ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 12:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 29 » Հայն ու Հայաստանը հաղթելու են /Տեղի ունեցավ Հայաստանի հանրապետական կուսակցության 16—րդ համագումարը/
14:44
Հայն ու Հայաստանը հաղթելու են /Տեղի ունեցավ Հայաստանի հանրապետական կուսակցության 16—րդ համագումարը/

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 26—ին կայացավ Հայաստանի հանրապետական կուսակցության 16—րդ համագումարը՝ ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի նախագահությամբ։ Համագումարին մասնակցում էին 1712 պատվիրակ, 13 այլ կուսակցությունների, ինչպես նաեւ 60 հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, 220 հյուրեր։
Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը համագումարի մեկնարկին ներկայացրեց կուսակցության նախագահ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը։ Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել էր, որ Հայաստանին եւ Ռուսաստանին կապում է պատմական դարավոր բարեկամությունը։ Դ. Մեդվեդեւի խոսքով, Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն ավելի սերտ եւ նոր հնարավորություններ է բացել համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ. «Մեր երկու կուսակցությունները հատուկ ուշադրություն են դարձնում ինտեգրացիոն գործընթացներին, Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ու բարձրացմանը։ Նաեւ, Հայաստանն ու Ռուսաստանն ունեն սերտ գործակցություն առեւտրատնտեսական, ներդրումային ծրագրերի իրականացման, մշակութային համագործակցության բարձր մակարդակ, ինչին նպաստում է նաեւ ՀՀԿ եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների սերտ համագործակցությունը»։
Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլն իր տեսաուղերձում շեշտեց, որ հայ ժողովուրդն արժանի է ապրելու ժամանակակից, բարգավաճ եւ կայուն երկրում։ «Ցավոք, չեմ կարողացել ձեզ այսօր միանալ, սակայն ցանկանում եմ հասցեագրել իմ բարեկամական ուղերձը ՀՀԿ համագումարին, որը տեղի է ունենում այս կուսակցության եւ ձեր երկրի համար շատ կարեւոր պահի։ Այս ամռանը Հայաստանին մեծ վիշտ պատճառած բռնություններից հետո ձեր երկիրը կարիք ունի ուշքի գալու, ինչպես նաեւ նոր թափ հաղորդելու իր որդեգրած բարեփոխումների ճանապարհին դեպի Եվրոպա։ ՀՀԿ—ն այս գործընթացի հաջողության հիմնական դերակատարն է»,–մասնավորապես ընդգծեց Ժ. Դոլը։
Չինաստանի կոմունիստական կուսակցության ուղերձը ներկայացրեց Հայաստանում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլուն։ Շեշտելով, որ ՀՀԿ—ն Հայաստանի քաղաքական դաշտում մեծ դերակատարում ունի՝ նա նշեց, որ իր առաջնորդի հետ միասին ՀՀԿ—ն, որպես իշխող ուժ, կարեւոր դեր է կատարել եւ մեծ հաջողություններ է գրանցել երկրի զարգացման գործում։
«Այս տարիներին Չինաստանի կոմունիստական կուսակցությունն ու ՀՀԿ—ն սերտ հարաբերություններ են ունեցել՝ խորացնելով համագործակցությունն ու փոխվստահությունը։ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը հետագայում էլ պատրաստ է խորացնել հարաբերությունները ՀՀԿ—ի հետ՝ ներդրում ունենալով երկու երկրների զարգացման գործում։ Մաղթում ենք, որ ձեր կուսակցությունը հասնի նոր հաջողությունների»,— ասված էր ուղերձում։
Ուղերձներից հետո ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ներկայացրեց իր հաշվետու զեկույցը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրեց ՀՀԿ ծրագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, որն, ըստ նրա, ուղղված է կուսակցության պլատֆորմի եւ բովանդակության ուժեղացմանը՝ այն դարձնելով առավել գաղափարական։ Նա հիշեցրեց, որ ՀՀԿ նախորդ ծրագիրն ընդունվել է 2006թ., եւ անցած 10 տարիների ընթացքում կուսակցությունն իրեն դրսեւորել է որպես ազգային—պահպանողական քաղաքական ուժ՝ հիմք ընդունելով ազգային գաղափարախոսության Գարեգին Նժդեհի ուսմունքը։
«Ծրագրային առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են հետեւյալ հանգամանքներով. ՀՀ նոր Սահմանադրությամբ ամրագրվում է խորհրդարանական կառավարման համակարգում քաղաքական հիմնական դերակատարների՝ քաղաքական կուսակցությունների դերը, որոնց ներկայանալիության կարեւոր հանգամանք է կուսակցության ծրագիրը, գործունեության գաղափարական հիմքը։ Ծրագրային փոփոխություններով մենք ուժեղացնում ենք կուսակցության պլատֆորմը եւ բովանդակությունը՝ այն դարձնելով առավել գաղափարական»,–ասաց Ա. Աշոտյանը։
Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ կարիք կա նաեւ ավելի մանրամասնելու, հիմնավորելու, բացատրելու ազգային պահպանողականության հիմնական սկզբունքները եւ աշխարհայացքը, որպեսզի թե՛ մեր շարքային անդամների, թե՛ քաղաքացիների համար առավել հասկանալի լինեն կուսակցության պատկերացումները դավանած արժեքների ու սկզբունքների մասին։ Նրա խոսքով՝ կուսակցության ծրագիրը պարունակելու է նաեւ ոլորտային քաղաքականության դրույթներ եւ մոտեցումներ, որոնք վերջին 10 տարիների ընթացքում նոր ձեւակերպումների եւ մտքերի առարկա են դարձել, ուստի գործող ծրագրում նաեւ անհրաժեշտություն է առաջացել այդ նոր գաղափարներն ամրագրել ոլորտային քաղաքականությունների մեջ։
Ծրագրի ներկայացումից հետո կայացան ՀՀԿ նախագահի ընտրությունները. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստացավ ներկաների միաձայն վստահության քվեն։ Գործող նախագահի թեկնածությունն առաջադրեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ մատնանշելով Ս. Սարգսյանի քաղաքական հարուստ փորձը եւ կուսակցության անդամների մեծ վստահությունը նրա նկատմամբ։ ՀՀԿ նախագահի քվեարկությունն անցավ բաց ձեւաչափով։
Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ խոշարագույն քաղաքական կառույցի՝ ՀՀԿ նախագահի պաշտոնում իրեն վերընտրելու կապակցությամբ։
Հաստատվեցին նաեւ կուսակցության նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, կանոնադրությունում եւ ծրագրում կատարված փոփոխությունների ու լրացումների նախագծերը։ Այնուհետեւ կուսակցության գործադիր մարմնի ընտրությունների արդյունքներով ԳՄ կազմում ընդգրկվեց 21 անդամ։
Ներկայացնելով ՀՀԿ ԳՄ նոր կազմը՝ Ս. Սարգսյանը նկատեց, որ որոշակի փոփոխություններ կան նախորդ ԳՄ—ի համեմատ։ «Մենք լուծում ենք ԳՄ—ի թարմացման խնդիր, ձեռնամուխ ենք լինում լուծելու կանանց մասնակցության ավելացման հարցը, երիտասարդների ընդգրկմանը ԳՄ—ում։ Մենք աշխատելու ենք ավելի լավ, այլ ճանապարհ չունենք։ Մոտակա օրերին կկայանա նորընտիր ԳՄ—ի առաջին նիստը, որի ընթացքում, մեր կանոնադրության համաձայն, կձեւավորվի ՀՀԿ խորհրդի կազմը, որից հետո կգումարենք նաեւ խորհրդի անդրանիկ նիստը ՀՀԿ նախագահի տեղակալ ընտրելու, կուսակցության հանձնաժողովներ ձեւավորելու եւ հանձնաժողովների նախագահներ ընտրելու համար»,–հավելեց հանրապետության ղեկավարը։ 
«Սահմանադրական բարեփոխումներից հետո փոփոխության է ենթակա նաեւ «Կուսակցության մասին» օրենքը, որի նախագիծն այժմ ԱԺ—ում է, գտնվում է քննարկման փուլում»,—ներկայացնելով ՀՀԿ կանոնադրությունում առաջադրվող փոփոխությունները, լրացումները՝ ասաց կուսակցության գործադիր մարմնի անդամ, կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը։
Նրա խոսքով՝ ՀՀԿ—ն չի կարող անտեսել ժամանակի, քաղաքական իրավիճակի, օրենսդրական դաշտի հրամայականները, չի կարող իր գործունեությունը եւ այն կարգավորող ներքին փաստաթուղթը՝ կուսակցության կանոնադրությունը, չհամապատասխանեցնել այդ ամենին։
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգում Հանրապետականը ոչ միայն ղեկավարող ու կառավարող դիրք է գրավում, այլեւ վստահորեն առաջնորդում է հասարակական—քաղաքական կյանքը, նախանշում զարգացման ու առաջընթացի ծրագրեր։ Կուսակցությունը հանդես է գալիս 21—րդ դարի քաղաքական բնութագրիչներին համապատասխան եւ իրականացնում է պետականամետ եւ ազգային արժեքների գերակայության վրա հիմնված քաղաքականություն։
Նաղդալյանը նկատեց, որ հասարակական զարգացումները եւ Սահմանադրությունը նաեւ մնացած կուսակցություններին են հնարավորություններ տալիս գործելու. «Հանրապետականներս հավատում ենք, որ նրանք գալիք ընտրություններում կներկայացնեն հասարակության լայն շրջանակների, մարդկանց առանձին խմբերի շահերն ու նպատակները եւ կլինեն մեր արժանի մրցակիցները քաղաքական պայքարում՝ հանուն պետության զարգացման եւ ժողովրդի բարօրության»։
Նա նաեւ անդրադարձավ ՀՀԿ—ում ներգրավված կանանց գործունեությանը՝ վստահեցնելով, որ ՀՀԿ կանայք պատրաստ են քաղաքական եւ գաղափարական մրցապայքարի հանուն երկրի ապագայի։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ակտիվ գործունեություն է ծավալել ինչպես կուսակցական աշխատանքի, այնպես էլ միջազգային համագործակցության, հանրապետության ներքին կյանքին առնչվող ոլորտներում։ 
ՀՀԿ 16—րդ համագումարում ընդունվեց նաեւ կուսակցության բանաձեւը, որը ներկայացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

ՀՀԿ 16—րդ համագումարի բանաձեւը

ՀՀԿ–ն շարունակում է հետեւողական աշխատանքով քայլ առ քայլ ամրապնդել կուսակցական բարդ եւ բազմաշերտ համակարգը։ Շարունակական ջանքեր են ներդրվում կուսակցական մեխանիզմի արդյունավետության բարձրացման եւ արդիականացման ուղղությամբ։ Ավելացել է կուսակցության սկզբնական կազմակերպությունների թիվը։ Ընդարձակվել են ՀՀԿ կապերն արտաքին աշխարհում։ Աշխատանքներ են կատարվում կուսակցականների քաղաքական եւ գաղափարական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Հիմնադրվել եւ իր գործունեությունն է սկսել Անդրանիկ Մարգարյանի անունը կրող Հայաստանում առաջին կուսակցական քաղաքական դպրոցը։
2016–18 թվականները լինելու են շատ կարեւոր Հայաստանի համար՝ նոր Սահմանադրության դրույթները արդյունավետորեն կյանքի կոչելու տեսանկյունից։ Հանրապետականը պատրաստ է հստակ առաքելություն ստանձնել այս անցումային շրջանում, որպեսզի այն լինի հնարավորինս կայուն, սահուն եւ անցնցում։
Մեր բոլորի ուշադրության կենտրոնում է Հայաստանի տնտեսությունը, առկա բոլոր մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու եւ երկարաժամկետ սոցիալ–տնտեսական զարգացում ապահովելու գերակայությունը։ Մեզ հաջողվել է զարգացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք զսպանակի նման աշխատելով կարողանում են լրջորեն մեղմել արտաքին աշխարհից եկող ուժեղ բացասական ազդակները եւ չթողնել, որ դրանք վատթարացնեն մարդկանց եւ ընտանիքների կյանքը։ Վերանայելով մեր առաջնահերթությունները, սահմանափակելով ծախսերն ու ընդունելով պահպանողական բյուջե՝ կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացնել արտահանումը, հիմք դնել տնտեսական կայուն աճին։
Հայաստանը միջազգային հարաբերություններում շարունակում է հանդես գալ որպես պատասխանատու, հավասարակշռված, կանխատեսելի եւ վստահելի երկիր։ Մեր արտաքին քաղաքականության նպատակն ու միջազգային հարաբերություններում մեր ներգրավվածության բանաձեւը մեր գործընկերների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումն է, աշխարհում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը։
Կուսակցության դիրքորոշումն անփոփոխ է. ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ։ Այսօր ՀՀ ԶՈՒ ռազմատեխնիկական տեխնոլոգիական եւ կադրային արդիականացման միջոցով մենք ձեւավորում ենք ժամանակակից բանակ։ Վերջին շրջանում արդեն իսկ լրջորեն փոխվել են մեր բանակի դիմագիծն ու զինանոցը։ Վստահ եղեք, որ մեր բանակի արդիականացման համար մենք ոչինչ չենք խնայելու։ Մեր համընդհանուր նպատակադրումը հստակ է. Հայաստանի երկարաժամկետ սոցիալ–տնտեսական զարգացում եւ առաջ գնացող Հայաստանի շուրջ համայն հայության միավորում։ Հանրապետական կուսակցությունը համագործակցության համար բաց է բոլոր շահագրգիռ ու հայրենասեր ուժերի եւ անհատների համար եւ պատրաստ է աշխատել յուրաքանչյուրի հետ, ով ցանկանում է քարը դնել քարի վրա՝ մեր ընդհանուր տունը շենացնելու համար։ Համախմբելով մեր ժողովրդի մարդկային ներուժը եւ ինտելեկտուալ կարողությունները՝ մենք միասին ենք հաղթահարելու առկա դժվարությունները, որպեսզի հաղթեն հայն ու Հայաստանը։ Հայաստանը հաղթելու է։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 315 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024