Կացնահարող հանրությունը չի կարող լավ պատերազմել «ՀՀ—ի կողմից ԼՂՀ—ի ճանաչումը չի կարող ավելացնել պատերազմի վտանգը, ամեն ինչ կախված է խնդրի ձեւակերպումից»,–երեկ տեսակետ է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Նա, սակայն, այն կարծիքին է, որ ճանաչմանը պետք է նախորդի որոշակի գործընթաց։ «Ես կողմ չեմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչի որպես անկախ, ինքնիշխան պետություն պարզապես միանգամյա ակտով, ինչպես ամեն անգամ խորհրդարանում օրինագիծ մտցնելը»։ Ազգային Ժողովը համապատասխան դիմում պետք է ներկայացնի կառավարությանը, որպեսզի գործադիրը նախապատրաստի Արցախի ճանաչման համար անհրաժեշտ քաղաքական, իրավական նախադրյալների հիմքեր, ինչպես նաեւ՝ ձեւավորի երկկողմ հանձնաժողով՝ Արցախ—Հայաստան քաղաքական հարթության վրա բոլոր անհրաժեշտ խնդիրները քննելու համար. «Ճանաչումից հետո Հայաստանը պետք է հստակեցնի Արցախի հետ իր պետական սահմանը, ինչպես նաեւ՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանից զորքերի ներկայության իրավական կողմը»։ Ա. Մելիքյանի խոսքով, Հայաստանը տարիներ շարունակ չի գնում ԼՂՀ անկախության ճանաչմանը, քանի որ ճանաչման միայնակ հեղինակը լինելու եւ միջազգային հանրության առջեւ անհարմար վիճակում հայտնվելու ցանկություն չունի։ Սակայն թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ հիմա Հայաստանը գործում է միջազգային կոնվենցիաներին համապատասխան, հետեւաբար Հայաստանին պիտակավորումից ազատելու հնարավորությունները քիչ չեն։ Ադրբեջանա—հունգարական գործարքին անդրադարձավ «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։ Նա Հունգարիայի վերաբերմունքը ցինիկ եւ անբարոյական որակեց եւ կարծիք հայտնեց, որ Հունգարիան ենթակա չէ արագ ներման։ «Անհրաժեշտ է ստեղծված իրողությունում ռացիոնալ գործել, ավելի ակտիվանալ տեղեկատվական գործողություններում ու միջազգային հանրությանը հասցնել այն փաստը, որ ԼՂՀ—ի Ադրբեջանի կազմում գտնվելու անհնարինությունը ոչ թե գաղափարներ են, այլ եղած իրողությունների հետեւանք»։ Այդ իրողությունները պետք է հաշվի առնվեն նաեւ բանակցային գործընթացում թեպետ, Գ. Հարությունյանի կարծիքով, բանակցությունները շուտափույթ չեն վերսկսվի։ Սաֆարովի արտահանձնումը բավականին բարդացրել է գործընթացը, նոր խնդիրներ են առաջացել, որոնք հարթելու ճանապարհներ պետք է որոնվեն եւ գտնվեն։ Բայց միեւնույն ժամանակ քաղաքագետը կարծում է, որ վերջին իրադարձությունները պատերազմի վերսկսման հավանականությունը չեն ավելացրել, ու պատմությունը ցույց է տվել, որ մարդ կացնահարող, կամ նման տրամադրվածություն ունեցող հասարակությունը լավ պատերազմող հանրություն չէ։ «Հարմար պահի Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը. խնդիրն այն է, թե ո՞րն է լինելու այդ պահը»,–այս կարծիքին է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ «Եթե մենք այսօր ճանաչենք Արցախի անկախությունը, ապա Ադրբեջանը կհայտարարի, թե սա Հայաստանի կողմից ապակառուցողական քայլ է եւ դուրս կգա բանակցային գործընթացից։ Քաղաքագետը չի կարողանում պատկերացնել, թե Սաֆարովի դեպքից հետո ինչի շուրջ պետք է ընթանան բանակցությունները։ Ես չեմ բացառում, որ կսկսվեն ռազմական գործողություններ, քանի որ Ադրբեջանը պատրվակ է փնտրում՝ ռազմական գործողություններ սկսելու համար»։ Բոզոյանի կարծիքով, անհրաժեշտ է կառուցել ուժեղ Հայաստան, լուծել ներքին խնդիրները եւ այդ դեպքում հնարավոր կլինի հանգիստ ձեւով ճանաչել ԼՂՀ անկախությունը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|