Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետի նախաձեռնությամբ մեկ անգամ եւս քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունը, որը հարուցել է տնտեսավարող սուբյեկտների մի մասի դժգոհությունը (առանձին)։
Կառավարությունը հաստատել է նիստի օրակարգը եւ ձեռնամուխ եղել հարցերի քննարկմանը։
ՀՀ տնտեսության վրա համաշխարհային տնտեսության վերջին ժամանակաշրջանի զարգացումների բացասական ազդեցությունը չեզոքացնելու նպատակով ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել արտարժութային կապիտալի ներհոսք ապահովելու նպատակով։ Օգտվելով միջազգային ֆինանսական շուկաներում ներկայումս ձեւավորված բարենպաստ միջավայրից, որը կարող է կարճաժամկետ լինել, գործադիրը նպատակահարմար է համարել արտարժութային պարտատոմսերի թողարկումը։ Այդ գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է ունենալ միջազգային իրավախորհրդատու եւ գլխավոր տեղաբաշխող, որը համակարգում է տեղաբաշխման գործընթացը, իրականացնում մարքեթինգային ռազմավարությունը, պատասխանատու է պարտատոմսերի տեղաբաշխման համար։ Կառավարությունը որոշել է միջազգային իրավախորհրդատուի եւ գլխավոր տեղաբաշխողի ծառայությունների գնումն իրականացնել բանակցային ընթացակարգով, ՀՀ ֆինանսների նախարարին լիազորել ՀՀ կառավարության անունից ստորագրել համապատասխան պայմանագրերը։ Ակնկալվող արդյունքը ՀՀ 2015թ. պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորումն է։ Հարցի առնչությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաշխարհային տնտեսության վերջին վայրիվերումները բնութագրել է իբրեւ տնտեսական պատերազմ եւ շեշտել, որ մեր երկիրը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի։ ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը քննարկել է երկրի տնտեսության դիմադրողականությունը եւ պաշտպանվածությունը մեծացնելու ուղիներ։ Արտահանումը խթանելու օրինագիծն արդեն իսկ ուղարկվել է Ազգային ժողով եւ կքննարկվի առաջին քառօրյայում։ Արտարժութային պարտատոմսերի թողարկումը պետք է դիտարկել միջազգային շուկաներից փող բերելու հնարավորության տեսակետից։ Գումար ներգրավելը ազդակ լինի, որպեսզի խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագրերի համար այլ ներդրողներ եւս ի հայտ գան։ Աշխատանքային խումբը ձեռնարկում է համաշխարհային տնտեսության տատանումից ծագող մարտահրավերները չեզոքացնելու այլ միջոցներ եւս։
Կանոնակարգվում են պետգնման համակարգի խնդիրները
Փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից երկուսում եւ ուժը կորցրած ճանաչելով եւս մեկը, գործադիրը կանոնակարգել է պետական գնումների համակարգում արձանագրված մի շարք խնդիրներ։ Մասնավորապես, սահմանվել են հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումներ կատարելու դեպքում մասնակիցների որոշման հետ կապված հարաբերությունները, նախատեսելով, որ հրավերը միաժամանակ ուղարկվում է առնվազն երեք մասնակցի եւ զուգահեռաբար հրապարակվում www.gnumner.am կայքում, մինչեւ 20 մլն դրամ գին ունեցող գնումները հնարավորինս կարճ ժամկետում մրցակցային սկզբունքով կազմակերպելու եւ անցկացնելու հնարավորությունը, սահմանափակվել է պայմանագիր կնքած անձի կողմից պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում վերջինիս նկատմամբ առանց որեւէ պատասխանատվություն կիրառելու հանգամանքի պայմանագիրը դադարեցնելու պատվիրատուի հնարավորությունը եւ այլն։ Սահմանվել է, որ որոշման պահանջները չեն տարածվում մինչեւ որոշումն ուժի մեջ մտնելը սկսած եւ չավարտած գնման գործարքների վրա։ Վարչապետի դիտարկմամբ, որոշումը շոշափում է ներկրողների եւ արտադրողների հարաբերությունները։ Փաստաթղթի մշակման գործում մեծ աշխատանք են կատարել ՀՀ ֆինանսների նախարարությունը եւ ՀՀ կառավարության աշխատակազմը։ Սակայն կան դեպքեր, երբ գնման մրցույթի հայտ են ներկայացնում մարդիկ, ովքեր ոչ ներկրում ունեն տվյալ ապրանքից, ոչ էլ արտադրություն։ Նրանք երրորդ, չորրորդ մարդկանցից գնում են ապրանքը երկու–երեք անգամ թանկ եւ մասնակցում մրցույթին։ «Դա հարկավոր է սահմանափակել,–ասել է վարչապետը։–Եթե մարդն այդ ապրանքից ոչ ներկրում է եւ ոչ էլ արտադրում, ի՞նչ իրավունք ունի մրցույթին մասնակցել»։ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է այդ գործընթացը եւ առաջարկել շահագրգիռ նախարարություններին վերստին քննարկել հարցը եւ անհրաժեշտության դեպքում այն կարգավորել կառավարության որոշմամբ։ «Սա պետք է լինի ամենաթափանցիկ եւ արդար գործընթացը, քանի որ դրանից մեծ դժգոհություն կա»,–հավելել է կառավարության ղեկավարը։ ՀՀ վարչապետը պատկան մարմիններին հանձնարարել է ուժեղացնել բնակչության իրազեկման աշխատանքը, քանի որ հաճախ գործն արվում է, սակայն հանրությունն անտեղյակ է։
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընտանեկան, սոցիալական նպաստները եւ հրատապ օգնությունը, մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման եւ վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության որոշմամբ, որի մեկ տարվա գործողության ընթացքում առաջացել է իրավակիրառական որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտություն։ Այդ որոշման մեջ գործադիրը կատարել է փոփոխություններ եւ լրացումներ, որոնցով օպտիմալացվում են նպաստների նշանակման եւ վճարման ընթացակարգերը, եւ ապահովվում է պետական նպաստների համակարգի բնականոն գործունեությունը։
Իր ընդունած հինգ որոշմամբ գործադիրը, ի կատարումն 2001թ. հունիսի 9–ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման եւ վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջների, լրացրել է Հայաստանի մարզերի եւ Երեւան քաղաքի աշխարհագրական օբյեկտների անվանումների ցանկը, որից կարող են օգտվել ցանկացողները։
Սահմանվել են վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ
Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալուց հետո Հայաստանում կգործեն ՀՀ եւ ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը, որոնց պահանջների վերահսկողությունն ապահովելու նպատակով կառավարությունը սահմանել է պետական վերահսկողություն իրականացնող մարմիններ։ Որոշմամբ այդպիսի մարմիններ են սահմանվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը։
Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ եւ Մաքսային միության համապատասխան համաձայնագրերով, կառավարությունը թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի եւ թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի եւ խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանման եւ երրորդ երկրներից ՀՀ տարածք ներմուծման մեկանգամյա արտոնագրի տրման լիազոր մարմին է ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2014թ. ուսումնասիրության արդյունքում Արմավիրի մարզի Աղավնատուն, Արեւադաշտ, Այգեկ, Նորապատ եւ Նորակերտ համայնքների խաղողի շուրջ 11 հա այգետարածքում հայտնաբերվել է բույսերի վնասակար օրգանիզմ համարվող որդալվիճ։ Դրա դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու նպատակով կառավարությունը հատկացրել է շուրջ 48 միլիոն դրամ։ Պայքարի միջոցառում կկիրառվի ավելի քան 9 հա այգիներում։ «Հարցը շատ կարեւոր է»,–շեշտել է ՀՀ վարչապետը եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարել անձամբ վերահսկել, որպեսզի հատկացված գումարը արդյունավետ ծախսվի եւ նպատակին ծառայի։
Ջրօգտագործողների ընկերություններում եւ ոռոգում–ջրառ իրականացնող կազմակերպություններում ոռոգման ոլորտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կառավարությունը հաստատել է այդ աշխատանքի 2015թ. ծրագիրը։
Այլ որոշումներ
Գործադիրը հաստատել է դիաբետոն (գլիկլազիդ) 60 մգ դեղի մրցակցային կարգով ձեռք բերելու արձանագրությունը, սահմանել, որ ՀՀ 2015–2019թթ. կարիքների համար ՀՀ առողջապահության նախարարությունը այդ դեղի գնումն իրականացնելու է ֆրանսիական ընկերությունից՝ 1 հաբը 0.06 եվրո (42.33 դրամ) գնով, ինչը զգալիորեն էժան է նախորդ տարիներին ներկրված խմբաքանակներից։ Նկատի է առնվել այն հանգամանքը, որ դիաբետոնի պահանջարկը տարեկան ավելանում է 10 եւ ավելի տոկոսով։ Այժմ մեր երկրում կա շաքարախտով հիվանդ 80 հազար մարդ։
ՀՀ կառավարությունն իր որոշմամբ անհետաձգելի է համարել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ եւս երեք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերը։
2015թ. օգոստոսի 2–13–ը համահայկական ամառային վեցերորդ խաղերը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե եւ հաստատվել դրա կազմը։ Կառավարության ղեկավարը նշել է, որ համահայկական խաղերն արդեն 16 տարվա պատմություն ունեն, անցկացվել են հինգ ամառային եւ մեկ ձմեռային նման միջոցառումներ։ Խաղերի հավուր պատշաճի կազմակերպումը վարչապետը հատկապես կարեւորել է Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի համատեքստում։
|