ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 00:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Նոյեմբեր » 1 » Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն ընդունվեց /Որն ունի նաեւ պատմական արդարության վերականգնման ուղերձ/
12:32
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն ընդունվեց /Որն ունի նաեւ պատմական արդարության վերականգնման ուղերձ/

2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 405 կողմ եւ 11 դեմ ձայների համադրությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Այս քվեարկությունը մասշտաբային առումով աննախադեպ էր, ինչպես նաեւ աննախադեպ էր հանրապետականների եւ դեմոկրատների՝ միասնական ճակատով հանդես գալու առումով։ Որոշումը, իհարկե, նախ եւ առաջ քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված քայլ էր, սակայն ողջ աշխարհի հայության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքար մղած հանրության համար (դիվանագետներ, պատմաբաններ, լրագրողներ, քաղաքական գործիչներ, համաշխարհային ճանաչում ունեցող մտավորականներ եւ այլք) ակնհայտորեն ունի նաեւ պատմական արդարության վերականգնման ուղերձ։
Իհարկե, բանաձեւի ընդունումը տեղի ունեցավ թուրք—ամերիկյան լարված հարաբերությունների համատեքստում եւ օրգանական առումով շաղկապված է նաեւ նույն օրը ընդունված մեկ այլ բանաձեւի հետ, որով ԱՄՆ նախագահին կոչ է արվում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ կապված վերջինիս՝ Սիրիա ներխուժման հետ, սակայն, միանշանակորեն սա նաեւ հանուն արդարության, հանուն պատմական ճշմարտության վերականգնման շուրջ մեկդարյա պայքարի արդյունք էր, որի համար պետք է երախտիքի խոսք հղել ինչպես Հայ դատի համար պայքարող կազմակերպություններին, նրանց ներկայացուցիչներին, սփյուռքին, այնպես էլ ԱՄՆ խիզախ կոնգրեսականներին, անհատներին, որոնց օրակարգում մշտապես եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնահարցը։
Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը մի քանի անգամ պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ կողմից, ինչը նաեւ արձանագրված է հենց Ներկայացուցիչների պալատի բանաձեւում։ 1951 թ. մայիսի 28—ին «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի» վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարան ուղարկած գրավոր հայտարարության մեջ Միացյալ Նահանգների կառավարությունը 1915 թ. հայերի հետ տեղի ունեցած դեպքերը որակել էր որպես ցեղասպանության օրինակ։ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները 1975 թ. ապրիլի 8—ի N 148 եւ 1984 թ. սեպտեմբերի 10—ի N 247 համատեղ բանաձեւերի միջոցով առաջարկել էին ապրիլի 24—ը ճանաչել որպես «Մարդու կողմից մարդու հանդեպ անմարդկայնության հիշողության ազգային օր» եւ կոչ արել ԱՄՆ նախագահին այդ օրը որպես ցեղասպանությունների, հատկապես Հայոց ցեղասպանության զոհերի հիշողության օր հռչակել։ 1981 թ. ապրիլի 22—ին Հոլոքոստի հիշողության օրվան նվիրված N 4838 հռչակագրում նախագահ Ռոնալդ Ռեյգանը նշել է. «Ինչպես սրանից առաջ [Հոլոքոստից— ընդգծումը մերն է] Հայոց ցեղասպանությունը, այնպես էլ դրանից հետո Կամբոջիայի ցեղասպանությունը, նաեւ շատ տարբեր մարդկանց հանդեպ նմանատիպ բազմաթիվ հետապնդումները, Հոլոքոստի դասերը չպետք է մոռացվեն»։ Հիշեցնենք, որ ԱՄՆ 49 նահանգ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Երեկվա բանաձեւը, սակայն, փոքր—ինչ այլ բառապաշար ունի նախորդների համեմատ եւ հստակորեն նշում է Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքը, հանդես գալիս Հայոց ցեղասպանության ժխտման դեմ եւ կարեւորում կրթության եւ հանրային իրազեկման անհրաժեշտությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ մասնավորապես նշելով.
«Ներկայացուցիչների պալատի կարծիքով՝ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է՝
1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը՝ այն պաշտոնապես ճանաչելու եւ հիշատակելու միջոցով,
2) մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը Հայոց ցեղասպանության կամ որեւէ այլ ցեղասպանության ժխտմանը ներառելու, ներգրավելու կամ որեւէ այլ կերպ առնչելու բոլոր փորձերը, եւ
3) խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ մարդասիրական օգնության գործում Միացյալ Նահանգների դերի եւ ներկայումս իրականացվող մարդկության դեմ հանցագործությունների եւ Հայոց ցեղասպանության առնչությունների վերաբերյալ կրթությունը եւ հանրային իրազեկումը»։
Պաշտոնական Թուրքիան դեռ նախօրեին զգուշացրել էր Վաշինգտոնին, որ «կանխակալ» այս բանաձեւի ընդունումը կթունավորի թուրք—ամերիկյան հարաբերությունները եւ կվտանգի թուրքական ներդրումները ԱՄՆ—ում։ Բանաձեւի ընդունմանը հաջորդած իր գրառման մեջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն դատապարտել է բանաձեւը՝ այն որակելով «անիմաստ քաղաքական քայլ» եւ «պատմությունը վերափոխելու փորձ»։
Ըստ ամերիկյան օրենսդրության՝ օրենքի ուժ ստանալու համար բանաձեւը պետք է ընդունի նաեւ ԱՄՆ սենատը եւ հաստատվի ԱՄՆ նախագահի կողմից։ Սակայն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի այս բանաձեւը այսպես կոչված հասարակ բանաձեւ է (Simple Resolutions), որն ընդունվում է միայն Կոնգրեսի երկու պալատներից մեկի՝ տվյալ դեպքում Ներկայացուցիչների պալատի կողմից, արտահայտում է վերջինիս դիրքորոշումը եւ չի ներկայացվում մյուս պալատ կամ նախագահին։ Նման բանաձեւերը օրենքի ուժ չունեն։ hhpress.am

Էդիտա ԳԶՈՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 341 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024