Ներկայացնում ենք ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «BBC Newshour» լրատվականին, որում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: «Արմենպրեսին» այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից:
-Պարոն նախարար, առաջին հարցս վերաբերում է Ադրբեջանի կողմից այն մեղադրանքներին, որ Հայաստանի գործողություններն են հրահրել այս բախումը:
-Հայաստանը եւ Արցախը որեւ է շահագրգռվածություն կամ մտադրություն չունեն իրավիճակը սրելու: Մենք մերժել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորման տարբերակը: Ուստի` միանգամայն անընդունելի է այս մեղադրանքների խաղի մեջ մտնելը: Լեռնային Ղարաբաղի դեմ այս հարձակումը եւ լարվածությունը շարունակում են մնալ չափազանց բարձր:
-Երբ Դուք ասում եք, որ լարվածությունը բարձր է, արդյո՞ք դիտարկում եք լայնամասշտաբ պատերազմի վերածման հնարավոր տարբերակը:
-Մենք պետք է ներդնենք բոլոր հնարավոր ջանքերը դրանից խուսափելու համար, քանի որ դա կհանգեցնի ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանը, իսկ մենք մերժում ենք նմանօրինակ տարբերակը: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ մենք մերժում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական կարգավորման տարբերակը:
-Երբ ասում եք, որ մերժում եք ռազմական տարբերակը, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում դա ի ցույց դնելու համար:
-Այս պահին Արցախի պաշտպանական ուժերին ոչինչ չի մնում, քան պաշտպանվել, քանի որ այժմ նրանք հակադարձում են Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակումներին: Այս պահին առաջնային է ետ մղել ադրբեջանական ուժերի հարձակումները եւ պարտադրել նրանց վերադառնալ բանակցային սեղան:
-Հակամարտության վերջին բռնկման հետեւանքով քաղաքացիական անձինք են զոհվել: Դուք ընդունու՞մ եք, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս:
-Արցախն իրացնում է ինքնորոշման իր իրավունքը: Արցախը Հայաստանի պատմական տարածքն է: Արցախի հայ բնակչությունը զանգվածային խտրականության է ենթարկվել ամբողջ ժամանակահատվածում, երբ բոլշեւիկյան կառավարության որոշմամբ այն փոխանցվեց Ադրբեջանին:
-Այսպիսով՝ այդ հարցի պատասխանը ,ոչե է: Դուք չեք ընդունում, ինչպես ամբողջ աշխարհն է ընդունում, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս:
-Արցախի կարգավիճակը բանակցային փաթեթի առանցքային հարցերից մեկն է. կարեւորագույն խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի բանակցությունների եւ փոխզիջման միջոցով:
-Դուք պետք է, որ շատ անհանգստացած լինեք, որ սա կարող է վերածվել շատ վտանգավոր, լուրջ եւ միջնորդավորված պատերազմի: Թուրքիայի նախագահ Էրդողանը ոչ միայն աջակցում է Ադրբեջանին, այլեւ ասել է, որ հենց Հայաստանն է հանդիսանում տարածաշրջանում խաղաղության ամենամեծ սպառնալիքը:
-Նախագահ Էրդողանն ու Թուրքիան ամենաապակայունացնող գործոնն են եղել այս ամբողջ իրադրությունում: Թուրքիան արդյունավետ կերպով արտահանում է իր ազդեցությունը եւ իրականացնում ապակայունացնող քաղաքականություն, ինչին մենք ականատես ենք եղել Թուրքիայի ամբողջ հարեւանությամբ` Արեւելյան Միջերկրականից մինչեւ Մերձավոր Արեւելք: Նրանք, ըստ էության, այդ ապակայունացումն արտահանում են Հարավային Կովկասի տարածաշրջան: Մենք դա չենք ողջունում եւ մենք դա միանգամայն մերժում ենք:
-Միանգամայն պարզ է, որ Ադրբեջանի կառույցները եւ պաշտոնատար անձինք խիստ մտահոգված են Հայաստան ուղարկված ռուսական զենքի մեծ քանակով: Ռուսաստանն այժմ Հայաստանին սպառազինություն մատակարարո՞ւմ է:
-Հայաստանն անում է ամեն ինչ, որպեսզի լիովին ապահովված լինի իրեն պաշտպանելու բոլոր կարողություններով: Հայաստանն Արցախի անվտանգության միակ երաշխավորն է: Եվ մենք աշխատում ենք տարբեր գործընկերների հետ:
-Այսինքն, սա նշանակո՞ւմ է ,այոե, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանից զենք ստանալուն։
-Մենք աշխատում ենք բազմաթիվ միջազգային գործընկերների հետ` Հայաստանի պաշտպանության համար բավարար կարողություններով ապահովելու նպատակով: Եվ ուղղակի անհեթեթ է լսել այդպիսի մեղադրանքներ Ադրբեջանի կողմից, որը միլիարդներ է ծախսում զինվելու համար` ի ցույց դնելով այս հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու իր մտադրությունը:
-Որքանո՞վ եք մտահոգված, որ այս հակամարտությունում կարող է լինել թուրքական միջամտություն, թուրքական ֆիզիկական միջամտություն:
-Դա ավելի մեծ ռիսկ է, որը լիակատար աղետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար. դա ողջունելի չէ այս տարածաշրջանում:
-Եվ ինչպիսի՞ն կլիներ Ձեր պատասխանը, եթե դա պատահեր:
-Այդ դեպքում մեզ ոչինչ չի մնա, քան դեմ առ դեմ պայքարել թշնամու դեմ:
-Թշնամին Թուրքիա՞ն է։
-Եթե նրանք այդպես վարվեն։
-Եվ այդ համատեքստում, որքանո՞վ է Հայաստանը ապավինում Ռուսաստանին։
-Հայաստանն ապավինում է Ռուսաստանին, ապավինում է իր մյուս բոլոր գործընկերներին, որոնց հետ համագործակցում է պաշտպանական առումով։ Հայաստանն աշխատում է շատ այլ գործընկերների հետ։ Եվ նրանք պետք է հիշեցնեն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ընթանում է միջազգայնորեն ճանաչված ձեւաչափի՝ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության շրջանակներում, որը բաղկացած է Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից։ Եվ այս երկրներից յուրաքանչյուրն ունի շատ կարեւոր դերակատարություն՝ զսպելու ցանկացած լարվածության աճ, իրավիճակի ցանկացած վատթարացում։ Եվ մենք շատ սերտորեն աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ մասնավորապես, համանախագահող երկրների հետ։
-Ենթադրվում է, որ երբ 2018 թ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, նոր խթան պիտի հաղորդվեր տեւական ժամանակ փակուղի մտած խաղաղ բանակցություններին։ Եվ, այնուամենայնիվ, պարզվում է, որ նա որդեգրում է Ադրբեջանի հանդեպ նույն անզիջում դիրքորոշումը։
-Դեռեւս 2018 թ․ ամուր վճռականությամբ մենք ներգրավվել ենք բանակցային գործընթացում։ Այնուամենայնիվ, այն, ինչին շարունակում ենք բախվել Ադրբեջանի կողմից, վերջինիս առավելապաշտական դիրքորոշումն է, որում Արցախի եւ Հայաստանի շահերը եւ անվտանգության խնդիրները հիմնովին մերժվում են:
|