ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 29.04.2024, 23:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Հոկտեմբեր » 10 » Ցեղասպանության սպառնալիքը կանգնեցնելու տարբերակը ԼՂ անկախությունը ճանաչելն է
11:27
Ցեղասպանության սպառնալիքը կանգնեցնելու տարբերակը ԼՂ անկախությունը ճանաչելն է

Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է ցեղասպանության սպառնալիքի տակ, ուuտի այս սպառնալիքը կանգնեցնելու տարբերակը միջազգային հանրության եւ եվրոպական երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իտալական «La Republica» թերթին տված հարցազրույցում։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել է. «Թուրքերի վերադարձը Հարավային Կովկաս նշանակում է մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերսկսումը, երբ Օսմանյան կայսրությունը կոտորեց 1,5 միլիոն մարդու»։ Նա հավելել է. «Թուրքիայի կողմից քաջալերված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան ահաբեկչական պատերազմ է ընդդեմ մի ժողովրդի, որը պայքարում է իր ազատության համար»։
-Պարոն վարչապետ, Դուք ռազմաճակատից վերադարձել եք ժամեր առաջ: Ի՞նչ իրավիճակ է այնտեղ:
-Ադրբեջանցիներն անխտիր ռմբակոծում են քաղաքներն ու գյուղերը՝ հարվածելով հատկապես քաղաքացիական բնակչությանը, որը ստիպված է լքել տները՝ պատսպարվելով ապաստարաններում: Ռազմաճակատում, մինչդեռ, ինտենսիվ մարտեր են, սակայն հայերը դիմադրում են եւ կարող եմ ասել, որ Ադրբեջանի բանակը ոչ մի ռազմավարական հաջողություն չունի: 
-Հաստատո՞ւմ եք Անկարայի ուղիղ ներգրավվածությունը:
-Կարծում եմ, որ դա արդեն ապացուցված փաստ է, եւ սա հիմնավորելու համար պետք է պարզապես նայել ուղղակի հրապարակային հայտարարությունները: Էլ չեմ ասում, որ Նյու Յորք Թայմսը երեկ հրապարակեց թուրքական F-16 ինքնաթիռների առկայությունը Գյանջայի օդանավակայանում: Մենք ահազանգում էինք այս ընթացքում, որ թուրքական F-16-երը ներգրավված են ռազմական գործողությունների մեջ եւ դա հերքվում էր, բայց, ի վերջո, փաստացի ապացուցվեց: Եվ նաեւ շատ կարեւոր է արձանագրել այն հրապարակային հայտարարությունները, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաններն անում են եւ արել են: Ես մի օրինակ նշեմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները եւ արտգործնախարարը հայտարարություն են անում, որ պետք է անհապաղ կրակի դադարեցում տեղի ունենա, Թուրքիան հայտարարում է, որ հույս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները: Եվ մյուս կողմից հայտարարում է, որ ինքն Ադրբեջանի կողքին է թե՜ դիվանագիտական դաշտում, թե՜ ռազմաճակատում:
-Ի՞նչ կասեք ճակատում գտնվող սիրիացի ահաբեկիչներից:
-Այսուհետ միջազգայնորեն ճանաչված է, որ Թուրքիան ադրբեջանցիներին օգնելու համար ջիհադիստներ է բերել Սիրիայից: Այս պատճառով է, որ մարտեր են ընթանում նաեւ ահաբեկչության դեմ, մի ռազմաճակատի երկայնքով, որտեղ քաղաքակրթությանը հակազդում է բարբարոսությունը: Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղն Անկարայի էքսպանսիոնիզմի վերջին խոչընդոտներն են եւ, եթե միջազգային հանրությունը շուտափույթ չմիջամտի, շուտով կտեսնի թուրքերին Վիեննայի դռների առջեւ, ինչպես եղավ 17-րդ դարում օսմանցիների հետ:
-Ի՞նչ եք ակնկալում միջազգային հանրությունից:
-Նախ եւ առաջ, ճանաչել, որ Լեռնային Ղարաբաղը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, ում զորքերը մեկ ամիս թուրքական զորքերի հետ վարժանքներ են անցկացրել: Պետք է գիտակցել այն վտանգը, որ ներկայացնում են ջիհադիստները, որոնք գտնվում են ռազմական գոտում: Եվ պետք է արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է ցեղասպանության սպառնալիքի ներքո, ուuտի այս սպառնալիքը կանգնեցնելու տարբերակը միջազգային հանրության եւ եվրոպական երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է:
-Արդյո՞ք Մոսկվան կմիջամտի առաջիկայում, այսպես ասենք, եթե Հայաստանը միջնորդի։ Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք պարոն Պուտինից։
-Ռուսաստանը որոշակի անվտանգային պայմանագրային պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ, որոնք պետք է գործեն որոշակի պայմաններում եւ որոշակի հանգամանքներում: Եվ համապատասխան հանգամանքների առաջացման դեպքում ես համոզված եմ, որ Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորություններն անվտանգային Հայաստանի նկատմամբ կկատարի: Ուզում եմ նշել նաեւ, որ Ռուսաստանը նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ ֆորմատն է, որի շրջանակում տեղի են ունենում Ղարաբաղի հարցի բանակցությունները: Եվ սա նույնպես պետք է հաշվի առնել: Եվ Ռուսաստանի Դաշնության նախագահը նույնպես երեկ հայտարարեց, որ Ռուսաստանն իր ունեցած անվտանգային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ կկատարի՝ նման անհրաժեշտություն ծագելու պարագայում:
-Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը նույն ազգը չե՞ն:
-Մենք էթնիկ առումով նույն ժողովուրդն ենք՝ ոչ մի տարբերություն չկա: Մենք խոսում ենք նույն լեզվով, դավանում ենք նույն կրոնը: Այսինքն՝ ոչ մի տարբերություն չկա Հայաստանում ապրող հայերի եւ Ղարաբաղում ապրող հայերի միջեւ:
-Լեռնային Ղարաբաղը գրեթե 30 տարի է ինչ անկախ է: Ինչո՞ւ աշխարհում որեւէ պետություն, Հայաստանը ներառյալ, այն չի ճանաչում:
-Հայաստանի պարագան ուրիշ է: Իհարկե, մենք քննարկում ենք այդ հնարավորությունը, բայց Հայաստանի ճանաչման պարագան միջազգային առումով շատ բան չի փոխի, որովհետեւ մենք դե ֆակտո ճանաչել ենք եւ հարաբերություններ ունենք: Միջազգային առումով եւ կոնֆլիկտի կարգավորման առումով այլ երկրների ճանաչումն է, որ կփոխի իրավիճակը: Սա է պատճառը, որ ես կարծում եմ՝ այս իրավիճակում, այս ահաբեկչական գրոհը կանգնեցնելու ամենա էֆեկտիվ դիվանագիտական միջոցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն է, անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից:
-Ի՞նչ է պատրաստ զիջել Լեռնային Ղարաբաղը:
-Լեռնային Ղարաբաղը միշտ ասել է, որ պատրաստ է փոխզիջման, սակայն Ադրբեջանը երբեք չի ցանկացել բանակցել: Վերջին անգամ 2014 թվականին է եղել, երբ Բաքուն հրաժարվեց ստորագրել խաղաղության հնարավոր պայմանագիրը, քանի որ դա կնշանակեր ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Բաքուն ցանկանում է նորից վերադառնալ 1991 թվականի անկախության պատերազմից առաջ եղած ստատուս քվոյին: 
-Չպետք է հեշտ լինի Ձեզ նման պացիֆիստի համար պատերազմական գոտի գնալ սաղավարտով եւ համազգեստով, քանի որ ասում եք, որ ներշնչվել եք Գանդիով, Մարտին Լյութեր Քինգով, Մանդելայով:
-Երբ կա ահաբեկչական հարձակում՝ ստիպված ես արձագանքել, եւ այսօր, Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է պաշտպանեն կյանքի իրենց իրավունքը: Անշուշտ, անհրաժեշտ է միջազգային հանրության ներգրավվածությունը, այլապես ջիհադիստական սպառնալիքը կտարածվի ամենուրեք, քանի որ վստահ եմ, որ ադրբեջանցիներն ի վիճակի չեն հսկել Անկարայի կողմից նրանց կցած իսլամիստներին: Մեր հետախուզական տվյալների համաձայն, երբ նրանք ժամանել են Ադրբեջան, նախ եւ առաջ, փորձել են արգելել ալկոհոլի վաճառքը եւ շարիաթի կանոններ մտցնել:
-Այս պատերազմը Ձեզ որպես անհատի է ներքաշել նաեւ:
-Այո, քանի որ որդիս, ով 20 տարեկան է, նոր մեկնել է ռազմաճակատ որպես կամավոր:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 468 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024