ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 13:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 5 » Համագործակցությունը պետք է խորացվի /Սա Հայաստանի եւ Ֆրանսիայի փոխադարձ ցանկությունն է/
16:14
Համագործակցությունը պետք է խորացվի /Սա Հայաստանի եւ Ֆրանսիայի փոխադարձ ցանկությունն է/

«Մեկնարկած տարվա կտրվածքով առնվազն երեք նշանակալի իրադարձություն ունենք»,–երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն։ Նրա խոսքով, առաջինը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է. «Հստակ է, պարզից էլ պարզ, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24—ին լինելու է Հայաստանում։ Դա բոլորովին վերջերս Օլանդը վերահաստատեց»։ Երկրորդը՝ 4 ամսից Ռիգայում նախատեսված ԵՄ—ի եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում ներգրավված երկրների մասնակցությամբ գագաթնաժողովն է, որի ընթացքում առավել կհստակեցվեն այն առանցքները, որոնցով պետք է զարգանան Հայաստան—ԵՄ հարաբերությունները։ 
Ռիգայի գագաթնաժողովի շուրջ այս պահի դրությամբ աշխատանքներ են տարվում։ Աշխատում են նաեւ այն փաստաթղթի վրա, որի հիման վրա հետագայում պետք է կառուցվեն Հայաստան—Եվրամիություն հարաբերությունները. «Բնականաբար ԵՄ կենտրոնակայանը Բրյուսելում, ԵՄ—ի հայաստանյան ներկայացուցչությունը, Հայաստանում հավատարմագրված համապատասխան կառույցները աշխատում են փաստաթղթի վրա։ Փորձագետների մակարդակով բազում հանդիպումներ են տեղի ունեցել թե՛ Երեւանում եւ թե՛ Բրյուսելում։ Դեռեւս սահմանված չէ, թե ինչ անվանում կունենա փաստաթուղթը։ Գուցե հայտարարություն կլինի, որով հստակ սահմանված կլինի, թե ինչ պայմանագրի, ինչ համաձայնագրի պետք է հանգենք, կամ կլինի մեկ այլ փաստաթուղթ։ Սակայն կա հստակ մոտեցում՝ Ռիգա գնալ առավել հստակ պատկերացումներով։ Հստակ պատկերացում երկուստեք։ Ասում եմ երկուստեք, քանի որ Հայաստանը ԵՄ—ի հետ իր համագործակցությունը շարունակելու ցանկության վերաբերյալ բազմիցս է հայտարարել»։
Նշանակալի իրադարձություններից երրորդը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովն է, որը տեղի կունենա հոկտեմբերի վերջերին եւ առաջին անգամ Հայաստանը, որպես Ֆրանկոֆոնիայի կազմակերպության լիիրավ անդամ, կհյուրընկալի նման համաժողով։
Դեսպանը երեք ամիս է, ինչ Հայաստանում է եւ արդեն հասցրել է հստակեցնել իր պատկերացումները Հայաստան—Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների վերաբերյալ. «Այս երեք ամիսների ընթացքում առիթ եմ ունեցել հանդիպելու ամենատարբեր ոլորտների ղեկավարների եւ քաղաքական, տնտեսական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, եւ բոլոր այդ հանդիպումների արդյունքում ինձ համար ավելի հստակ դարձավ այն նպատակը, որն ինքս ինձ համար նախանշել եմ. տնտեսական հարաբերությունների խորացումն ու ամրապնդումն իսկապես մեր երկրների միջեւ հարաբերությունների գերակա ուղղություններից մեկն են»։ 
Դեսպանը նկատեց, որ այսօրվա դրությամբ Հայաստան—Ֆրանսիա ապրանքաշրջանառությունն ընդամենը 50 միլիոն եվրո է. «Սա շատ համեստ ցուցանիշ է։ Կարծում եմ՝ հարկ է անհամեմատ ավելի մեծ ջանքեր ներդնել՝ գործադրելով այն գործիքները, որոնք մեր տրամադրության տակ ունենք»։ Որպես այդպիսի գործիք նա մատնանշեց Ֆրանսիայում գործող Հայ—ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատը. «Նկատի ունեմ նաեւ Հայաստանում հաստատված եւ գործող «Հայ—ֆրանսիական գործարարության ակումբը» (ՀՖԳԱ), որին անդամակցում են Հայաստանում հաստատված ֆրանսիական տնտեսավարող մի շարք ձեռնարկություններ»։ Դեսպանը հավելեց նաեւ, որ Հայաստանում սկսել է գործել մի նոր կառույց՝ «Ֆրանս—հայկական զարգացման» հիմնադրամը, որի նորանշանակ տնօրենին դեսպանը վերջերս է հանդիպել. «Արդեն ծրագրել ենք մայիսին Հայաստանում անցկացնել ֆրանսիական գործարարության շաբաթ՝ մասնակցությամբ նշված կառույցների»։ Շարպանտիեն ցանկություն հայտնեց, որ Հայաստանում կազմակերպվի երկրորդ գործարար համաժողովը։
Դիվանագետն անդրադարձավ նաեւ երկկողմ համագործակցությանը կրթության ոլորտում՝ նշելով, որ հարկ կլինի զարգացնել եւ էլ ավելի խորացնել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը. «Սա ոչ միայն գործուն, այլեւ շատ գրավիչ կրթօջախ է»։ Նա կարեւորեց նաեւ համալսարանից զատ ֆրանսերենի դասավանդումը՝ սկսած մանկապարտեզից, տարրական դպրոցից, ընդհուպ մինչեւ ֆրանսիական լիցեյ, որը տեղակայված է թիվ 119 ավագ դպրոցում։ 
Դեսպանը հիշատակեց նաեւ Զարգացման ֆրանսիական գործակալությունը, որ երկու տարի է, ինչ գործունեություն է ծավալում Հայաստանում։ Վերջինիս իրականացրած ծրագրերից է Վեդու ջրամբարի կառուցումը, որով լուծվում են ե՛ւ ոռոգման հետ կապված հարցեր, ե՛ւ գյուղատնտեսական նշանակության այլ խնդիրներ։ Շարպանտիեն նշեց, որ մինչեւ ընթացիկ տարվա ավարտը գործակալության կողմից Հայաստանում կատարված ներդրումները կանցնեն մեկ միլիոն եվրոյի շեմը, որը երկու տարվա գործունեության համար զգալի գումար է. «Համագործակցության հետ կապված մտքերը շատ են, ուղղակի անհրաժեշտ է լծվել դրանց իրականացմանը»։
Դեսպանի խոսքով Հայաստանի հետ համագործակցությունը ԵՏՄ—ին անդամակցությունից հետո չի տուժի. «Այսօրվա դրությամբ ես այդպիսի տպավորություն չունեմ։ Այսօրվա դրությամբ ես գոնե չեմ տեսել թվային արտահայտությամբ հաշվակներ կամ վերլուծություններ, որոնք պետք է խոչընդոտեին Հայաստան—Եվրամիություն հարաբերություններին»։ Դեսպանը հիշեցրեց, որ Հայաստանի արտաքին առեւտրի 29 տոկոսը կատարվում է Եվրամիության երկրների հետ, եւ դա փոքր թիվ չէ։


«Քարֆուրը» մարտին «կգա»
 

Աշխարհի 32 երկրում մոտ 15 հազար հիպերմարկետ, սուպերմարկետ եւ փոքր խանութներ ունեցող, աշխարհում մեծությամբ երկրորդ մանրածախ առեւտրի ցանց ֆրանսիական «Քարֆուրը» գարնանը իր ներկայությունը կապահովի նաեւ Երեւանում։
«Ֆրանսիական «Քարֆուր» առեւտրային ցանցի հայաստանյան առաջին սուպերմարկետը ամենայն հավանականությամբ կբացվի մարտի սկզբին»,–ասաց Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն։ Նախապատրաստական աշխատանքները վերջնական փուլում են. «Անդրադառնալով ապրանքատեսականու հարցին՝ ասեմ, որ «Քարֆուրի» մոտեցումը հետեւյալն է. այս կամ այն երկրում հաստատվելուց հետո այն հակված է աշխատել տեղացի արտադրողների հետ։ Այս մոտեցումը, բնականաբար, չի կարող իր ազդեցությունը չթողնել առաջարկ—սպառող հարաբերությունների վրա»։ Անդրադառնալով այն սննդատեսակներին, որոնք «Քարֆուրը» կներկայացնի իր հաճախորդներին՝ Ֆրանսիայի դեսպանը նշեց, որ դրանք շատ յուրահատուկ գյուղմթերքներ են։ «Դրանք ոչ թե թերի մշակված կամ ոչ լրիվ մշակված ապրանքատեսակներ են, այլ պատրաստի մթերքներ, ինչպես օրինակ, գինիների կամ հալած պանիրների տեսականի։ Լինելով հատուկ գյուղատնտեսական մթերքներ, բնականաբար, դրանք մրցակցությունից դուրս են եւ ունեն հատուկ սպառողներ։ Այսպիսին է «Քարֆուրի» մոտեցումը»,– ասաց դիվանագետը՝ հավելելով, որ այն ունի հստակ իր առնելիքն իմացող հաճախորդ։


Ֆանատիզմի վտանգը  չի վերացել
 

Փարիզում «Շառլի Էբդո»—ի խմբագրատան վրա հարձակումը, որի հետեւանքով զոհվեց 16 մարդ, ուղղված էր ոչ միայն Ֆրանսիային։
«Ես պարզապես ուզում եմ ասել, որ այդ սահմռկեցուցիչ, տմարդի բռնարարքի հիմքում որպես թիրախ ընտրված էր ոչ միայն Ֆրանսիան, այլեւ կարծիք հայտնելու, արտահայտվելու ազատությունները»,–ասաց Ֆրանսիայի դեսպանը։ Այդ արժեքները շատ թանկ են Ֆրանսիայի համար, թերեւս դա էր պատճառը, որ այն հուզական շոկը, որ պատուհասեց Ֆրանսիային, շատ ավելի ծավալուն մասշտաբների հասավ՝ դուրս գալով երկրի սահմաններից։ Ֆրանսիայի հետ համերաշխության երթին ֆրանսիացիներին սատարեցին ամենատարբեր երկրների պաշտոնատար անձինք. Հայաստանից՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Դեսպանը երախտիքի խոսքեր ասաց Ֆրանսիայի համար այդ ծանր պահին իրենց կողքին գտնվողների հասցեին։
Նա ցավով նշեց, որ կրոնական հողի վրա ֆանատիզմի դրսեւորման վտանգը պահպանվում է Ֆրանսիայում եւ նրա սահմաններից դուրս։ Այդ է պատճառը, որ ֆրանսիական իշխանությունները որոշում են կայացրել ավելի վճռականորեն հանդես գալ ահաբեկչության դեմ պայքարում՝ այն ընդլայնելով ու տարածելով Ֆրանսիայի սահմաններից դուրս։ «Համընդհանուր ժողովրդավարական արժեքներն ավելի քան երբեւէ արդիական են եւ նշանակալի,–ասաց Շարպանտիեն։–Ինքներդ տեսաք, որ «Շառլի Էբդոն» մոռացության չմատնվեց։ Մենք բնականաբար մեր գոհունակությունն ենք հայտնում այս առիթով։ Դրանով հաստատվեց մամուլի ազատություն սկզբունքը»։ Այս ամենին սատարեց հասարակությունը. «Իրողության մեսիջն այն էր, որ լրագրողները չեն թողնելու ահաբեկիչներին իրենց ծնկի բերել։ Սա շատ ծանրակշիռ եւ խոր իմաստ ունեցող ուղերձ էր լրագրողների կողմից»։
Կրոնական տարբեր ուղղվածությունների տեր մարդկանց համատեղ գոյատեւելու հարցի վերաբերյալ էլ ասաց, որ Ֆրանսիայում բնակչության որոշակի խավերում, բնականաբար, կան հակակրոնական միտումներ։ Բայց Ֆրանսիայի ավանդական դիրքորոշումն աշխարհիկությունն է, որն ասում է՝ պետության լիարժեք չեզոքություն կրոնական ցանկացած կառույցի կամ դրսեւորման նկատմամբ։ Այստեղից հետեւություն՝ կրոնին առնչվող ցանկացած իրողություն հասարակության առանձին ներկայացուցիչներին վերապահված հարց է։ Սա այն դիրքորոշումն է, որը մեծամասամբ ընկալվում է, ընդունվում է եւ որդեգրել է ֆրանսիական հասարակությունը։
Վերջին տարիներին Ֆրանսիան շատ է փոխվել. ճիշտ այնպես, ինչպես ողջ աշխարհը։ Շատ են ներգաղթյալները, ներգաղթած ընտանիքների հետնորդները, սերունդները, որոնց կրոնափիլիսոփայական ավանդույթները, բնականաբար, տարբեր են։ Բայց աշխարհիկության սկզբունքներից մեկն էլ այն է, որ կարողանա պաշտպանել նմանատիպ դրսեւորումներից։ Հղում կատարելով խաղաղության երթին, նշեց, որ դա հանդուրժողականության լավագույն դրսեւորումն էր, որին տարբեր խավեր ներկայացնող մարդիկ էին մասնակցում։
Իսկ թե միջադեպը ինչ հետեւանքներ կունենա միգրացիոն քաղաքականության վրա,  դեսպանն ասաց, որ երկրում այժմ կատարելագործվում է սահմանային վերահսկողությունը. «Արդեն իսկ սահմաններին ավելի խստացված, աչալուրջ մոտեցում կա այն մարդկանց նկատմամբ, ովքեր ոչ այնքան բարի մտադրություններով են ցանկանում հայտնվել Ֆրանսիայի տարածքում»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 401 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024