Երեկ Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100—ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք, ՀՄԸՄ—ի ղեկավարներ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը ՀՄԸՄ—ի բոլոր անդամներին ջերմորեն շնորհավորել է 100—ամյա հոբելյանի առթիվ եւ խորհրդանշական համարել, որ հոբելյանական միջոցառումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում կայացած դրամատիկ քաղաքական իրադարձությունների ժամանակաշրջանում. «Թույլ տվեք ասել, որ վերջերս Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ըստ էության կյանքի է կոչել Հոմենեթմենի կարգախոսը՝ բարձրացիր եւ բարձրացրու։ Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում. խեղճացած, կռացած քաղաքացին վեր կացավ, բարձրացավ եւ բարձրացրեց իրհայրենիքը, իր հայրենիքի անունը, իր կարգավիճակը սեփական հայրենիքում եւ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամուր կանգնած է իր ոտքերի վրա՝ ուղիղ ողնաշարով եւ հպարտ հայացքով։ Սա շատ կարեւոր ձեռքբերում է, բայց սա ամենը չէ, ինչին մենք ուզում ենք հասնել։ Մենք պետք է շարունակենք մեր ընդհանուր կարգախոսի իրականացումը եւ շարունակենք բարձրանալ ու բարձրացնել մեր հայրենիքը։ Բավարար չէ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսօր ամուր կանգնած է իր ոտքերի վրա բարձր եւ բարձրացրած իր երկրի, պետության հեղինակությունը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի քաղաքացին շարունակելու է իր ընթացքը, զարգացնելու է, ճախրելու է, թռչելու է մեր ազգային եւ պետական երազանքների մակարդակի։ Մենք այսօր բոլորին կոչ ենք անում, սիրելի հայրենակիցներ, եկեք միասին՝ ազգովի բարձրանանք եւ բարձրացնենք, մենք սփյուռքի մեր գործարարներին հրավիրում ենք Հայաստանի Հանրապետություն, որպեսզի նրանք իրենց հայրենիքում, բարձրանան եւ բարձրացնեն, բարձրանան՝ իրենց քաղաքացիական գիտակցությամբ, օրենքի առաջ իրենց ունեցած պարտավորության գիտակցությամբ եւ բարձրանան իրենց անձնական, թիմային, գործարար հաջողությունների բերումով։ Մենք այսօր Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի պետական ծառայողներին կոչ ենք անում, ասում ենք՝ բարձրացեք եւ բարձրացրեք մեր հայրենիքը, բարձրացեք ձեր ծառայության մեջ, ոչ թե անձնական շնորհների, ձեռքբերումների մեջ, այլ անձնական ծառայության մեջ մեր հայրենիքին եւ մեր ժողովրդին։ Եվ մենք ուզում ենք արձանագրել, որ մեզնից յուրաքանչյուրի բարձրանալն իր հետեւից պետք է բարձրացնի ուրիշներին, ոչ թե ցածրացնի, ոչ թե հուսահատության, հուսալքության եւ արտագաղթի անդունդը նետի մեր մյուս հայրենակիցներին։ Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը չափազանց կարեւոր դեր է ունեցել մեր ժողովրդի պատմության մեջ եւ շարունակում է ունենալ սկսած հայ ժողովրդի շրջանում մարմնամարզական, մարմնակրթական ավանդույթների սերմանումից, շարունակելով որբախնամ, հայապահպան առաքելությամբ։ Խորհրդանշական է, որ Կոստանդնուպոլսում հիմնված ՀՄԸՄ—ի 100—րդ տարեդարձը նշվում է անկախ եւ ազատ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում։ Սա խորհրդանշում է նաեւ ապագայի մասին մեր պատկերացումը։ Ինչպես ՀՄԸՄ—ն Կոստանդնուպոլսի տափաստաններից այս 100 տարվա ընթացքում բարձրացավ դեպի Հայաստանի Հանրապետություն, բառիս բուն եւ փոխաբերական իմաստով, այնպես էլ մենք հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցչի հրավիրում ենք բարձրանալ Հայաստան եւ բարձրացնել Հայաստանը։ Սա է այն առաքելությունը, որ մեզ միավորում է եւ այս առաքելության մեջ մենք անկասկած պետք է հաղթենք։ Եվ ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում են եւ ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում»։
Երեկ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման հարյուրամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայ մարմնակրթական ընդհանուր միության սիրելի անդամներ,
շնորհավորում եմ բոլորիս համահայկական պատանեկան հնագույն եւ ամենամեծ կառույցի հիմնադրման հարյուրամյա հոբելյանի առթիվ։
Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը ծնունդ առավ Պոլսում, փորձեց իր շուրջը համախմբել ու պահպանել Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված բեկորներին եւ դարձավ հայ կյանքում սկաուտական շարժման հիմնադիրն ու այդ գաղափարների տարածողը։
Միշտ հավատարիմ մնալով իր «Բարձրացի՛ր եւ բարձրացրո՛ւ» կարգախոսին՝ միությունն իր մեջ ուժ գտավ որպես հայապահպան գործոն ողջ հասակով բարձրանալու սփյուռքի հայ գաղութներում։ Ու նաեւ մեկ դար շարունակ հիրավի անգնահատելի աշխատանք կատարեց ֆիզիկական դաստիարակության ու հոգեւոր—մշակութային կրթության միջոցով հասարակական—քաղաքական ասպարեզ ազգային ինքնագիտակցություն ունեցող սերունդներ բարձրացնելու գործում։
Սիրելի՛ հոմենըթմենականներ,
առավել քան ուրախ եմ, որ միության հիմնադրման մեկդարյա հոբելյանը նման մեծ ընդգրկմամբ տոնում եք մայր հայրենիքում։ Այս օրերին բացակայելով Հայաստանից, ցավոք, չեմ կարող մասնակցել ձեր հանդիսություններին։
Ուստի, հեռվից կրկին շնորհավորում եմ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմադրման հարյուրերորդ տարեդարձի առթիվ։ Մաղթում եմ, որ կյանքում ձեզ միշտ ուղեկցեն սկաուտական պայծառ գաղափարները, գուցե հայրենիքից հեռու, բայց միշտ ապրեք հայրենիքի կյանքով եւ ավելի շատ համատեղ ծրագրեր իրականացնեք Հայաստանում ու Արցախում, ուր ձեզ սիրով սպասում են ձեր հարյուր հազարավոր տարեկիցները»։
|