Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերի հետ։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ–ԵՄ հարաբերությունների հեռանկարները Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների համատեքստում։
Ժան–Կլոդ Յունկերը նշել է, որ հայաստանյան զարգացումների խաղաղ ու ժողովրդավարական բնույթը ոգեւորել է իրենց, եւ պատրաստակամություն է հայտնել շարունակաբար աջակցելու մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախորդ բոլոր տարիներին ցուցաբերված աջակցության համար եւ հավաստիացրել, որ այսուհետ ԵՄ թեÕ ինստիտուցիոնալ, թե՛ ֆինանսական եւ թե՛ խորհրդատվական աջակցությունը կօգտագործվի առավել նպատակային։ «Հայաստանում արդեն շուրջ երկու ամիս տեւող հակակոռուպցիոն պայքարի շարունակականությունը մեր կառավարության հիմնական գերակայություններից է»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ–ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Վարչապետը նշել է, որ ՀՀ նոր կառավարության նպատակն է ամրապնդել ժողովրդավարության հաղթանակը, ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, եւ որ այս ճանապարհին Հայաստանը կարեւորում է ԵՄ աջակցությունը եւ պատրաստ է վերջինիս հետ սերտ համագործակցության։
Դոնալդ Տուսկը կարեւորել է ՀՀ–ԵՄ համագործակցության ծավալների ընդլայնումը եւ ողջունել Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած համազգային միավորումը։ «Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը։ Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ յուրահատուկ էր եւ, ասեմ Ձեզ, շատ եվրոպական։ Ձեր օրինակը շատ խոստումնալից էր, եւ կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին»,– ասել է Դոնալդ Տուսկը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված տարբեր հարցերի շուրջ։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո իրականացվող բանակցային գործընթացին, եւ ընդգծել, որ հակամարտությունը ռազմական տարբերակով լուծելու յուրաքանչյուր փորձ կլինի ոտնձգություն տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների դեմ։
«Հայաստանը, ինչպես ցանկացած այլ ժողովրդավարական երկիր, ձգտում է խաղաղության եւ անում է ամենը տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
|