Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի՝ նորահայտ մարտահրավերների հարցերով փոխտեղակալ Ջեյմի Շեային, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան—ՆԱՏՕ համագործակցության ընթացքն ու հեռանկարները։ ՆԱՏՕ—ի ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանում եւ Կոսովոյում ՆԱՏՕ—ի ղեկավարած միջազգային առաքելություններին։ Կողմերն արդյունավետ են գնահատել պաշտպանական բարեփոխումների, պաշտպանական կրթության եւ վարժանքների, բարեվարքության եւ այլ բնագավառներում իրականացվող համագործակցությունն ու ՆԱՏՕ—ի խորհրդատվական աջակցությունը։ Կարեւորվել է քաղաքական երկխոսության ձեւաչափերի հետագա օգտագործումը Անհատական գործընկերության գործողությունների նոր ծրագրի մշակման նպատակով։
Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։