Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչների հետ Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ վճռաբեկ դատարանում աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012—2016թթ. միջոցառումների ծրագրի իրականացման հեռանկարի կապակցությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության խորհրդի անդամներ, բարձրագույն դատական ատյանի եւ դատական իշխանության այլ ներկայացուցիչներ։ Դատական իշխանության ներկայացուցիչներին ներկայացվել են հանրապետության ղեկավարի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմում ուսումնասիրված՝ վերջին հինգ տարում կարգապահական քաղաքականության իրականացման օրինաչափությունները, արձանագրված դրական եւ բացասական միտումները։ Նշվել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ Արդարադատության խորհրդի գործունեության մեջ նկատվում է որոշակի դրական միտում, որը նախեւառաջ կապված է կարգապահական քաղաքականության խստացման հետ։ Սակայն, այս փաստի արձանագրման հետ մեկտեղ, հատուկ ընդգծվել է, որ քննարկված քաղաքականության խստացումը ըստ էության կարող է դրական գնահատվել միայն այն դեպքում, երբ դրա հիմքում ընկած են իրավասու մարմնի գործունեության օբյեկտիվ, կանխատեսելի եւ միասնական չափանիշներ։ Այդ տեսանկյունից վերջին հինգ տարիների ընթացքում արձանագրված խնդիրները դարձել են քննարկման առարկա։ Աշխատանքային հանդիպման արդյունքներով առանձնացվել են ՀՀ Արդարադատության խորհրդի գործունեության հիմքում դրվելիք առանցքային դրույթները, որոնց կենսագործումը կերաշխավորի հասարակության առջեւ դատավորների հաշվետվողականության սկզբունքի իրացումը։ Դատական իշխանության ներկայացուցիչներին ուղղված իր խոսքում նախագահ Սերժ Սարգսյանը, ընդգծելով ս.թ. հունիսին հաստատված ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012—2016թթ. միջոցառումների ծրագրի որակյալ եւ սահմանված ժամկետներում կատարելու կարեւորությունը, նշել է, որ բարեփոխումների առանցքային նպատակներից մեկն էլ մեր հասարակությանը հուզող՝ դատավորների անկախության եւ հաշվետվողականության միաժամանակյա ապահովումն է։ Նախագահի խոսքով, այս գործում չափազանց կարեւոր է ՀՀ վճռաբեկ դատարանի, Դատական դեպարտամենտի եւ, իհարկե, ՀՀ Արդարադատության խորհրդի, հանդիպման մասնակիցներից յուրաքանչյուրի դերը։ «Յուրաքանչյուր իրավական պետություն, կարեւորելով դատական իշխանության անկախությունը՝ այն դիտարկում է նաեւ որպես հասարակության առջեւ պատասխանատվություն ստանձնելու, հաշվետու լինելու յուրօրինակ միջոց։ Մենք նույնպես քաջ գիտակցում ենք այդ անկախության արժեքը, սակայն պետք է հասկանանք նաեւ, որ բացարձակ անկախություն լինել չի կարող, հակառակ պարագայում՝ մենք մեր ձեռքով ուղղակի կստեղծենք անպատժելիության մթնոլորտ։ Սա բոլորի համար պետք է պարզ լինի։ Արդարադատություն իրականացնող անձի անպատժելիության յուրաքանչյուր փաստ ինքնին արժեզրկում է ե՛ւ նրա անկախությունը, ե՛ւ, բնականաբար, անաչառությունը։ Անհնար է հանրային վստահություն ակնկալել, եթե իշխանության մի ամբողջ ճյուղ իր ենթակառուցվածքներով թողնում է ինքնամփոփ եւ մեկուսացած կառույցի տպավորություն, որն ապրում եւ գործում է սեփական օրենքներով։ Թեեւ վերջին տարիներին այս կարծրատիպերը կոտրելու ուղղությամբ բավականին լուրջ եւ դրական հեռանկար ունեցող աշխատանքներ են կատարվել, այնուհանդերձ, ես գտնում եմ, որ դա բավարար չէ դատական իշխանության լիարժեք հաշվետվողականությունն ապահովելու համար։ Այլեւս անթույլատրելի է առկա խնդիրները բացատրել խորհրդային ժառանգությամբ կամ անցումային ժամանակաշրջանի դժվարություններով»,– ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը։ Դատական իշխանության ներկայացուցիչներին ուղղված խոսքում հանրապետության նախագահը նշել է, որ անհրաժեշտ է տեսնել սեփական թերությունները, չխուսափել դրանք բարձրաձայնելուց, նախաձեռնել անհրաժեշտ լուծումներ, ինչպես նաեւ ավելի մեծ ուշադրություն դարձնել դատական համակարգի թերությունները բացահայտող մեր քաղաքացիների բողոքներին։ «Շեշտադրում եմ հատկապես բարձրաձայնելու կարեւորությունը։ Ինչպես ասացի, դատական համակարգը ինքնաբավ փակ մարմին չէ. նրա դրական ներքին ձեռքբերումները պետք է հասանելի դառնան մեր հասարակությանը։ Ես ձեզ հորդորում եմ լինել բաց ու թափանցիկ։ Գտեք դրանք ներկայացնելու ու բացատրելու միջոցներ, եւ դուք անմիջապես կտեսնեք դրական արդյունքները։ Դատական համակարգի հաջողության գրավականը կատարելիությունը չէ, այդպես չի էլ լինում։ Բոլոր երկրներում, բոլոր համակարգերում լինում են սխալներ, թերություններ։ Դատական համակարգի հաջողության գրավականը հասարակական վստահությունն է։ Այդ վստահությունն ունակ է միանգամից մի քանի քայլ վերեւ բարձրացնելու ողջ համակարգը, բազմապատկելու ձեր հաջողությունները, առաջ մղելու բարի յուրաքանչյուր նախաձեռնություն եւ, ինչու չէ, կասեցնելու խոցելի գաղափարները։ Իսկ հասարակական վստահություն, դուք շատ լավ գիտեք, որ հնարավոր է ձեռք բերել նախ՝ ձեւավորելով միասնական դատական պրակտիկա, եւ երկրորդ՝ ոչ խտրական կարգապահական պրակտիկա իրականացնելու միջոցով։ Այսինքն, առկա խնդիրների լուծման ճանապարհին առաջնային նշանակություն է ստանում ձեր կողմից իրականացվող կարգապահական պրակտիկան, որը պետք է հստակ նախանշի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու օբյեկտիվ չափանիշները։ Դատական համակարգը չպետք է հանդուրժի օրենքի ուղղակի եւ չարամիտ խախտումները, անձի իրավունքների կոպիտ ոտնահարումները եւ, իհարկե, դրանք թույլ տված անձանց։ Կարծում եմ, որ այս առումով հատկապես կարեւորվում են բարձրագույն դատական ատյանի դերն ու նշանակությունը։ Կարգապահական եւ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության անխուսափելիությունը պետք է ապահովվի միասնական եւ ոչ խտրական չափանիշներով։ Համակարգում չպետք է լինեն արտոնյալներ։ Եվ այժմ եկել է կոնկրետ քայլեր, գործողություններ կատարելու ժամանակը։ Բայց նաեւ հարկ եմ համարում հիշեցնել, որ մենք չպետք է «վհուկների որս» սկսենք համակարգում։ Խոսքը համակարգային փոփոխությունների, ամենօրյա աշխատանքի մասին է։ Իրավական եւ դատական բարեփոխումների ծրագիրը ձեզ համար նոր չափանիշներով նոր գործելակերպի նախասկիզբ պետք է հանդիսանա։ Ձեր գործունեությունն արդեն այսօր պետք է համահունչ եւ համընթաց լինի բարեփոխումների ընթացքին»,–ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը դատական իշխանության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ։
|