ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 13 » Հայաստանը կշարունակի նպաստել միջազգային անվտանգությանը
12:10
Հայաստանը կշարունակի նպաստել միջազգային անվտանգությանը

Ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ—ի գագաթնաժողովում ունեցած ելույթում

Հարգարժա՛ն վարչապետ Միշել,
Հարգարժա՛ն նախագահ Գանի,
Հարգարժա՛ն գլխավոր քարտուղար,
Հարգելի՛ գործընկերներ,
Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Միշելին ջերմ հյուրընկալության համար։ Աֆղանստանում խաղաղության եւ կայունության միջազգային ջանքերին նվիրված այս միջոցառմանը մասնակցելն ինձ համար պատվաբեր է։
Խաղաղությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն կայուն զարգացման համար. այդպիսին են նաեւ ժողովրդավարությունն ու ազատ շուկայական տնտեսությունը։ Ինչպես գիտեք, Հայաստանը վերջերս ձեռնամուխ է եղել կտրուկ փոփոխությունների՝ իր ժողովրդավարական ապագան կերտելու նպատակով։
Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակը Հայաստանի հասարակության հասունության հստակ դրսեւորումն էր, մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին նրա հանձնառության գրավականը։
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Այսօրվա հավաքը վերստին կարեւորում է միջազգային անվտանգության խնդիրները եւ այդ հարցում առկա կոլեկտիվ մոտեցումը պահպանելու անհրաժեշտությունը։ Մեզ բոլորիս համախմբում է ամուր հավատն ու պատրաստակամությունը՝ խաղաղություն, անվտանգություն եւ կայունություն բերելու Աֆղանստանի բարեկամ ժողովրդին։
Մենք բարձր ենք գնահատում Աֆղանստանի կառավարության՝ պետականաշինության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու ջանքերը։ Դա հնարավոր չէր լինի առանց Աֆղանստանի ժողովրդի, բանակի եւ անվտանգության ուժերի անմնացորդ նվիրվածության եւ զոհողության։ Այնուամենայնիվ, դեռեւս շատ անելիքներ կան, որպեսզի առաջընթացն անշրջելի դառնա։
Որպես կոլեկտիվ անվտանգության ջատագով, Հայաստանը կշարունակի նպաստել միջազգային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ջանքերին։
Խաղաղ գործընթացը պահանջում է կառուցողական մոտեցում եւ բոլոր կողմերի դիրքորոշումների քննարկում։ Հետեւաբար, մենք պետք է համախմբենք միջազգային հանրության ջանքերը բացառապես խաղաղ կարգավորման հասնելու համար, ինչն անչափ կարեւոր է եվրոպական անվտանգության համար ընդհանուր առմամբ։
2010 թվականից ի վեր Հայաստանը նպաստել է Աֆղանստանում ՆԱՏՕ—ի կողմից իրականացվող խաղաղության հաստատման գործողությանը, նախ՝ «Միջազգային անվտանգության աջակցության ուժեր» գործողության (ISAF), այնուհետեւ՝ «Վճռական աջակցություն առաքելության» շրջանակներում։ Մենք գնահատում ենք արդյունավետ համագործակցությունը Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ, ինչը, իմ կարծիքով, ՆԱՏՕ—ի անդամ եւ գործընկեր պետությունների միջեւ գործընկերության լավագույն եւ ամենավառ օրինակներից է։
Մենք պատրաստ ենք շարունակել մեր ներգրավվածությունն առաքելությանը մինչեւ 130 հոգանոց զորախմբով։ Մենք նաեւ հայտնել ենք մեր պատրաստակամությունը՝ մասնակցելու ՆԱՏՕ—ի «Կայուն գործընկերության առաքելությանը», երբ այն գա փոխարինելու «Կայուն աջակցություն առաքելությանը»։
Հայաստանը կշարունակի աջակցել Աֆղանստանի գլխավորությամբ եւ Աֆղանստանի մասնակցությամբ իրականացվող ներառական խաղաղության գործընթացին։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ մենք կշարունակենք աջակցել բարեկամական Աֆղանստանում համակողմանի խաղաղություն, բարգավաճում եւ կայունություն հաստատելուն միտված միջազգային ջանքերին։
Քանի որ խոսք գնաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ստիպված եմ անդրադառնալ նաեւ այդ հիմնախնդրի կարգավորմանը, չնայած համարում եմ, որ այս հարցն անհամատեղելի է սույն քննարկումների ձեւաչափի հետ, քանի որ այս հավաքը միանգամայն այլ նպատակներ է հետապնդում։ ՆԱՏՕ—ն մշտապես եւ հետեւողականորեն հայտարարել է, որ այդ հակամարտության կարգավորման գործում որեւէ դերակատարություն չունի։
Այնուամենայնիվ, քանի որ հարցն արդեն բարձրացվել է, ես կցանկանայի հակիրճ մեկնաբանել եւ շտկումներ մտցնել արված հայտարարության համատեքստում։
Հայաստանը, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, վերահաստատում է իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով։ Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խաղաղության դեմ։
Վերջերս Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման եւ սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին։
Մենք վերահաստատում ենք ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարեւորությունը, մասնավորապես, Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերվածները, որոնք, ի թիվս այլոց, ուղղված են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը եւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 418 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024