքին քաղաքականությունների եւ անվտանգության սպառնալիքների վերաբերյալ ԵՄ անդամ պետությունների եւ արեւելաեվրոպական գործընկեր երկրների ընդհանուր դիրքորոշումները» թեմայով զեկույցի նախագիծ, որը վերաբերել է Արեւելյան գործընկերության անդամ պետությունների եւ Եվրամիության ընդհանուր սպառնալիքներին եւ համատեղ քաղաքականության արդյունքում դրանց դիմագրավելուն։ Ըստ հայկական պատվիրակության ղեկավարի՝ նախագիծը շրջանառության ընթացքում հավաքել է 111 առաջարկ, այն պարունակել է Հայաստանի շահերին հակասող, վիճելի եւ հակահայկական ձեւակերպումներով դրույթներ. դրանք վերաբերել են Լեռնային Ղարաբաղի խնդրին, մասնավորապես Արեւելյան գործընկերության անդամ երկրներում առկա կոնֆլիկտներում գրավյալ տարածքներին, տարածքային ամբողջականության սկզբունքին, ռազմական ագրեսիային, զորքերի դուրսբերմանը։ Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ հայկական պատվիրակության միահամուռ աշխատանքի շնորհիվ բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, եւ վեհաժողովի կանոնակարգի համաձայն՝ հեղինակները հետ են վերցրել իրենց առաջարկները։ Արտակ Զաքարյանը նշեց, որ նիստերում ընդունված բոլոր զեկույցները բխում են Հայաստանի խորհրդարանական քաղաքական ուժերի ընդհանուր շահերից եւ դիրքորոշումներից, արտահայտում են ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքական մոտեցումները։
Նա նաեւ հայտնեց, որ սոցիալիստների կողմից եղել է ձեւակերպում, որը Թուրքիային կոչ է արել դերակատարում ունենալ ղարաբաղյան կոնֆլիկտում եւ նպաստել երկխոսությանը. «Իհարկե, սա կոմեդիայի ժանրից է, դա չէր կարող տեղի ունենալ. Բոլորն են դա հասկանում։ Այս ձեւակերպումը եւս քվեարկության արդյունքում չանցավ։ Այնուհետեւ մեզ համար ընդունելի տարբերակով ընդունվեց»։ Եղել են նաեւ այլ խնդիրներ, որոնք ուղիղ առնչություն չեն ունեցել ԼՂ հիմնահարցի հետ, բայց ռազմավարական գործընկեր ՌԴ—ի շահերի դեմ են եղել եւ անվտանգության խնդիրներից ելնելով՝ մեր պատվիրակները դեմ են քվեարկել. դրանց մի մասն անցել է, մի մասը՝ ոչ։
Պատվիրակության անդամները եւս մանրամասներ ներկայացրին լիագումար նիստի աշխատանքների վերաբերյալ, նաեւ՝ ամփոփեցին 2015 թ. վեհաժողովի շրջանակներում պատվիրակության կատարած աշխատանքները։
Պատվիրակության անդամները ներկայացրին հանձնաժողովների աշխատանքները եւ դրանցում տեղի ունեցած քննարկումները։
Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարինե Աճեմյանը նշեց, որ հանձնաժողովում քննարկվել է «Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ համագործակցությունը մասնագիտական որակավորումների, աշխատանքային փորձի եւ համալսարանի դիպլոմների ճանաչման գործընթացներում» թեմայով զեկույցի նախագիծ։ Այն վերաբերել է Բոլոնյան գործընթացին, մասնավորապես Արեւելյան գործընկերության երկրների ձեւաչափով համագործակցությանը, ուսանողների շարժունակությանը, դիպլոմների ճանաչմանը։ Նախագծից հայկական պատվիրակության հորդորով հանվել է ուկրաինական պատվիրակության երկու առաջարկ։ Տիկին Աճեմյանը տեղեկացրեց, որ այն ընդունվել է Հայաստանի համար ընդունելի տարբերակով։ Նույն հանձնաժողովի անդամ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ «Եվրանեսթ» ԽՎ—ում հայկական պատվիրակությունը, ինչպես միշտ, այս անգամ եւս աշխատել է կազմակերպված եւ իրականացրել է իր առջեւ դրված նպատակները եւ խնդիրները։
Հրանտ Բագրատյանը եւ Միքայել Մելքումյանը նշեցին, որ Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «ԵՄ ֆինանսական բազմամյա աջակցության հեռանկարները եւ դրանց ազդեցությունը Արեւելյան գործընկերության երկրների տնտեսական համագործակցության վրա» թեմայով զեկույցի նախագիծ։ Խոսելով փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը վերաբերող հարցերից՝ Հրանտ Բագրատյանը տեղեկացրեց, որ թեմայի վերաբերյալ ներկայացրել է ընդգրկուն եւ համակողմանի վերլուծությամբ զեկույց։ Պատգամավորները գոհունակությամբ նշեցին, որ պատվիրակությունը կանխել է բանաձեւերում հակահայկական ձեւակերպումների ներառումը։
Միքայել Մելքումյանն անդրադարձավ «Այլընտրանքային գազի ոլորտում քաղաքականության մշակումը եւ պոտենցիալ ազդեցությունը ԵՄ—ի եւ Արեւելյան գործընկերության երկրների էներգետիկ շուկաների վրա» թեմայով զեկույցի նախագծին, խոսեց հանձնաժողովում հայկական պատվիրակության առաջիկա անելիքների մասին։
Մհեր Շահգելդյանը կարեւորեց ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական վեհաժողովների միջեւ տեսակետների եւ կարծիքների փոխանակման ընդհանուր հարթակի ձեւավորումը։
Թեւան Պողոսյանը Հայաստանի համար մեծ հաջողություն է համարում այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խնդիրներն այլեւս չեն քննարկվելու «Եվրանեսթ» ԽՎ—ում. նա ընդգծեց, որ դրա համար կա առանձին ձեւաչափ՝ այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ըստ պատգամավորի՝ կառույցում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գործընթացին վնասող որեւէ ձեւակերպում չի դառնալու քննարկման թեմա։
Պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ «Եվրանեսթ» ԽՎ հաջորդ լիագումար նիստը տեղի կունենա Կիեւում, իսկ Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի մշտական հանձնաժողովի հաջորդ նիստը հայկական պատվիրակության առաջարկով կանցկացվի հաջորդ տարվա աշնանը՝ Երեւանում։
Ի դեպ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների հետ միասին գտնվում էր Բրյուսելում՝ մասնակցելու «Եվրանեսթին» զուգահեռ ընթացող կանանց ֆորումին։ Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ հիմնադիր ֆորումին պետք է մասնակցեին մեկ անդամ պատվիրակությունից եւ մեկ պատգամավոր, ով «Եվրանեսթի» պատվիրակության անդամ չէր։ Նա ընդգծեց, որ Շ. Պետրոսյանը Եվրոպական խորհրդարանի հյուրն էր եւ այնտեղ էր մեկնել նրանց միջոցներով. «Եվ որոշվեց կանանց ֆորումին մասնակցելու համար հրավիրել Շուշան Պետրոսյանին։ Նա շատ հետաքրքիր ելույթ ունեցավ այդ ֆորումում, կանանց մասնակցությամբ սոցիալական նշանակություն ունեցող հարցեր քննարկվեցին։ Քննարկվեցին չճանաչված միավորումներում հասարակության մշակութային ազգային կրթական եւ սոցիալական կյանքին վերաբերող հարցեր»։
Կարինե Աճեմյանն էլ, որպես ֆորումի մասնակից, նշեց, որ թեպետ մթնոլորտը մի փոքր այն չէր, քանի որ հենց այդ օրն էին պայթյունները եղել, բոլորն անհանգստանում էին, բայց այդ ֆորմատով կանայք այսուհետ եւս կհավաքվեն եւ կքննարկեն հարցեր։
Հրանտ Բագրատյանն էլ անդրադարձավ TANAP նախագծին։ «Հայաստանը պիտի անդրանատոլիական գազամուղի շրջանակում իրանական գազի մատակարար դառնա,–ասաց նա եւ շարունակեց,–TANAP նախագիծն արժե 16 մլրդ դոլար։ Ադրբեջանն ու Թուրքմենստանը բավարար ծավալներ չունեն։ Այստեղ պետք է ներգրավվի Իրանը, այն էլ Հայաստանի տարածքով։ Եվ մենք կարող ենք այդ հարցը բարձրացնել ռուսական կողմի, այդ թվում՝ «Գազպրոմի» առաջ։ Կարող ենք ասել. «Մենք չենք ուզում մշտական փակուղում լինել։ Ուզում ենք տարանցիկ երկիր լինել, մտնել ծրագրի մեջ»,–ասաց Բագրատյանը։
Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ անհրաժեշտ է ենթակառուցվածքների զարգացման համար պայմաններ ստեղծել, որ Իրանն էլ շահագրգռված լինի։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|