Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում երեկ տեղի է ունեցել Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամպի եւ Վլադիմիր Պուտինի այդքան սպասված առաջին պաշտոնական հանդիպումը։ Պայմանավորվածության համաձայն, Թրամպը եւ Պուտինը նախ զրուցել են դեմ առ դեմ՝ միայն թարգմանիչների ներկայությամբ, տեղեկացնում է «Ազատությունը»։ Ապա տեղի է ունեցել ընդլայված կազմով երկու պատվիրակությունների հանդիպումը, որին հաջորդել է հանդիսավոր ճաշը։ Դրանից հետո տեղի է ունեցել երկու ղեկավարների համատեղ ասուլիսը։
Վ. Պուտինը ասել է, որ կողմերը բաց եւ անկեղծ քննարկել են առկա խնդիրները։ Նրա փոխանցմամբ, այսօր նախանշվում են այն քայլերը, որոնք թույլ կտան վերականգնել երկու երկրների հարաբերությունները։
Պուտինն ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը ունեն հատուկ պատասխանատվություն աշխարհի առաջ, քանի որ միջուկային գերտերություններ են։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ կողմերը խոսել են Սիրիայի, Ուկրաինայի, միջուկային սպառազենի մասին, Կորեական թերակղզու զարգացումների եւ հրատապ այլ թեմաների մասին։ «Մենք ունենք տարաձայնություններ, բայց դրանք քննարկում ենք»,–ասել է Պուտինը։
Նախագահ Թրամպն ասել է, որ ԱՄՆ—ի համար չափազանց կարեւոր է Ռուսաստանի հետ բնականոն հարաբերությունների հաստատումը, քանի որ դա են ուզում Ամերիկայի ժողովուրդը, Ռուսաստանի ժողովուրդը եւ ամբողջ աշխարհը։
«Մենք հիմա առաջին քայլերն ենք անում դեպի պայծառ ապագա՝ հիմնվելով համագործակցության եւ խաղաղության արժեքների վրա։ Երկխոսություն հաստատելու փորձի մերժումը ոչ մի տեղ չի հասցնի»,–ասել է Թրամպը։
Ասուլիսի ընթացքում Թրամպը գովեստով է խոսել Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լավ անցկացնելու մասին, իսկ Պուտինն ԱՄՆ—ի ղեկավարին նվիրել է առաջնության գնդակը։
|